Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրիկյանին չեն գնահատում

Սեպտեմբեր 10,2004 00:00

Սակայն «անկախության հեղինակը» համեստորեն հրաժարվում է պետական պարգեւներից

«Անկախության օր են նշում՝ իրենք իրենց են ցույց տալիս: Այ բարեկամ, այդ պայքարի ժամանակ դու եղել ես կոմունիստական նոմենկլատուրշչիկ, ու՞ր ես թփրտում: Բարոյականություն ունեցիր՝ ասա, որ գնահատում ես պայքարը, որը քեզ դարձրեց Հայաստանի պետական գործիչ ու արժանին ես մատուցում պայքարի կազմակերպիչներին»,- երեկ հրավիրած մամուլի ասուլիսում ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն այսպես արտահայտեց իր վրդովմունքն առ այն, որ «մեր պետականության վերականգնման պայքարի հետ որեւէ կապ չունեցող տիկնայք ու այրերը, պետական տոն հռչակված սեպտեմբերի 21-ը դարձնում են շարքային խրախճանքի առիթ»: Ուստի՝ «հեղինակային իրավունքի արտոնած բարոյական իրավունքով», Հայրիկյանը հասարակությանը կոչ է անում պատշաճ կերպով նշել այդ օրը: Իրենց հեղինակային իրավունքին անիրազեկ մարդկանց համար նա նաեւ պատկերավոր համեմատություն արեց. «Պատկերացնու՞մ եք, Արամ Խաչատրյանը տեսնում է, թե «Սուսերով պարն» ինչպես են կատարում, ջութակահարն ասում է՝ դա իմ գործն է, ի՞նչ կապ ունի Խաչատրյանը: Բնական է, որ Ա. Խաչատրյանը կմիջամտի: Ես եմ այդ օրվա հիմնադիրը: Եվ մեր քաղաքական գործիչների իմ հանդեպ ունեցած բարդույթները չպետք է խանգարեն, որ մեր հասարակությունը օգտվի պաշտոնապես եւ միջազգայնորեն հայ ժողովրդի անկախության պայքարի առաջնորդ ճանաչված ձեր խոնարհ ծառայի ֆիզիկական ներկայությունը լիարժեքորեն օգտագործելուց: Ոչ էլ ես այնքան կեղծ համեստություն ունեմ, որ թույլ տամ տարբեր տեսակի երեկվա չեկիստներին խեղեն մեր երիտասարդների միտքը»:

Հայրիկյանն ԱԺ-ից պահանջելու է հրաժարվել սեպտեմբերի 21-ը որպես անկախության օր նշելուց: Նա այս տարի էլ կրկնեց իր պահանջը, որ անկախության օր նշվի մայիսի 28-ը, քանզի 1918 թվականին այդ օրն է անկախություն հռչակվել, իսկ սեպտեմբերի 21-ը նշվի ինքնորոշման օր: Հայրիկյանն առաջարկում է նաեւ, որպեսզի հետմահու Ազգային հերոսի կոչում շնորհվի անկախության պայքարի հիմնադիր Հայկազ Խաչատրյանին: Բարձրագույն պետական պարգեւների արժանանան ԱԻՄ հիմնադիրները, որոնք 1987-ին «Անկախության հանրաքվեի ճանապարհով» ծրագիրը հրապարակ իջեցրին: Այստեղ Հայրիկյանը բացառիկ հայտարարություն արեց. «Ես ինձ հանում եմ: Ես այնքան բանի եմ հասել, որ որեւէ պետական պարգեւ մանրուք է ինձ համար: Համեստությանս համար կներեք»,- իր վարքն այդպես գնահատեց ԱԻՄ նախագահը:

Պ. Հայրիկյանն առաջարկում է նաեւ պետական հատուկ թոշակներ սահմանել մարդկանց կամ նրանց առաջին ժառանգների համար, ովքեր բացառիկ դեր են խաղացել մեր պետականության վերականգնման գործում: Պատրաստել եւ ցուցադրել վավերագրական ֆիլմեր, հրատարակել գրքեր. «Երբեւէ ըստ արժանվույն մատուցվե՞լ է այդ օրվա խորհուրդը եւ որեւէ դպրոցական դասագրքում կա՞ մեկ տող մեր ժողովրդի համառ ու նպատակասլաց պայքարի այդ շրջանի մասին»,- վրդովվեց Հայրիկյանը:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել