Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԻԱՅՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՐԵՆ, ՕՍՏԱՊ ԻԲՐԱՀԻՄՈՎԻՉ

Սեպտեմբեր 10,2004 00:00

Սահմանադրության
հետ կապված բազառները Հայրենիքիս մեջ այնքան են ահագնացել, որ թվում է, թե
Քոչարյանն ու կոալիցիան արդեն եկել են ընդդիմության հախից եւ իրենց կարող
են թույլ տալ մտահայեցողությամբ զբաղվել:
Սահմանադրություն հորինելու մյուս պատրվակը կարող է լինել Քոչարյանին երրորդ ժամկետ նստացնելը, բայց վերջինս հայտարարել է, որ ինքը չի ուզում, ուրեմն ստիպված ենք վերադառնալ առաջին մտքին: (Փակագծերում նշենք, որ Սահմանադրության համար գրանտ չեն տալիս, սա ոչ սոցիալական քարտ է, ոչ Լինսի ճանապարհ՝ այսինքն կարճաժամկետ կոռուպցիոն գործողության հնարավորություն չկա:) Իհարկե, կարելի է Եվրոպա-վենետիկյան արդարացումներ էլ հորինել, սակայն դա միայն Եվրոպայի ու պատգամավորների համար. լուրջ մարդիկս հասկանում ենք, որ այստեղ ոչ մի Վենետիկի թուղթ էլ չկա:

Մի կողմ թողնենք այն հարցը, թե արդյոք հակասահմանադրական Քոչարյանը ունի՞ Սահմանադրություն գրելու իրավունք (Հեկուբը նրան ինչ կամ նա՝ Հեկուբին)՝ եթե Կարապետիչը տելեվիզրով խոսալու իրավունք ունի, Վարյանը՝ մարդ ծեծելու, իսկ Կուկուն մարդ սպանելու, ապա Քոչարյանին ի՞նչ է եղել: Մեր կոնֆորմիստորեն միջինացված բարոյականությունը չի ճանաչում բարոյական արգելքներ, այլ միայն աստիճանակարգում եւ ախպերություն:

Ինչպես սահմանադրորեն փոխել իշխանությունը

Ընդդիմությունն այնքան երկար խոսեց սահմանադրական ճանապարհի մասին, որ փորձեցինք Սահմանադրությունից քչփորել-հանել իշխանության փոփոխման բոլոր հնարավոր մեխանիզմները: Այդպիսի մի մեխանիզմը ընտրություններ էին: Սակայն բոլորս, ովքեր արդեն ստացել են հասունության ատեստատ, գիտենք, որ ընտրությունները կազմակերպում է Քոչարյանը, իսկ նա, որպես իշխանության ճշմարիտ ներկայացուցիչ, չի անի այնպիսի քայլ, որը կթուլացնի իր իշխանությունը: Մյուս տարբերակը, ըստ Սահմանադրության, Քոչարյանի հրաժարականն է. բայց եթե Քոչարյանին սպառնում եք Հաագայով, ապա նա կպահի իր աթոռը մինչեւ վերջին փամփուշտը:

Սահմանադրական ճանապարհի մասին խոսելիս անհրաժեշտ է վերհիշել, թե ինչի համար է Սահմանադրությունը. նրա նպատակը մարդկանց հիմնարար իրավունքների ու ազատությունների պաշտպանությունն է: Եթե այդ ազատությունները խախտվում են, ապա մենք բնական իրավունք ունենք վերականգնելու Աստծո կողմից տրվածը, եւ այս պարագայում մեր ազատությունները չպաշտպանող Սահմանադրությունը դառնում է թղթի կտոր: Մարդկանց ու քաղաքացիների բնական իրավունքները չեն կարող ստորադաս լինել քաղաքական էլիտային շուստրիության, որը տվյալ դեպքում կոչվում է «Սահմանադրություն»:

Ում ինչին է պետք Սահմանադրությունը

Պարզ է, որ Քոչարյանի համար Սահմանադրությունը դարձել է Հայաստանի քաղաքացիներին պատժելու գործիք՝ մի քիչ ավելի բարձր հնչեղության, քան Գրիգոր Ամալյանը կամ Աղվան Հովսեփյանը: Քոչարյանը սիրում է այս Սահմանադրությունը, որն իրեն հնարավորություն է տալիս ձեւել ամեն ինչ՝ Հայաստանի քաղաքական սպեկտրից մինչեւ Երեւանի կանաչ տարածքները: Սահմանադրական փոփոխությունների նրա փաթեթը նպատակ ունի սրելու ձեւարարի իր մկրատը, մեկ էլ՝ հավերժացնելու իրեն այդ պաշտոնում:

Արշակ Սադոյանին Սահմանադրությունը պետք է իր ինտելեկտուալ կարողությունները ներկայացնելու, ամբիոնում հավերժանալու համար, նաեւ՝ որպես 95-96-ի ընդդիմադրի քաղցր հուշ:

Ընդդիմությանը Սահմանադրությունը պետք է Մատենադարանի հարթակից այդ մասին խոսելու եւ այդ հարթակից չիջնելու՝ այնտեղ հավերժանալու համար:

Ինձ ու քեզ այս Սահմանադրությունը պետք չի: Այն թույլ է տվել առնվազն երկու հեղաշրջում ու փչացել է: Նորոգելու հնարավորություն չկա, քանի չեն վերականգնվել իմ ու քո բնական իրավունքները. երբ կվերականգնվեն, այն ժամանակ էլ կմտածենք, թե ինչպիսի փաստաթղթով ամրագրենք այդ իրավունքները. առայժմ ես մտածում եմ իմ հավերժական հոգու փրկության եւ ոչ տարածքա-սիմվոլային հավերժության մասին:

Թերեւս պատճառը ոչ քրիստոնեական երկրների դոմինանտ հարեւանությունն է, այնտեղից ներգաղթածների մենթալիտետը, եւ ինչու ոչ՝ նաեւ շրջափակումը, որ մոռացած 1700-ամյա ավանդները, փրկությունն այլեւս չենք կապում իմ ու քո ազատության հետ, այլ իսլամական ֆատալիզմով փնտրում ենք օլիգարխին, նախագահին ու Սահմանադրությանը ենթարկվելու մեջ:

Համակարգչի մեջ այս տեքստը պարունակող ֆայլի անունը դրել եմ «սահմանադրություն» եւ ամեն անգամ ֆայլը փակելիս համակարգիչը հարցնում է՝ «ցանկանո՞ւմ ես արդյոք պահպանել սահմանադրության փոփոխությունները»: Տալիս եմ «այո» հրամանը ու հասկանում, թե ինչու է Քոչարյանն այդքան հանգիստ վերաբերվում սահմանադրական փոփոխություններին՝ նրան թվում է, թե գործ ունի մի խելոք, անշունչ ու իր հրամանները կատարող գործիքի՝ հայ ժողովրդի հետ:

ԱՂԱՍԻ ԵՆՈՔՅԱՆ
P. S. Եթե ընդդիմությունը վերադառնա ասպարեզ, Քոչարյանը կզբաղվի
նրանցով եւ կդադարի սահմանադրական (հակասահմանադրակա՞ն) մտավարժանքներով
զբաղվելը: Արդեն իսկ կարեւոր ներդրում կլինի Հայրենիքի փրկության գործում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել