Հորդորում
է ադրբեջանցի հասարակական գործիչ Իմրամ Վելիեւը
Անցյալ շաբաթ Ծաղկաձորում Հարավային Կովկասում կուտակված հիմնախնդիրների եւ մասնավորապես տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի Եվրամիությանը ինտեգրման շուրջ հերթական քննարկում էր ծավալվել: Միջազգային այս խորհրդաժողովին մասնակցող Ադրբեջանի «Իրավական աջակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Իմրամ Վելիեւը արձագանքելով մասնավորապես՝ Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գիվի Շուգարովի այն հայտարարությանը, թե Ջավախքում պրոբլեմներ չեն լինի (նկատի ուներ անջատողական բնույթի.- Ն. Մ.), կարծիք հայտնեց, թե չի կարելի պարզապես վերցնել ու ասել, թե խնդիրներ չեն առաջանա: «Ես կարծում եմ, որ կլինեն: Եղել են, կան եւ կլինեն: Պետք չէ ինքնախաբեությամբ զբաղվել: Պետք է դրան պատրաստ լինել: Բայց որպեսզի բանը չհասնի նոր Աջարիայի, պետք է չսպասել եւ միջոցներ ձեռնարկել Ջավախքում ապրող մարդկանց խնդիրները՝ սոցիալական, տնտեսական եւ այլ բնույթի, լուծելու համար: Մեր պատգամավորները երբեք չեն ուզում ուսումնասիրել, ասենք՝ Բուրչալուում տիրող իրավիճակը, մինչդեռ դրա մասին արդեն խոսվում է, հրապարակումներ են լինում: Հարցադրումները լուրջ են: Պետք է ստեղծել համատեղ հանձնաժողովներ կամ այլ միջոցներ ձեռնարկել, որոնց կմասնակցեն նաեւ էթնոլոգներ, որոնց հետ կարելի է աշխատել, մոնիտորինգ անցկացնել եւ լուծել այդ մարդկանց հարցերը»,- առաջարկեց նա: Ավելի ուշ, մեր մասնավոր զրույցի ժամանակ, պարոն Վելիեւը պատասխանելով մեր այն հարցին, թե՝ մինչեւ 88-ի ղարաբաղյան շարժումը, երբ այն ժամանակ դեռ ԼՂԻՄ-ի հայ ազգաբնակչությունը ադրբեջանական իշխանությունների առջեւ ընդամենը մշակութային լայն ինքնավարություն ստանալու՝ դպրոցում հայոց պատմություն դասավանդելու, հայկական հեռուստաժամեր ունենալու եւ այդօրինակ հարցեր էր բարձրացնում, հնարավո՞ր է, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից ընդառաջ գնալու դեպքում ղարաբաղյան հարցն այս փուլին չհասներ, նա համոզված ասաց. «Այո: Պետք էր այն ժամանակ դա անել»:
Անդրադառնալով Գ. Շուգարովի այն հայտարարությանը, թե ինքը Ջավախքի մասով ծրագիր ունի, բայց իրեն չի հաջողվել դա փոխանցել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլուն՝ նկատելով, թե նրա հետ հնարավոր չէ գործ տանել, Ի. Վելիեւը թունոտ նետեց. «Նրան հանդիպել պետք էլ չէ, հիմա ոչ թե ինքը, այլ նրա կինն է գործեր վարում: Շատ ինտելեկտուալ կին է, այնպես որ՝ մի անհանգստացեք»:
Ի. Վելիեւի դիտարկմամբ, նման հարցեր բարձրացնելու համար սպասել չի կարելի, որովհետեւ, նրա ասելով, այդ դեպքում ստիպված կլինենք սպասել, թե մեր երկրներում երբ են ավարտվելու իրար հաջորդող ընտրությունները. «Հենց սկսում ես որեւէ հարց լուծելու համար թափ հավաքել, սաստում են՝ սպասեք. ընտրություններ են, ավարտվեն: Ոչ, չպետք է սպասել, դա ճիշտ մոտեցում չէ»: Իսկ ինչ վերաբերում է Մ. Սահակաշվիլուն, ապա Ի. Վելիեւի զգացողությամբ, ի դեմս Սահակաշվիլու «ծնունդ է առնում նոր Պուտին, բայց՝ կովկասյան»: Միաժամանակ ադրբեջանցի գործիչը, որն, իր իսկ խոստովանությամբ, Իլհամ Ալիեւին համարում է լեգիտիմ նախագահ եւ նրա ընտրողներից մեկն է, շեշտեց, թե ինքը չի տեսնում մի ուժ, որը կարողանա Սահակաշվիլուն սահմանափակումների մեջ դնել. «Նա շատ ամբիցիոզ է, ինչպիսին էր մեր հանգուցյալ Ալիեւը: Այդքան ուժեղ իշխանությունն էլ մի բան չէ: Ինչու է պետք բոլորից վերցնել եւ կենտրոնացնել սեփական ձեռքում: Գուցե ժամանա՞կն է, որ նրա հեղափոխության խորհրդանիշ վարդերից բաժանվեն մի քիչ էլ Ադրբեջանին, Հայաստանին»:
Անդրադառնալով Հարավային Կովկասի երկրների՝ ԵՄ-ին ինտեգրվելու անհրաժեշտությանը, Ի. Վելիեւը կարծիք հայտնեց, թե 91-ին անկախություն ստացան ոչ թե հարավկովկասյան ժողովուրդները, այլ այդ երկրների իշխանությունները. «Նրանք հիմա Մոսկվայից կախված չեն եւ անում են, ինչ ուզեն: Իսկ մենք ինչպես կախված եղել ենք, այնպիսին էլ մնում ենք: Ուստի մեզ անհրաժեշտ է անդամակցել Եվրամիությանը թեկուզ այն բանի համար, որ կարողանանք այդ «անկախականների» հախից գալ»:
Ադրբեջանի «Իրավական աջակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Իմրամ Վելիեւը կարծիք հայտնեց, թե մեր տարածաշրջանում այլ երկրների ռազմաբազաների առկայությունն ընդհանրապես ճիշտ չէ: Ըստ նրա, պետք էր արդեն վաղուց մտածել այդ մասին: «Ադրբեջանի նախկին նախագահը ժամանակին առաջարկում էր տարածաշրջանն ընդհանրապես ապառազմականացնել: Ոչ ոք նրան չլսեց եւ՝ խնդրեմ»,- հիմնականում նկատի ունենալով Հարավային Օսիայում եւ Ջավախքում ռուսական զորքերի առկայությունը՝ նկատեց ադրբեջանցի գործիչը:
Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին եւ սահմանի բացմանը, պարոն Վելիեւը դրան այսպես արձագանքեց. «Անընդհատ խոսվում է Թուրքիայի կողմից Հայաստանի սահմանի փակման մասին եւ, ընդ որում, ասվում է՝ «դա անհասկանալի է», մինչդեռ Թուրքիան 100 անգամ ասել է դրդապատճառների մասին. հանել Ցեղասպանության հարցը, ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այդուհանդերձ, մենք անընդհատ լսում ենք՝ պետք է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որ սահմանը բացի: Ինչպես դուք եք պաշտպանում ԼՂ հայերին, ինչը բնական է, այնպես էլ թուրքերն են աջակցում ադրբեջանցիներին: Անհասկանալի ի՞նչ կա այստեղ: Կա հայ-թուրքական հանձնաժողով, իսկ գուցե ավելի ճիշտ է նախ հայ-ադրբեջանական հա՞րցը լուծել, հետո անցնել հայ-թուրքական սահմանի բացմանը: Պետք է ավելի լուրջ մոտենալ այս հարցին»:
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ