Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ա՜Յ ՔԵԶ «ՍՈՒՊԵՐ-ՍԻՍՏԵՄ»

Սեպտեմբեր 09,2004 00:00

Ա՜Յ ՔԵԶ «ՍՈՒՊԵՐ-ՍԻՍՏԵՄ» Ռոբերտ Քոչարյանն իր ձեռքով գործարկեց «սուպեր-սիստեմ» համակարգը, որն իրականացնում է ապօրինի հեռարձակում եւ պետք է դադարեցվի: Սեպտեմբերի 4-ին տեղի ունեցավ «Սի-Էս մեդիա սիթիի» (այդպես է «Արմենիա» հեռուստաընկերությունը նախընտրել անվանել իր գրասենյակը, ուր տեղակայվել են Սարգսյանների ընտանիքի փաստացի սեփականությունը հանդիսացող նաեւ այլ լրատվամիջոցներ՝ «TV-5»-ը, «Արմնյուզը» եւ այլն) բացման արարողությունը, որին մասնակցում էր ինչպես «Արմենիայի» բաժնետեր Ջերարդ Գաֆեսճյանը, այնպես էլ Ռոբերտ Քոչարյանը եւ Հայաստանի բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ: Ահա այս պատկառելի լսարանի ներկայությամբ ազդարարվեց «սուպեր-սիստեմ» համակարգի բացումը: 50-ից ավելի հեռուստաընկերությունների վերահեռարձակման այդ համակարգն այժմ էլ ակտիվորեն գովազդվում է «Արմենիա»-ով. «Սուպեր-սիստե՜մ՝ թվային պլատֆո՜րմ, ազդանշանի թվային փոխանցո՜ւմ, որը նշանակում է բացառի՜կ բարձր որակ»: Թեեւ իրոք անհնար է գոհունակություն չապրել, որ նման որակյալ տեխնոլոգիական համակարգ է մուտք գործում մեր հեռուստատեսային ոլորտ՝ այնուամենայնիվ, հարց առաջացավ, թե այդ ո՞ր կապուղով են հեռարձակվելու «սուպեր-սիստեմի» հեռուստածրագրերը: Հարցն առավել հետաքրքիր է, եթե հաշվի առնենք, որ «Ա1+»-ի հեռարձակման պարագայում անգամ Եվրախորհրդի բանաձեւում ամրագրված պահանջներին ի պատասխան՝ մեր պաշտոնատարները պատասխանում են, թե ազատ հաճախականություն չկա, իսկ «սուպեր-սիստեմի» համար, պարզվում է, կա՞, ու դեռ ավելին՝ այդ նոր հաճախականությունը տրամադրվել է առանց արտոնագրման մրցույթի՞: Այս հարցադրումներն ուղղեցինք Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի աշխատակազմի լիցենզավորման եւ մեթոդական վարչության պետ Իշխան Վարդանյանին եւ ստացանք բավական անակնկալ պատասխան. «ՀՌԱՀ-ն այս պահին որեւէ հաճախային ազատ տիրույթի չի տիրապետում՝ գիգահերցային շերտում հեռարձակում արտոնելու համար: Եվ այդ տիրույթում որեւէ հաճախություն ընդհանրապե՛ս չենք տրամադրել որեւէ ընկերության: «Էյ-ափ» ընկերությունը, որն անընդհատ գովազդվում է՝ անծանոթ է մեզ եւ չունի արտոնագիր: Այսինքն՝ գովազդը, թե այս տիրույթում 50-ից ավելի հեռուստաընկերությունների հեռարձակում է ընթանում՝ Ազգային հանձնաժողովի համար լրիվ հայտնություն էր: Շեշտում եմ, մենք որեւէ ընկերության որեւէ հաճախություն մրցութային կարգով չենք տրամադրել նման հեռարձակում իրականացնելու համար: Միաժամանակ ավելացնեմ, որ հանձնաժողովը պատկան մարմիններին արդեն տեղեկացրել է ապօրինի հեռարձակումը դադարեցնելու նպատակով համապատասխան քայլեր ձեռնարկելու մասին»: Ուշագրավ է, որ այս ապօրինի հեռարձակմանն առաջինը չի արձագանքել կապի նախարարությանը պատկանող հեռահաղորդակցման ցանցը, որը, ըստ Իշխան Վարդանյանի՝ դիտարկում եւ վերահսկում է ապօրինի հաճախությունները: Իսկ «սուպեր-սիստեմի» հաղորդակը ՀՀՑ-ում տեղադրվել է ոչ շաբաթ օրը, այլ շուրջ 4 ամիս առաջ: Նաեւ ուշագրավ է, որ թեեւ Ռոբերտ Քոչարյանը «Ա1+»-ի եթերազրկման շրջանում ցուցաբերում էր ուղղակի զարմանալի լավատեղյակություն, թե դեռ քանի արտոնագրման մրցույթ է լինելու, որը՝ երբ, ում ծրագիրն է ուժեղ կամ թույլ, սեպտեմբերի 4-ին իր ձեռքով սեղմեց «սուպեր-սիստեմի» կոճակը, որով գործարկվեց ապօրինի հեռարձակումը: Ի դեպ, քանի որ Հայաստանում հեռարձակման միակ օրինական հիմքն արտոնագիրն է, ըստ այդմ՝ ապօրինի է հեռարձակվում նաեւ AATV ընկերությունը: Մեր հարցին, թե ինչո՞ւ նրա զբաղեցրած հաճախականության համար չի հայտարարվում մրցույթ՝ Իշխան Վարդանյանը պատասխանեց. «AATV-ն արտոնագիր է ունեցել 1997-ից՝ 10 տարի ժամկետով: Բայց 2001-ի վերաարտոնագրման ժամանակ ՀՌԱՀ-ը հաշվի առնելով այն, որ այդ արտոնագիրը հեռուստահաղորդումների հեռարձակման համար չի նախատեսված, այլ ուրիշ ծառայությունների, իր որոշմամբ զրկել է AATV-ին արտոնագրից: Սակայն ներդրումները պաշտպանված են օրենսդրորեն, եւ եթե օրենքի փոփոխության հետեւանքով տուժում է տնտեսական հետագա գործընթացը՝ ներդրողը դեռ 5 տարի իրավունք ունի շարունակել իր գործունեությունը: Այնուամենայնիվ՝ հաճախությունների այս շերտը ենթակա է մրցութային կարգով արտոնագրման. ուղղակի դժվարանում եմ ասել, թե երբ կլինի այդ մրցույթը»: Եվ վերջապես հետաքրքրվեցինք, թե ինչու ՀՌԱՀ-ն այս տարի չհրապարակեց հեռուստահաղորդումների հեռարձակման համար նախատեսված կապուղիների ամբողջական ցանկը, որ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի պահանջն է: Իշխան Վարդանյանը պարզաբանեց, որ այն տեղադրվելու է ՀՌԱՀ-ի պաշտոնական վեբ-կայքում՝ ուղղակի առայժմ կան տեխնիկական խնդիրներ: Իսկ մինչ այդ՝ պատրաստակամություն հայտնեց ցանկացած քաղաքացու էլեկտրոնային փոստով տրամադրել այդ ցանկը: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել