Լրահոս
Օրվա լրահոսը

ՁԱԽՈՂՄԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՎԵՐ ՀԱՆՎԵՆ

Սեպտեմբեր 08,2004 00:00

ՁԱԽՈՂՄԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՎԵՐ ՀԱՆՎԵՆ Այդ նպատակով եկող շաբաթվանից լուրջ քննարկումներ են սկսվելու՝ վստահեցնում է Սպորտպետկոմի եւ ՀԱՕԿ-ի նախագահը: Իշխան Զաքարյանը, օգտվելով ասուլիսի ընձեռած հնարավորությունից, հայցեց մարզասերների ներողամտությունը, որ մեր մարզիկներն Աթենքում չկարողացան հաջող մրցելույթներով ու նվաճած մեդալներով ուրախացնել նրանց: Այնուհետեւ, անդրադառնալով մեր մամուլի եւ հեռուստաալիքների հրապարակումներին ու մեկնաբանություններին, նա ընդգծեց, որ դրանցից շատերը բացարձակապես կապ չունեն օլիմպիական խաղերի, սպորտային խնդիրների հետ: Խոսելով բուն օլիմպիական խաղերի նախապատրաստության եւ մասնակցության մասին՝ Սպորտպետկոմի եւ ՀԱՕԿ-ի նախագահը նշեց. «Յուրաքանչյուր պետությունում նախապես կազմվում են ծրագրեր ու դրանք իրականացնելով՝ նախապատրաստվում: Հայաստանում էլ այդպես են վարվել: Մարզչական խորհուրդների համատեղ որոշումներով կազմվեցին ծրագրեր: Սպորտկոմիտեի եւ ՀԱՕԿ-ի պահանջով մարզչական խորհուրդները, որպես մասնագիտական փաստաթուղթ, ստորագրեցին դրանց տակ: Իմ խնդիրը, որպես սպորտի պետական կառույցի եւ օլիմպիական կոմիտեի ղեկավարի, եղել է դրանք ըստ տարիների իրականացնելը: Եթե այս կամ այն մարզաձեւի մասնագետները գտնում են, որ, ասենք, Եվրոպայի առաջնությանը, որ նույնպես օլիմպիական խաղերի նախապատրաստության փուլ է, մասնակցելու համար հավաքականը պետք է անցկացնի, ենթադրենք, երեք ուսումնամարզական հավաք, ապա սպորտկոմիտեին եւ օլիմպիական կոմիտեին դատապարտեք, եթե կազմակերպել է մեկը: Եթե գտնում են, որ այդ հավաքին պետք է մասնակցի քսան մարզիկ, մեղադրեք՝ տասին նման հնարավորություն տալու համար: Եթե գտնում են, որ պետք է հանդես գալ երեք փորձամրցումում, որոնք կոչվում են միջազգային խաղեր, քննադատեք՝ մեկին գործուղելու համար: Նույնը վերաբերում է նաեւ աշխարհի առաջնություններին: Այս առումով ես չեմ կարողանում հիշել որեւէ կետ, որ կատարված չլինի»,- ասաց նա: Խոսելով մեծ սպորտում առկա խնդիրների մասին, որոնք անպայման լուծելու անհրաժեշտություն կա նաեւ Հայաստանում, ու գուցե անհաջող մրցելույթների պատճառներից են, Ի. Զաքարյանն առաջինն առանձնացրեց այն, որ այսօր մարզիկներից շատերի համար պատշաճ մրցակցություն ապահովել չի ստացվում: «Եթե որեւէ մեկը նվաճում է վարկանիշ կամ իր քաշային կարգում հաղթող է դառնում,- մեկնաբանեց նա,- մտածում է, թե՝ վերջ, այսուհետ իր ճակատին գրված է, որ ինքը հավաքականի անդամ է, անփոխարինելի: Այդպես է ստացվում, որովհետեւ աննշան բացառություններով մենք, իրոք, բարձրակարգ մարզիկների խիստ կարիք ունենք: Իսկ սա հետեւանք է մեր մարզադպրոցների վիճակի: Գաղտնիք չէ, որ մասսայականից է ծնվում մեծ սպորտը: Ներկայումս ի՞նչ ունենք մենք: Չմոռանաք, որ մասսայական սպորտի խնդիրներով զբաղվելու հնարավորություն ունեցել ենք ընդամենը մեկ- երկու տարի: Դրա հնարավորությունները չեն եղել թե ֆինանսական, թե քաղաքականություն մշակելու առումով: Այսօր մեր հավաքականներին սնում է երկու-երեք մարզ, եթե Երեւանն էլ դնենք այդ կարգավիճակում: Հիմա նոր ենք կարողանում զբաղվել այդ խնդիրների աստիճանական լուծումով՝ սկսած գույքի ձեռքբերումից, վերջացրած բազաների նորոգումով»: ՀԱՕԿ-ի նախագահը բարձրակարգ սպորտում անչափ կարեւորեց նաեւ մարզական բժշկությունն ու մարզական հոգեբանությունը, որոնց դրվածքից կախված է մեդալ նվաճելու մոտ 50 տոկոսը: Իսկ Հայաստանն այս առումով դեռ քարե դարում է: «Աթենքում ամեն օրվա ավարտին զարգացած երկրների հանգրվանները վերածվում էին մի առանձին լաբորատորիայի: Իսկ մեր ունեցածը նրանց համեմատությամբ զրո է»,- հավելեց Իշխան Զաքարյանը: Հայաստանում նման մասնագետներ չկան: Այդ բացը լրացնելու նպատակով դիմել են կառավարություն, եւ այս տարի առաջին անգամ Բժշկական համալսարանում հինգ տեղ է հատկացվել, իսկ հաջորդ տարվանից բացվելու է նաեւ մարզական բժշկության կենտրոն: Իշխան Զաքարյանն ընդհանրացնելով Հունաստանում մեր օլիմպիական թիմի ձախողման պատճառների շուրջ թեման՝ ասաց, որ դրանում, անշուշտ, մեղավորության իրենց բաժինն ունեն եւ ինքը, եւ իր տեղակալները, եւ մարզիչներն ու մարզիկները: Իսկ ինչ վերաբերում է անընդհատ հնչող հրաժարականին, ինքն առայժմ չի պատրաստվում այդ քայլին դիմել, քանի որ Խաղերի նախապատրաստության քառամյա ամբողջ փուլում, որպես պետական պաշտոնյա, հարյուր տոկոսով կատարել է իր առջեւ դրված բոլոր առաջադրանքները: Իսկ կատարված աշխատանքների վերջնական գնահատականը կտրվի ըստ առանձին մարզաձեւերի մանրազնին ու շահագրգիռ քննարկումներից հետո միայն, որ սկսվելու է եկող շաբաթվանից: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել