Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՍԿԱԴԻ ՆԱԽԱԳԻԾՆ ԱՐԴԵՆ ԸՆԴՈՒՆՎԵԼ Է

Սեպտեմբեր 08,2004 00:00

ԿԱՍԿԱԴԻ ՆԱԽԱԳԻԾՆ ԱՐԴԵՆ ԸՆԴՈՒՆՎԵԼ Է Սակայն նախագծի մասին հայ ճարտարապետների կարծիքը դեռ հայտնի չէ Երեկ տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որը նվիրված էր «Ջերարդ Լ. Գաֆէսճեան» ժամանակակից արվեստի թանգարանի նոր նախագծին: Թվում էր՝ այդ նախագիծը պետք է քննարկվի Հայաստանի ճարտարապետների միության անդամների հետ, բայց պարզվում է՝ «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի անդամները գերադասել են այն նախ ներկայացնել լրագրողներին, հետո միայն օրվա վերջում ընդունելություն կազմակերպել հայ ճարտարապետների համար: Գաֆէսճեան հիմնադրամի փոխնախագահ Ջոն Վոթերսը, ներկայացնելով նախագծի հեղինակ, ամերիկացի հայտնի ճարտարապետ Դեյվիդ Հոթսընին, ասաց. «Նա իր նախագծում ցուցաբերել է ընդգծված դյուրազգացություն՝ ի տարբերություն առաջարկված մի քանի այլ նախագծերի, որոնք հավանության չարժանացան մեր կողմից»: Ըստ նախագծի՝ շինարարական աշխատանքները տեւելու են 2 տարի: Ճարտարապետ Դ. Հոթսընը ամենայն մանրամասնությամբ ներկայացրեց, թե ինչպես է ծախսվելու հիմնադրամի տրամադրած 25 մլն դոլարը եւ թե ինչ թանգարան ու ապակե աշտարակ է կառուցվելու այդ գումարով: Նրա խորին համոզմամբ, այս թանգարանը, որպես ազդեցիկ միջոց, բարելավելու է Հայաստանի մշակութային կյանքի որակն ու մակարդակը, իսկ պարոն Գաֆէսճեանի հավաքածուն, որը հանգրվանելու է վեր խոյացած ապակե աշտարակում՝ Երեւանին բերելու է միջազգային ճանաչում: Հարցին, թե նախագիծը ստեղծելիս արդյո՞ք հաշվի է առնվել Բաղրամյան փողոցին զուգահեռ փողոց ստեղծելու հեռանկարը, որի շուրջ այժմ քննարկումներ են գնում, Ջ. Վոթերսը պատասխանեց. «Մենք որոշ մասնագետների, պաշտոնյաների հետ կապվել ենք, ստացել ենք բոլոր ֆիզիկական նախապայմանները: Իսկ այդ հարցով մեզ տեղեկացրին, որ հատուկ փողոցի կառուցումը հնարավոր չէ, քանի որ դրա հետ կապված ինչ-ինչ քաղաքաշինական հարցեր են առաջացել»: Հայտնի է, որ շատ բնակիչներ բողոքում էին, թե ստիպված են իրենց բնակարաններից տեղափոխվել, քանի որ այդ տարածքը տրամադրել էին Գաֆէսճեան հիմնադրամին: «Թանգարանի նախագիծը նախատեսում էր Կասկադի երկու կողմերում ստեղծել 50 մետրանոց կանաչ գոտի: Երբ ՀՀ կառավարության հետ բանակցեցինք, որ այդ տարածքը մեզ տրամադրեն, պարզվեց, որ որոշ տարածքներ ապօրինի էին, դրա համար էլ խնդիրներ առաջացան»,- բացատրեց Ջ. Վոթերսը: Հիմնադրամի փոխնախագահին մեծ մտահոգություն է պատճառել նաեւ այն, որ Կասկադի ենթակայանի կողքին պատրաստվում են 9 հարկանի նոր շենք կառուցել: Դ. Հոթսընն այս հարցի շուրջ ասաց. «Մեր գերխնդիրն այն է, որ Երեւանի տեսարանները նախագծի հետեւանքով չաղավաղվեն: Դրա համար ճիշտ կլիներ, որ սահմանափակում լիներ եւ Կասկադի շրջակայքում շինությունների բարձրությունը չանցներ 5 հարկանի շենքի բարձրությունից»: Պրն Հոթսընը նաեւ հավաստիացրեց, որ ինքը ուսանող ժամանակներից միշտ հիացել է հայկական ճարտարապետության յուրահատկություններով, տուֆով, հայ վարպետների հմտություններով եւ մոտ 10 հազար քմ մակերեսով կառուցվելիք շինությունը հավատարիմ է մնալու այդ ավանդներին: «Հիմնական նախագծային սկզբունքն այն է, որ հիմքը լինի հայկական տուֆով, հստակ գծերով, որոնք հայկական ճարտարապետության մասին են խոսում»,- ասաց նա: Ջ. Վոթերսը խոստացավ, որ հիմնականում օգտագործվելու է տեղական հումքն ու աշխատուժը, իսկ ամերիկացիներն օգնելու են ընդհանրական խնդիրներ լուծել ու ընդհանրական վերահսկողություն սահմանել: ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել