Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄԲՈՂՋ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՏՐՎՈՒՄ Է ՄԵԿ ՄԱՐԴՈՒ

Սեպտեմբեր 08,2004 00:00

ԱՄԲՈՂՋ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՏՐՎՈՒՄ Է ՄԵԿ ՄԱՐԴՈՒ Սահմանադրական փոփոխությունները վերլուծում է Շավարշ Քոչարյանը Սահմանադրական փոփոխությունների արդյունքում փոխված է 121 հոդված, որոնցից 42-ում կան որոշ խորության փոփոխություններ։ Սրանցից մոտ 12-ում դրանք խմբագրական են, մոտավորապես 10 հոդվածներում փոփոխությունները Շավարշ Քոչարյանը գնահատեց ոչ շատ էական, թեպետ խոստովանեց, որ Սահմանադրության մեջ ոչ էական բաներ չկան։ Փոփոխված մոտ 20 հոդվածներից չորսում փոփոխությունները դրական են գնահատվում՝ ըստ ընդդիմադիր պատգամավորի, իսկ 16-ը՝ բացասական։ Բացասականները հետեւյալն են. «Կառավարության ձեւավորման հետ ԱԺ-ն առնչություն չունի։ Կառավարությունը ներկայացնում է նախագահը, եւ եթե ԱԺ-ն երեք անգամ մերժում է այդ կազմը, նախագահը, ըստ Սահմանադրության, լուծարում է ԱԺ-ն։ Սա նշանակում է, որ եթե հանկարծ խորհրդարանում մեծամասնություն է կազմում որեւէ քաղաքական ուժ, որը նախագահին հլու-հնազանդ չի ծառայում, վերջինս կարող է լուծարել այդ խորհրդարանը։ Այս բոլոր տարիներին, նույնիսկ ընտրությունների համատարած կեղծման պարագայում, կար ինչ-որ պատասխանատվություն քաղաքական ուժերի, նույն կոալիցիայի՝ կառավարության համար։ Իհարկե, դա խեղաթյուրված է արվել, թերի է արվել։ Բայց մյուս կողմից՝ քաղաքական զարգացման վեկտորը պետք է այդ ուղղությամբ գնար։ Հիմա դա արվում է ճիշտ հակառակ ուղղությամբ»։ Հաջորդ թերությունը դատական իշխանությանն է առնչվում։ Շավարշ Քոչարյանի ներկայացմամբ՝ հանրաքվեի դրված եւ մերժված տարբերակում Արդարադատության խորհուրդը բազմաթիվ լիազորություններ ուներ, որոնք առաջին հայացքից կարող են դեկորատիվ թվալ, սակայն իրականում կարեւոր են. «Ես կարող եմ թվարկել կոնկրետ. Արդարադատության խորհուրդը կազմում եւ ՀՀ նախագահին է ներկայացնում դատախազների պաշտոնեական պիտանելիության եւ ծառայական առաջխաղացման ամենամյա ցուցակները, եւ սրա հիման վրա նշանակումներ են կատարվում։ Փոփոխված տարբերակում սա հանվել է։ Հաջորդը՝ Արդարադատության խորհուրդն էր առաջարկում վճռաբեկ դատարանի, նրա պալատների եւ դատավորների, վերաքննիչ, առաջին ատյանի եւ այլ դատարանների նախագահների թեկնածությունները։ Այս ամենը հանվել է։ Այս բոլոր հարցերը մեկ անձ է որոշում՝ նախագահը»։ Շավարշ Քոչարյանի դիտարկմամբ՝ Արդարադատության խորհրդի բոլոր լիազորությունները վերացված են, եւ այս ոլորտում միանձնյա վճռի իրավունքը տրվել է ՀՀ նախագահին։ Մենք նկատեցինք, որ նույն դատական համակարգի մասին խոսելիս Սահմանադրության փոփոխությունները կազմած քաղաքական ուժերի ներկայացուցիչները հայտարարում են, թե նոր տարբերակը լինելու է հավասարակշռումների եւ զսպումների մեխանիզմ, եւ որ դատական համակարգը լինելու է անկախ։ Շավարշ Քոչարյանի նկատառումը այս մասով սա է. «Այո, դատական համակարգը դառնում է անկախ ե՛ւ օրենսդիրից, ե՛ւ հասարակությունից, բայց միանշանակ ենթակա մեկ անձի՝ նախագահին։ Ոնց ուզում եք մեկնաբանեք. չի կարելի անընդհատ պնդել, որ մածունը սեւ է, երբ ակնհայտ է, որ այն սպիտակ է»։ Ըստ փոփոխված տարբերակի՝ նախագահը կարող է ինքնուրույն, առանց Արդարադատության խորհրդի առաջարկի (ինչպես որ գրված էր հանրաքվեի դրված տարբերակում) որոշում կայացնել այս կամ այն դատավորին, դատախազին պատասխանատվության ենթարկելու մասին. «Այսքանը բավարար է, որ մի պարզ եզրակացության հանգենք։ Առանց այն էլ մեզանում դատական իշխանությունը գործադիրի իշխանության տակ է, հատկապես՝ նախագահի։ Դա նշված է Հայաստանին վերաբերող բոլոր փաստաթղթերում, եւ խնդիրներից մեկը դատական իշխանությունն անկախացնելն էր։ Հիմա կատարվում է ճիշտ հակառակը»։ Սահմանադրական դատարանի մասով կատարված փոփոխությունների վերաբերյալ Շավարշ Քոչարյանը դրական համարեց այն, որ քաղաքացին եւս կարող է ՍԴ դիմել, բայց այդ հարցը կիսատ լուծում է ստացել. «Եթե մարդը դիմեց, ինչո՞վ է ավարտվելու։ Օրինակ, ընդունենք 100 հոգու անօրինական զորակոչել են։ Մեկը բողոքել է, բոլոր ատյաններով անցել եւ հասել է մինչեւ ՍԴ։ ՍԴ-ն անհատական որոշում է կայացնելու։ Սա էական է»։ Շավարշ Քոչարյանի դիտարկմամբ՝ նախագահի լիազորությունները մեծացել են նաեւ Սահմանադրության 55 հոդվածի 14-րդ կետի հետ կապված, որը վերաբերում է այն իրավիճակին, երբ սահմանադրական կարգին վտանգ է սպառնում։ Ըստ գործող Սահմանադրության, նախագահը կարող էր խորհրդակցել երկրի վարչապետի եւ ԱԺ նախագահի հետ, իրավիճակից բխող միջոցառումներ անցկացնելու մասին ուղերձով դիմել ժողովրդին։ Բայց ԱԺ-ն այդ նույն միջոցառումների մասին որոշումը ՍԴ-ի որոշմամբ կարող էր չեղյալ հայտարարել։ Սա գործող սահմանադրական կարգն է։ 2003-ի տարբերակում փոփոխություն կար՝ նշվել էր ոչ թե միջոցառում, այլ՝ «արտակարգ դրություն» արտահայտությունը։ Շավարշ Քոչարյանը նկատել է, որ «շրջանառության մեջ դրված փոփոխությունների տարբերակում արտակարգ իրավիճակի մասին նախագահը միանձնյա ինքն է որոշում։ Եվ ԱԺ-ի իրավունքը՝ այդ հարցին անդրադառնալու, ընդհանրապես հանվել է։ Եթե միանգամից հիշենք ապրիլի 13-ի գիշերը, եւ եթե ունենայինք մի քիչ այլ խորհրդարան, ապա այն կարող էր արտահերթ հավաքվել, հարցը քննարկել եւ դիմել ՍԴ։ Այն ժամանակ եթե օրենքով դա հնարավոր էր, ապա հիմա դա էլ է հանված, եւ որոշման իրավունքը տրված է մեկ անձի։ Ցանկացած գործողություն եւ քայլ, եթե նախագահը որակի որպես սահմանադրական կարգին սպառնացող վտանգ, կարող է միանձնյա որոշում կայացնել արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին»։ Շավարշ Քոչարյանը վստահ է, որ Սահմանադրության այս տարբերակին եւս եվրոպական կառույցները, մասնավորապես՝ Վենետիկի հանձնաժողովը, բացասական կարծիք կհայտնեն, բայց Հայաստանի իշխանությունները հստակ են որոշել Հայաստանում հաստատել բռնապետություն։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել