«ՄԻՔԵԼԱՆՋԵԼՈՆ ՕԵԿ ԱՆԴԱՄ ՉԷՐ» Խոստովանում է ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը – Ինչպե՞ս եք գնահատում 44 ընտրատարածքի ընտրությունները: Ձեր կարծիքով՝ ՀՀ գլխավոր դատախազը սեփական նախաձեռնությա՞մբ է հանդես գալիս ընդդեմ ՕԵԿ-ի, թե՞ հրահանգ ունի: – Ընտրություններն անցան բավականաչափ լարված: Բոլոր ընտրություններին էլ բնորոշ է լարվածությունը եւ կարծում եմ, որ բոլորս էլ ընտելացել ենք դրան: Սակայն այս դեպքում եղան եւ արտառոց դրսեւորումներ, քանի որ մի կողմից՝ միջամտեցին դատախազության մարմինները, մյուս կողմից՝ Քրեական օրենսգրքի հետ լուրջ խնդիրներ ունեցող անձինք: Ես պատկանում եմ այն մարդկանց թվին, ովքեր համոզված են, որ վաղ թե ուշ նման դրսեւորումները դատապարտվելու եւ վերանալու են, քանի որ իրավական Հայաստան ստեղծելու դժվարին ճանապարհին սրանք անթույլատրելի երեւույթներ են: Իմ համոզմամբ՝ պայքարը պետք է լինի քաղաքական ուժերի միջեւ, այլ ոչ թե դատախազության եւ քաղաքական ուժերի: Նման տրամաբանությամբ իրավապահ մարմինները կարող են մի օր էլ ընտրությունների ժամանակ վերածվել կուսակցությունների, որի հետեւանքները կարող են ուղղակի կործանարար լինել: Այս պարագայում ժողովրդավարությունը, քաղաքացիական հասարակությունը, եվրոպական ինտեգրումը կդառնան կեղծ արժեքներ՝ դրանցից բխող բոլոր բացասական հետեւանքներով: Ինչ վերաբերում է գլխավոր դատախազին, ապա համոզված եմ, որ նա, որպես Նիգ-Ապարանի պատվավոր նախագահ, գործել է հանուն Արայիկ Հայրապետյանի եւ ոչ թե ընդդեմ ՕԵԿ-ի: Եվ իմ այս համոզմունքը ամրապնդվում է ոչ միայն իմ եւ Աղվան Հովսեփյանի միջեւ այս թեմայի շուրջ ունեցած զրույցներով, այլ նաեւ տասը եւ ավելի տարիներ Աղվան Հովսեփյանի հետ մասնագիտական, մարդկային ու ընկերական իմ հարաբերություններով: Աղվան Հովսեփյանին ճանաչում եմ որպես փորձված իրավաբանի եւ համոզված եմ, որ ինչպես գլխավոր դատախազը, այնպես էլ դատախազության ներկայացուցիչները քաջածանոթ են գործող Սահմանադրությանը, որով ուղղակիորեն արգելվում է իրավապահ մարմիններին միջամտել ընտրական եւ քաղաքական գործընթացներին: Երկիրը կարող է առաջընթաց ունենալ միայն այն դեպքում, երբ յուրաքանչյուր ոք զբաղվում է իր գործով. դատախազը՝ օրինականության խնդիրներով, քաղաքական գործիչը՝ քաղաքականությամբ, ուսուցիչը՝ կրթությամբ, սպորտսմենը՝ մարզական խնդիրներով: Կարծում եմ՝ դեռ ոչ ոք չի մոռացել այն տարիները, երբ ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանը զբաղվում էր ընտրություններով… – Ինչպե՞ս եք գնահատում ՀՅԴ-ի եւ ՀՀԿ-ի պահվածքը թիվ 44 ընտրատարածքի ընտրությունների հետ կապված: – Կոալիցիոն մեր գործընկերների պահվածքը գնահատում եմ բավարար: Մենք համագործակցել ենք եւ ՀՀԿ-ի, եւ ՀՅԴ-ի հետ՝ հանձնաժողովների մակարդակում, համագործակցել են նաեւ տեղական կառույցները: Բացի այդ՝ ՀՀԿ- ի կարծիքը հայտարարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Ավելին չենք էլ ակնկալել, պայմանավորվածությունների խախտումներ նույնպես չկան: Կյանքը շարունակվում է, ընտրությունները՝ նույնպես, եթե այսօր ՕԵԿ-ի ներկայացուցիչն է հանդես գալիս որպես թեկնածու, վաղը նույն դերում կլինեն ՀՅԴ-ի կամ ՀՀԿ-ի ներկայացուցիչները: Մեր վերաբերմունքը կլինի համարժեք: – Օրերս ՀՅԴ հայաստանյան ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հայտարարեց, թե Ռոբերտ Քոչարյանին է ներկայացնելու ՀՅԴ առաջարկությունների փաթեթը, եւ եթե դրանք չընդունվեն, ապա ՀՅԴ-ն կվերանայի կոալիցիային իր անդամակցության հարցը: Արդյո՞ք սա ուլտիմատում չէ նախագահին, որ նշանակում է, թե նա կարող է ցրել կոալիցիան: – Յուրաքանչյուր կուսակցություն իրավունք ունի ներկայացնելու ցանկացած հարց կամ առաջարկությունների փաթեթ՝ քննարկման համար, այդ թվում եւ ՀՅԴ-ն: Սա կոալիցիայի որոշումն է, եւ նման բազմաթիվ քննարկումներ կոալիցիայի այս կան այն կուսակցության առաջարկությամբ կոալիցիայի նիստերում ՀՀ նախագահի ներկայությամբ քննարկվել են: Ես ուլտիմատումի որեւէ դրսեւորում այստեղ չեմ տեսնում: – Աշնանային նստաշրջանում կքննարկվի՞ ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու հարցը: – Իմ կարծիքով՝ պետք է արվի ամեն ինչ, որպեսզի նման վիճակ չառաջանա: Միեւնույն ժամանակ, իմ համոզմամբ, բոյկոտը եւս Աժ կանոնակարգում իրավական հստակեցման կարիք ունի եւ ես այդ կապակցությամբ արդեն համապատասխան հանձնարարություն տվել եմ պետաիրավական հանձնաժողովի նախագահին: Հայտնի է, որ երկու խմբակցություն արդեն իրենց գրություններով հայտնել են, որ բոյկոտում են ԱԺ նիստերը քաղաքական դրդապատճառներով: Սա նշանակո՞ւմ է, արդյոք, որ ցանկացած պատգամավոր եւս կարող է չգալ ԱԺ նիստերի եւ իր գրությամբ այն հիմնավորի քաղաքական դրդապատճառներով: Կամ՝ բոյկոտը ինչքա՞ն կարող է շարունակվել, արդյոք կարելի՞ է բոյկոտել չորս տարի շարունակ: Կամ՝ բոյկոտի դեպքում ի՞նչ իրավունքներ ունի պատգամավորը՝ ԱԺ անունից մասնակցել ԱԺ միջազգային գործունեությանը, օգտվել պատգամավորի մյուս իրավունքներից: Իմ կարծիքով՝ սրանք կանոնակարգման ենթակա հարցեր են: – Ընդդիմադիր պատգամավորներին խորհրդարան վերադարձնելու իր ջանքերում որքա՞ն է անկեղծ կոալիցիան եւ արդյո՞ք դրանով այն չի ձգտում ԵԽԽՎ-ի պահանջները կատարել: – Կարծում եմ՝ անկեղծ լինել-չլինելու խնդիր չկա, քանի որ ԵԽԽՎ-ի պահանջները վերաբերում են իշխանություններին եւ ընդդիմությանը: Կոալիցիան արել է մի շարք քաղաքական հայտարարություններ, որոնցով կոչ է արել ընդդիմությանը վերադառնալ խորհրդարան, համատեղ ձեռնամուխ լինել կուտակված խնդիրների լուծմանը: Ես որպես ԱԺ նախագահ՝ կազմակերպել եմ մի շարք քաղաքական կոնսուլտացիաներ՝ նպատակ ունենալով ապահովել մեր գործընկերների վերադարձը խորհրդարան, քանի որ ընդդիմության մասնակցությունը օրինաստեղծ գործընթացին էապես կբարելավեր այդ գործընթացների որակը: Ես գտնում եմ, որ ընդդիմությունը պետք է մասնակցի Սահմանադրության ու Ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկումներին, որոնք ոչ թե Հայաստանի Հանրապետության ներկային են վերաբերում, այլ՝ հետագա ընտրություններին ու երկրի ապագային: – Ինչպե՞ս եք գնահատում հայ մարզիկների փայլուն անհաջողությունը Աթենքում, արդյոք դա օրինաչափ շարունակությո՞ւնը չէ այն իրողության, որ սպորտը դարձել էր քաղաքականության միջոց: – Այն, ինչ տեղի ունեցավ մեր օլիմպիական հավաքականի հետ, ինչ խոսք, ցավալի էր: Կարծում եմ՝ լուրջ վերլուծություններ դեռ կարվեն, սակայն դրանք չպետք է լինեն անձնավորված, չպետք է արվեն հապճեպ եւ կանխակալ գնահատականներով: Պետք է կատարել մասնագիտական լուրջ փորձաքննություն, հասկանալ պատճառները, չէ՞ որ առջեւում մեզ սպասում են նոր փորձություններ Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում: Հայաստանում տակավին վերջերս Սպորտի պետական կոմիտեի ստեղծումը ցույց տվեց, որ սպորտի նկատմամբ կա բավարար պետական հոգածություն: Ես դեմ եմ ոչ միայն սպորտը, այլեւ ցանկացած համակարգ քաղաքականացնելուն: Բոլոր այն փորձերը, որոնք տանելու են որեւէ համակարգի քաղաքականացման, բերելու են անդառնալի կորուստներ ոչ միայն տվյալ բնագավառի, այլեւ երկրի համար: – Բոլո՞ր ՕԵԿ-ականներն են երազում արձաններ տեսնում, թե՞ դրա համար պիտի մշակույթի նախարար դառնալ: – Միքելանջելոն էլ էր երազում արձաններ տեսնում՝ չլինելով ոչ Իտալիայի մշակույթի նախարար, ոչ էլ… ՕԵԿ անդամ: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ