ՕՀԱՆ ԴՈՒՐՅԱՆԸ 82 ՏԱՐԵԿԱՆ Է
Ժամանակին մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյանը «սերնդափոխության»
ենթարկեց մեր ժամանակների մեծագույն երաժիշտ Օհան Դուրյանին՝ հայ հանդիսատեսին
զրկելով մաեստրոյի բարձրարժեք արվեստից։ Արդյունքում՝ օպերային արվեստը եւ
երաժշտարվեստը զարգացա՞վ, օպերային նվագախմբի որակը բարելավվե՞ց։
Ճիշտ հակառակը։ Սակայն նույնիսկ հիմա օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանը չի հանգստանում. վերջերս հեռուստահարցազրույցներից մեկում նա հայտարարել է, թե Դուրյանը պոտենցիալ չունի։ Մոսկովյան վերջին համերգներին ռուս խստապահանջ հանդիսատեսի ու մամուլի ամենաջերմ վերաբերմունքից հետո ինչպե՞ս բնորոշել Գեղամ Գրիգորյանի անհանգիստ վերաբերմունքը, ինչո՞ւ չի կարողանում հարգել Դուրյանի տաղանդը։ Նա հայտարարել էր նաեւ, որ Դուրյանը Մոսկվայում ընդամենը մեկ համերգ է ունեցել եւ նրա հետ այլեւս չեն ցանկանում աշխատել։ Դա սուտ է։ «Առավոտ» TV-ով ցուցադրվել են մաեստրոյի համարյա բոլոր մոսկովյան համերգները։
Եթե մի քանի տարի առաջ գոնե շնորհավորում էին Օ. Դուրյանի ծննդյան օրը եւ նրա ղեկավարությամբ որեւէ համերգ ցուցադրում, վերջին տարիներին վախենում են հիշել մաեստրոյի ծննդյան օրը, իսկ հեռուստաընկերությունները այլեւս չեն հիշում նրան։
Սիրելի մաեստրո, քո արվեստի հազարավոր երկրպագուները, համոզված ենք, ուրախ կլինեն «Առավոտի» միջոցով շնորհավորել ծննդյանդ օրը եւ մաղթել քաջառողջություն ու ստեղծագործական հաջողություններ։
ԱՐԱՅԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հ. Գ. Խմբագրություն էր զանգահարել նաեւ Օհան Դուրյանի արվեստի
երկրպագու Վահան Վարդապետյանը։ Նա հավաստիացնում էր, որ անձամբ է մասնակցել
մոսկովյան բոլոր համերգներին, նկարահանել այդ ամենը։ Ըստ Վ. Վարդապետյանի,
Դուրյանի համերգների տեսագրություններ են արվել մոսկովյան հեռուստաալիքների
կողմից ու մաեստրոյի բոլոր համերգներն անցել են լեփ-լեցուն դահլիճներում։
Համերգներին ներկա են եղել ԽՍՀՄ նախկին նախագահ Մ. Գորբաչովը, ՌԴ կոմպոզիտորների
միության նախագահ Կալենինը, հայ արվեստագետներ Արաքս Դավթյանը, Արմեն Ջիգարխանյանը
եւ ուրիշներ։