Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պոլսում հայ պատանիները գնալով թրքանում են

Սեպտեմբեր 08,2004 00:00

Սիամանթոն, Զոհրապը, Վարուժանը թուրքական դպրոցներում արգելված հեղինակներ են

Պոլսի հայկական դպրոցներում սովորում են մոտ 4 հազար հայ աշակերտներ, որոնք Հայաստանից միանգամայն տարբերվող ծրագրերով են անցնում մայրենի լեզուն, պատմությունն ու գրականությունը: «Մարմարա» թերթի գլխավոր խմբագրի օգնական Մաքրուհի Հակոբյանը պատմում է, որ այնտեղ մեր աշակերտներն անցնում են միայն Թուրքիայի պատմություն, իսկ հայ ժողովրդի պատմության մասին խոսք անգամ լինել չի կարող: Առաջ հարցն ավելի խիստ էր դրված: «Օրինակ, օսմանյան շրջանի պատմությունն անցնելիս՝ դասագրքերի մեջ այնպիսի բաներ էր գրված, որ իր տետրակին մեջ հայ աշակերտը կստիպվեր ինքզինքը գրել՝ հայերը ոճրագործ են, կոտորեր են, եւ այլն, ինչը մեզի համար շատ անպատեհ էր»,- ասաց Մ. Հակոբյանը: Վերջինիս հավաստմամբ՝ հիմա այլեւս դասագրքերում նման արտահայտությունների չես հանդիպի, քանի որ «սրբագրեցին, մեջերեն ջնջեցին»:

Ի դեպ, Պոլսում հայերեն դասագիրք հրատարակելը չափազանց դժվար ու երկարատեւ խնդիր է. «Երբ մեր մասնագետներն որեւէ դասագիրք են պատրաստում, հետո ան թրքերեն պիտի թարգմանվի, հետո Անկարա պիտի երթա, հետո կրթության նախարարը պիտի ան վավերացնե, հետո նոր միայն կարելի պիտի ըլլա գիրքը մեր վարժարաններու մեջ դասավանդել»: Բայց առավել մեծ խնդիրներ են առաջանում, երբ հատկապես հայ գրականության դասագիրք են պատրաստում, որովհետեւ բոլոր նյութերը գրաքննվում են ու մի շարք հեղինակներ, ինչպիսիք են Սիամանթոն, Գրիգոր Զոհրապը, Վարուժանը, ծրագրից հանվում են: Մ. Հակոբյանի կարծիքով, պիտի ուրախ լինենք, որ այնուամենայնիվ հայ գրականություն դասավանդում են: Այլ առարկաների դասագրքերը նույնպես տպագրվում են հայերեն, բայց նյութերը վերցվում են թուրքերեն տարբերակից՝ որպես համարժեք. «Հնարավոր է՝ նյութերը լրիվ չըլլան, բայց ծրագիրը վեյրիվարո նույնը պիտի ըլլա»:

Անկախ Թուրքիայի մշակած ծրագրերից՝ այստեղ մեծ դեր ունի ուսուցիչը: Տիկին Մաքրուհին էլ համաձայնեց, որ «ուսուցիչը եթե փափագի, ծրագրեն դուրս կրնա լայն ծանոթություններ տալ, եթե, իհարկե, պատրաստված ուսուցիչ է եւ լիովին գիտակից է իր կոչումին»:

Վերջերս «Մարմարա» թերթի գլխավոր խմբագիր Ռոպեր Հատտեճեանի՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին բանախոսության ժամանակ աղմուկ բարձրացավ այն հարցից, որ Պոլսում հայկական դպրոցների փոխտնօրենները հայ չեն: Մ. Հակոբյանն այս մասին ունի իր տեսակետը. «Անշուշտ, բոլոր դպրոցներու տնօրենները հայ են, իսկ փոխտնօրեններու դերը ավելի նվազ է: Թեեւ զանոնք կրթական նախարարի հետ ավելի շփման մեջ են, բայց մեր տնօրեններու խոսքն ալ կանցնի: Այնպես դուրս կուգա, որ հայ տնօրենները կտիրապետեն, բայց փոխտնօրեններու հետ կփոխգործակցեն»: Մեր հարցին, թե ինչո՞վ է խանգարում փոխտնօրենը տնօրենին, Մ. Հակոբյանը պատասխանեց. «Անձեն կախյալ է: Ասկե առաջ՝ 1980-ական շրջանին, ավելի սեղմ էինք, այսինքն՝ փոխտնօրենները տնօրեններու վրա կիշխեին, անոնց նեղություն կպատճառեին, հիմա՝ ոչ այդքան»: Բայց դժվար ժամանակներն անցել են ու փուլ առ փուլ հաղթահարելով բոլոր խոչընդոտները՝ հասել են այն առավելությանը, որ հայկական դպրոցներում հավասարակշռված վիճակ է ստեղծվել: Ու եթե առաջ «օրինակի համար՝ հանդեսին մը ընթացքին հայերեն արտասանություն մը չպիտի ըսեին, կամ եթե հայերենը պիտի ըսեին, թրքերենն ալ պիտի ըսեին», հիմա արդեն ընտրության հնարավորություն կա: Տիկին Մաքրուհին նշեց, որ դպրոցում հայ աշակերտները՝ հատկապես բարձր դասարանցիները, մեծ ձգտում են ցուցաբերում՝ իմանալու իրենց հայրենիքի մասին, հայերեն են խոսում, բայց նրանց առօրյա լեզուն մնում է թուրքերենը. «Նկատել եմ, որ փողոցում երեխաներն իրար հետ միայն թուրքերեն են շփվում, այսինքն, ինչ էլ որ անենք, նրանք Հայաստանեն զատ դեպի թուրքերն ու Թուրքիան են գնում»: Ըստ Մ. Հակոբյանի՝ այսպես կոչված «խառը ամուսնություններն» էլ մի կողմից են նպաստում, որ նրանք հայերենը մոռանան ու թրքանան:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել