Բայց
նրանց չեն աջակցում
Այս տարի շուրջ 45 հազար դպրոցականներ տոնեցին իրենց առաջին զանգը: Տառաճանաչ դառնալու, կրթություն ստանալու անհրաժեշտությունը, բնականաբար, զգում են նաեւ ֆիզիկական արատ ունեցող երեխաները: Հասկանալով, որ մեր կառավարությանն այնքան էլ չի հուզում հաշմանդամ երեխաների կրթություն ստանալու հարցը, նրանցից շատերը փորձում են ընդգրկվել այս կամ այն հասարակական կազմակերպությունում: «Փիլադելփիան» նմանատիպ մի նորաստեղծ կազմակերպություն է, որն ունի 260 շահառու: ՀԿ նախագահ Հովիկ Իսրայելյանի կարծիքով, այսօր հաշմանդամ երեխաների համար չկա համապատասխան կրթական հաստատություն, իսկ առողջապահության նախարարության համապատասխան օժանդակ դպրոցները հաշմանդամներին դարձնում են էլ ավելի պարփակված ու ինքնամփոփ չեն օգնում՝ դրսեւորելու իրենց բացառիկ ունակություններն ու տաղանդը: Պարոն Իսրայելյանի հավաստմամբ՝ հաշմանդամ երեխաներն ունեն ոչ միայն կրթական, այլեւ դեղորայքային խնդիրներ: Առողջապահության նախարարության՝ պետպատվերի շրջանակներում հատկացվող դեղորայքը չի բավարարում, իսկ 3000-4000 դրամ ամսական թոշակով դժվար է լինում ընտրություն կատարել՝ հագու՞ստ գնել, սնու՞նդ, թե՞ դեղորայք: Ի դեպ, 4000 դրամ ստանալն էլ մեծ բախտավորություն է, քանի որ քչերին է հաջողվում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցներին «ապացուցել» իրենց ակնհայտ ֆիզիկական արատները: Մեր հարցին, թե նախարարության կողմից հաշմանդամ երեխաներն ի՞նչ օգնություն են ստանում, Հ. Իսրայելյանը պատասխանեց. «Երեխաներից շատերն այդ օգնություններից հրաժարվում են, ասում են՝ ինչների՞ս է պետք այդ կես կիլոգրամ լոբին ու ոսպը, եթե այն պետք է ստանանք քաշքշուկներից հետո: Երբեմն միայն ստիպված են լինում վերցնել նախարարության տրամադրած օգտագործված հագուստները, քանի որ բարդ հաշմանդամները սայլակ չունենալու պատճառով չորեքթաթ են շարժվում ու մաշում հագուստները»:
«Փիլադելփիայի» նախագահը խանդավառությամբ էր խոսում Թեհրանի հայ համայնքի հաշմանդամների կազմակերպությունից ստացած այն առաջարկության մասին, որ շուտով հնարավոր է համագործակցեն ու մասնագետներ փոխանակելուց բացի երեխաներին համակարգիչներ տրամադրեն: Բայց խնդիրն այն է, որ այստեղ Թեհրանից բերած մասնագետներն ու համակարգիչները չեն էլ կարողանալու օգտագործել՝ տարածք չունենալու պատճառով: Երկու ամիս առաջ կազմակերպությունն Ավանի թաղապետարանի միջնորդագրով ստացել է 180 քմ տարածք, որտեղ երեխաների հետ աշխատելու տարրական պայմաններ չկան: Վերջերս ժամկետը լրացել է, ու հաշմանդամներին խնդրել են դուրս գալ:
Հ. ՋԵԲԵՋՅԱՆ