Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԿՐՊԱԿԱՅԻՆ ՏԵՌՈՐ» ԳՈՒՄ-Ի ՏԱՐԱԾՔՈՒՄ

Սեպտեմբեր 08,2004 00:00

Բացօթյա
առեւտուրը վերացնելու ծրագիրն օդի մեջ թողած, Երեւանի քաղաքապետարանը ձեռնամուխ
է եղել նոր ծրագրի՝ դադարեցնել մինչեւ 20 քմ կրպակներին նոր հողհատկացումները՝
մայրաքաղաքի «դիմագիծը» շտկելու նպատակով։
Այդ մասին վերջերս հայտարարեց քաղաքապետ Ե. Զախարյանը, նշելով, որ Կենտրոն եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքներում գործընթացն ուժի մեջ է, մնացածներն էր՝ աստիճանաբար։ Քաղաքապետը ոչինչ չասաց արդեն առկա կրպակների ապամոնտաժման մասին, սակայն Խորենացի 35 հասցեում (ԳՈՒՄ-ի շուկայի հարակից տարածք) տեղակայված շուրջ 30 կրպակների գլխին արդեն ամպեր են կուտակվել։ Խմբագրություն եկած կրպակատերերի պատմելով, օգոստոսի 30-ին ԳՈՒՄ-ի շուկայի (չշփոթել «Տաշիրի» հետ) տնօրենն իրենց տեղեկացրել է, որ 2 օրվա ընթացքում տարածքն ազատեն։ Անսպասելի լուրը մեկնաբանվել է այսպես. թաղապետարանը տեղում կառուցելու է եռահարկ ավտոկայանատեղի։ Կրպակատերերն առաջարկել են իրենց վաճառքի կետերը տեղավորել նորակառույցի առաջին հարկում, սակայն թաղապետարանում դրան չեն համաձայնել։ «Առավոտի» հետ զրույցում Կենտրոն թաղապետարանի մամուլի պատասխանատու Արամ Յավրումյանը մեզ փոխանցեց թաղապետարանի դիրքորոշումը. «Այդ կրպակները համաճարակի աղբյուր են, մթերքը սփռված է մայթով մեկ, ինչն այլեւս անթույլատրելի էր։ Մենք առաջարկել ենք տեղափոխվել ԳՈՒՄ-ի շուկայի տարածք՝ մի մասն արդեն համաձայնել է ու դիմում գրել։ Թեպետ նրանցից միայն մեկն ունի պայմանագիր մինչեւ 2006 թ., մնացածինը լրացել է 2001-ին (եւ ավելի շուտ), պայմանագրերը չեն երկարացվել, հարկեր չեն մուծվել։ Չնայած նախկին թաղապետը որեւէ ծրագիր այս տարածքում չուներ։ Իսկ այստեղ թաղապետարանը նախատեսել է կառուցել վերգետնյա ավտոկանգառ, ինչի անհրաժեշտությունը Կենտրոն համայնքում մեծ է»։ Սակայն «Առավոտի» թղթակիցը տեղում պարզեց, որ մինչեւ 2004 թ. վերջը թաղապետարանի հետ պայմանագիր ունեն բոլորը (մի քանիսի պատճեները մեզ մոտ են)։ Նրանք ցույց տվեցին նաեւ օգոստոս-սեպտեմբերին համայնքին փոխանցված գումարների անդորրագրերը։ «Թե չէ մեզ կթողնեի՞ն մի օր աշխատեինք»,- ասացին կրպակատերերը։

Թաղապետարանից հիշեցրին, որ թեեւ կրպակները դրանց տերերի սեփականությունն են, բայց հողի վարձակալության պայմանագիրը ժամանակավոր է եւ պետության կարիքների համար անհրաժեշտ պահին կարող է դադարեցվել։

Այս տարածքում կրպակներ տեղադրվել են 80-ականներին։ Յուրաքանչյուրը եղել է ինչ-որ հիմնարկի վաճառքի կետ՝ «Հայգիրք», «Սննդառ», «Հայմամուլ» եւ այլն։ 1993-ից դրանք վերափոխվել են միատեսակ տիպային կրպակների եւ վաճառվել անհատներին։ Նոր տերերը յուրաքանչյուր 4 քմ-անոց խանութի համար վճարել են բավականին թանկ, մինչ օրս վճարել բոլոր հարկերը, սակայն այսքան տարիների աշխատանքից հետո, պարզվում է, պետք է հրաժարվեն աշխատատեղից էլ, կրպակից էր։ Դա մեր այցելուների համար շատ ծանր հետեւանքներ կարող է ունենալ, որովհետեւ յուրաքանչյուր վաճառակետ առնվազն երկու ընտանիք էր կերակրում։ Իսկ ԳՈՒՄ-ի շուկա տեղափոխվելուց հետո նրանք անհատ ձեռներեցից վերածվում են վարձու աշխատողի, որը ոչ նույնքան շահույթ կբերի, ոչ էլ նույնքան ապահով է որպես աշխատատեղ։ «Երկրի նախագահն ու վարչապետը աջակցում են փոքր ձեռներեցությանը, նրանք չեն թողնի, որ մեր խանութները մեր ձեռքից խլեն»,- հուսով էին կրպակատերերը։

Տարածքն ազատելու մասին զգուշացումից հետո թաղապետարանից այլեւս չեն եկել ու նրանց չեն անհանգստացրել։ Խմբագրության այցելուների վերջին տեղեկությամբ, թաղապետարանում քննարկում են «մեր կրպակներն ավտոկայանատեղի առաջին հարկում թողնելու հարցը»։ Մինչդեռ թաղապետարանի մամուլի պատասխանատուի հետ զրույցից պարզ դարձավ, որ «մեկուկես ամսից հետո տարածքն անճանաչելի կդառնա, դրսում առեւտուր չի լինելու»։ Այսպիսով, գործընթացը հիմնավորվում է փողոցային առեւտրի վերացման ծրագրով: Այդ ծրագիրը կարեւոր է, բայց խնդրի հարթ լուծումը գտնված չէ։

ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել