Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ոչ ՆԱՏՕ, ոչ ԿԱՊ

Սեպտեմբեր 08,2004 00:00

Արդյոք
դա հնարավո՞ր է
«Այն բոլոր ցավոտ խնդիրները, որ կան տարածաշրջանում, պետք է լուծենք մենք՝ ինքներս, եւ կարեւոր չէ՝ ինչ-որ մեկը վախենում է Ռուսաստանից, թե հույսը կապում է Արեւմուտքի կամ աշխարհագրական այլ ուղղությունների հետ: Մեր տարածաշրջանում եւ Արեւմուտքը, եւ Ռուսաստանն իրենց տարբեր շահերն ու հետաքրքրություններն ունեն, ուստի մենք՝ Հարավային Կովկասի երկրներս, պետք է փորձենք միմյանց հետ համագործակցության եզրեր գտնել տարբեր ոլորտներում՝ պետական, հասարակական, անձնական շփումներում: Ինչ վերաբերում է տարածաշրջանային համագործակցությանն ու ինտեգրացիային, ապա ամենաչեզոքն այդ հարցում Հայաստանն է»,- անդրադառնալով եվրոպական կառույցներին, այդ թվում՝ ՆԱՏՕ-ին, ՀՀ-ի ինտեգրվելու խնդրին՝ նկատել է ՀԺԿ մամլո քարտուղար Ռուզան Խաչատրյանը:

Վաղուց արդեն մի շարք դիտորդներ եւ քաղաքագետներ կարծիք են հայտնել, թե ընդդիմությանն անհրաժեշտ է հստակեցնել իր դիրքորոշումներն ու աշխարհաքաղաքական մոտեցումները, եթե, իհարկե, վերջինս ուզում է լուրջ այլընտրանք լինել գործող իշխանություններին: Սակայն մինչ օրս հարթակում գործող ընդդիմության տեսակետները, մասնավորապես՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորման, նաեւ՝ Հայաստանի անվտանգության համակարգի ընտրության առնչությամբ, տակավին անհայտ են:

Ահավասիկ արդեն երկրորդ անգամ մասնավորապես ՀԺԿ մամլո քարտուղար Ռուզան Խաչատրյանը, որ Հարավային Կովկասի՝ միջազգային կառույցներին ինտեգրման հարցերի քննարկման ակտիվ մասնակիցն է դառնում «Համաձայնություն» կենտրոնի հրավիրած սեմինարների ժամանակ, ընդդիմության որդեգրած այդ նույն գիծն է տանում՝ հավանաբար, հույս ունենալով շահել հասարակության թե արեւմտամետ եւ թե ռուսամետ հատվածների համակրանքը: Մասնավորապես անցած շաբաթ, հիշյալ կենտրոնի եւ Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամի նախաձեռնած միջազգային կոնֆերանսի ժամանակ, որին մասնակցում էին վրացի եւ ադրբեջանցի քաղաքական եւ հասարակական գործիչներ, անդրադառնալով մասնավորապես Հարավային Կովկասի երեք պետությունների՝ ՆԱՏՕ-ին ինտեգրվելու անխուսափելիությանը, որի մասին խոսեց վրաց պատվիրակներից մեկը, Ռ. Խաչատրյանն ընդգծեց, թե՝ տարածաշրջանի երկրները պետք է հավասարակշռեն իրենց հարաբերությունները, եւ իրենց անվտանգությունը չկապեն ոչ ՆԱՏՕ-ի, ոչ Ռուսաստանի (ԱՊՀ Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի՝ ԿԱՊ.- Ն. Մ.) հետ. «Մենք պետք է հավասարակշռենք այդ հարաբերությունները: Ինքներս գտնենք լուծում. ամբողջովին հուսալ կամ ՆԱՏՕ-ի, կամ Ռուսաստանի անվտանգության համակարգի վրա չի կարելի: Պետք է մտածել այլ բան, որը նկատի կառնի մեր ցավոտ եւ ազգային հիմնախնդիրները: Իսկ ի՞նչ՝ եկեք միասին մտածենք»: Ներկաները հիշեցրին, որ մեր հարեւան Վրաստանն ու Ադրբեջանն արդեն հստակորեն ճշտել են իրենց տեղը անվտանգության համակարգում՝ ընտրելով ՆԱՏՕ-ն: Նաումանի հիմնադրամի ներկայացուցիչ Ասպարուխ Պանովի կարծիքով, նկատի ունենալով աշխարհում առկա ռեալությունները՝ «ոչ ՆԱՏՕ, ոչ ԿԱՊ» դիրքորոշումը պարզապես նշանակում է ինքնամեկուսացում աշխարհից:

Իր ելույթում քաղաքագետ Իվլիան Խաինդրավան նկատեց, թե ՌԴ հովանու ներքո ձեւավորված ԱՊՀ ԿԱՊ-ը բլեֆ է, եւ դա են վկայում նաեւ միայն վերջին 10 օրերի ընթացքում ՌԴ-ում տեղի ունեցած երեք խոշոր ահաբեկչական ակտերը:

Ռուզան Խաչատրյանը՝ թերեւս նկատի ունենալով Հայաստանի ռուսամետ կողմնորոշումը, նկատեց, թե աշխարհաքաղաքական կողմնորոշումները «եւ օբյեկտիվ, եւ սուբյեկտիվ են, կա նաեւ զգացմունքային գործոն, որը չի կարելի հաշվի չառնել»:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել