Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՎՍ ՄԻ ԱՆԳԱՄ ՉՇՏԱՊԵՆՔ

Սեպտեմբեր 07,2004 00:00

ԵՎՍ ՄԻ ԱՆԳԱՄ ՉՇՏԱՊԵՆՔ «Խորհրդային Հայաստան» ֆորումի նախաձեռնությունը՝ վերականգնել Խորհրդային Հայաստանի օրհներգը, զինանշանը եւ դրոշը, հավանաբար, այսօրվա Հայաստանի ամենահրատապ խնդիրը չէ: Մի անգամ մենք շտապեցինք վերականգնել Առաջին հանրապետության պետական խորհրդանիշները, եւ հետո հասկացանք, որ դրանք ամենահարմարը եւ կիրառելին չեն: Հիմա նույնը չանենք Երկրորդ հանրապետության խորհրդանիշների հետ: Մի կողմ թողնելով զինանշանն ու դրոշը, համաձայն եմ, որ «Մեր հայրենիքի» երաժշտությունը հեռու է պետության օրհներգ լինելուց եւ տասը գլուխ ցածր է Արամ Խաչատրյանի երաժշտությունից: Ի վերջո, մենք 20-րդ դարում աշխարհի կողմից միանշանակորեն ճանաչված միայն մեկ կոմպոզիտոր ունեինք, եւ հենց նա է առաջին հերթին արժանի Հայաստանի օրհներգի երաժշտության հեղինակը լինելու: Ֆորումի նախաձեռնության մեջ ամենավատը քաղաքական ենթատեքստն է՝ իր անվանումից սկսած: Մի բան է, երբ դու կողմ ես վատ երաժշտությունը լավով փոխարինելուն: Այլ է, երբ այդ նախաձեռնությամբ ուզում ես ապացուցել, որ խորհրդային կարգերն ավելի լավն էին, քան այսօրվանը, կամ որ Հայաստանը պետք է անկախ երկիր չլինի: Դրանից անհիմն կարոտախտի եւ ռեստավրացիայի հոտ է գալիս, ինչի հետ շատ-շատերս համաձայն չենք լինելու: Կա եւս մի խնդիր. բնականաբար, պետք է փոխվեն օրհներգի խոսքերը: Բայց դրանք հենց այնպես չեն կարող ծնվել: Սիրված եւ հասարակության կողմից «կոնսենսուսով» ընդունված լինելու դեպքում այդ խոսքերը պետք է բխեն ժողովրդի սրտից: Իսկ դրա համար պետք է համընդհանուր ոգեւորություն, ազգային վերելք, որը չկա: Այսօրվա հիասթափության եւ ապատիայի պայմաններում դա կլինի ժողովրդի վզին փաթաթած հերթական տեքստը: «Մեր հայրենիքի» նման, որը չգիտենք՝ ազատ-անկա՞խ է, թե՞ թշվառ-անտեր: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել