Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԱՐԶԵՐՈՒՄ ԴԱՍԱՎԱՆԴԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ

Սեպտեմբեր 07,2004 00:00

ՄԱՐԶԵՐՈՒՄ ԴԱՍԱՎԱՆԴԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ Կառավարության 2003թ. թիվ 1412 որոշման համաձայն, գործում է ՀՀ հեռավոր, սահմանամերձ, լեռնային եւ բարձր լեռնային բնակավայրերի՝ «ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մանկավարժական կադրեր գործուղելու կարգը: Գործուղվող մանկավարժների համար սահմանվել են մի շարք արտոնություններ ու ֆինանսական փոխհատուցումներ՝ ճանապարհածախսի համար (տարեկան մինչեւ 4 անգամ), բնակարանի վարձի համար՝ ամսական 10 հազար դրամ, գույքի տեղափոխման համար՝ 15 հազար, կեցության այլ ծախսերի համար՝ ամսական 5000 դրամ: Բացի այդ, Համաշխարհային բանկը նրանց կնվիրի 500 ԱՄՆ դոլար (մեկ անգամ): Փաստերը ցույց են տալիս, որ թեպետ մայրաքաղաքի ուսուցիչների կրճատված զանգվածը կարծում է, որ ինքը պետք էր դպրոցին եւ տնօրենն իրեն անարդարացի ազատեց աշխատանքից, այնուամենայնիվ, նրանցից շատ քչերն են համաձայնում նույնիսկ վերոնշյալ պայմաններով գնալ մարզեր՝ ուսուցանելու: Այս տարի մարզերի 382 թափուր տեղերից 230-ը միայն Շիրակի մարզին է բաժին ընկել: Այս մարզում թափուր է 10 դասվարի, 27 հայոց լեզվի, 35 ռուսաց լեզվի, 18 օտար լեզվի, 24 մաթեմատիկայի, 31 պատմության, 25 աշխարհագրության եւ մի շարք այլ մասնագետների տեղեր: Այս պահի դրությամբ, Շիրակի մարզում գործուղում ստանալու ցանկություն է հայտնել դեռեւս 3 ուսուցիչ: Ի դեպ, գործուղվելու իրավունք ունեն բարձրագույն կրթությամբ ՀՀ քաղաքացիները, մանկավարժական բուհերի նախավերջին եւ ավարտական կուրսերի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները՝ ուսման անհատական ժամանակացույցի տեղափոխվելուց հետո: Ուսուցիչներ ընտրելիս նախապատվությունը կտրվի տվյալ մարզի բնակչին, մանկավարժական որակավորում ունեցող մասնագետներին: Հետաքրքիր է, որ, ըստ վիճակագրության, մարզի ուսանողներն առանձնապես ցանկություն չեն հայտնում անցնել անհատական գրաֆիկի՝ իրենց իսկ բնակավայրերում դասավանդելու համար: Միայն Արագածոտնի մարզ գործուղվածների ցանկում կա 1 այդպիսի ուսանող: Հ. Բ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել