Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՄԵԴԱԼԻ ՃԱՄՓԱՆ ՆԱԽԱՊԵՍ ԷՐ ՓԱԿՎԱԾ

Սեպտեմբեր 07,2004 00:00

ՄԵԴԱԼԻ ՃԱՄՓԱՆ ՆԱԽԱՊԵՍ ԷՐ ՓԱԿՎԱԾ Համոզված է Ռաֆայել Մեհրաբյանը Աթենքում Հայաստանի օլիմպիական պատվիրակությունից համեմատաբար հաջող հանդես եկավ բռնցքամարտիկ, 48 կգ քաշային Ալեքսան Նալբանդյանը, որը տարավ երկու հաղթանակ. մեկնարկում՝ ֆրանսիացի Ռեդուան Ասլումի (27:20), 1/8 եզրափակիչում՝ իրաքցի Նաջահ Ալիի (24:11) նկատմամբ եւ քառորդ եզրափակիչում միավորներով զիջեց Չինաստանի ներկայացուցիչ Շիմին Զուին: Այսուհանդերձ, 33-ամյա մեր վետերանի մրցելույթներն ամառային օլիմպիական խաղերում նույնպես չեն բավարարում մեր մարզասերներին: Բռնցքամարտը Հայաստանում եղել է առաջատար մարզաձեւերից մեկը, ու գրեթե միշտ ամենահեղինակավոր մրցումներից կաշվե ձեռնոցի մեր վարպետներն առանց մեդալների տուն չեն վերադարձել: Աթենքում Հայաստանի մարզական դրոշի պատիվը պաշտպանելու իրավունքը վարկանիշային մրցաշարերում նվաճել էր միայն Ալեքսան Նալբանդյանը: Այնպես որ, նրա արդյունքների գնահատականը երեկ փորձեցինք ճշտել հանրապետության ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանից, մասնագետ, որին ճանաչել, գնահատել ու վստահել են ոչ միայն նախկին ԽՍՀՄ հավաքականում, այլեւ 1996-2002 թվականներին՝ Հունաստանում, ուր նրան հրավիրել եւ վստահել էին այդ երկրի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը: – Պարոն Մեհրաբյան, դուք, որ մի քանի տասնամյակ նվիրաբերել եք բռնցքամարտին եւ այդ ոլորտում տեսել ամեն բան, ինչպե՞ս եք գնահատում Ալեքսանի արդյունքները Հունաստանում: – Քանի որ նա առաջին երկու հանդիպումները գրանցել է իր օգտին, դրանց մասին խոսելն ավելորդ է: Միանգամից ասեմ, որ չինացի մրցակցի կողմից, որքան էլ վերջինը ուժեղ էր, Ալիկը չպարտվեց: Ես շատ եմ դիտել այդ մենամարտի տեսաժապավենը: Մարզաձեւից էլ գլուխ հանում եմ: Ու գնալով համոզվում եմ, որ այդ մենամարտում մրցավարները Ալիկին «գլխատեցին»: Ընդ որում, դա միայն իմ տեսակետը չէ: Այդ մարտը Խաղերի օրերին առնվազն երեք անգամ ցուցադրեցին նույնիսկ Հունաստանի հեռուստատեսությամբ: Ինձ հետ համակարծիք են նաեւ մասնագետներից շատերը, որոնք ոչ մի կապ ու անձնական շահագրգռվածություն չունեն ոչ Ալիկի, ոչ էլ հայկական բռնցքամարտի հաջողությունների հետ: – Մենք արդեն վաղուց ենք սովորել անհաջողությունների պատճառը մրցավարության, վիճակահանության վրա բարդել: Տվյալ դեպքում ինչպե՞ս է դա կատարվել: – Ես մեր մարզաձեւում շատ բան եմ տեսել ու շատ բան գիտեմ: Ինքնաարդարացման խնդիր էլ չունեմ: Այսօր, ցավոք, սպորտում կորել է մարզական ազնիվ պայքարի գաղափարը: Սպորտը ավելի շատ քաղաքականություն ու բիզնես է դարձել: Նման կարգի մրցումներում հիմնական պայքարը ծավալվում է ոչ թե ռինգում, այլ դրանից շատ ավելի վաղ՝ կուլիսներում: Ու հաղթանակած ելնում են նրանք, ովքեր ավելի արդյունավետ են աշխատում մինչեւ բուն մրցումները: Հարգում եմ բոլոր հավատքները: Բայց տեսեք, թե ինչ է կատարվում մեր մարզաձեւի եվրոպական ու համաշխարհային ֆեդերացիաներում: Դրանցում ամենագլխավոր ու պատասխանատու պաշտոնները զբաղեցնում են Չաուդրին (Պակիստան), Դագանելը (Թուրքիա), Աբիեւը (Ադրբեջան), Օսմանը (Եգիպտոս): Նրանք են որոշում ամեն բան, այդ թվում՝ նաեւ մրցավարներին: Ու ամենեւին էլ պատահական չէ, որ բռնցքամարտի այնպիսի հզոր դպրոց ունեցող երկիր, ինչպիսինն, ասենք, Ուկրաինան է, Աթենքում ոչ մի մեդալ չնվաճեց: Դրա փոխարեն Եգիպտոսը տուն տարավ երեք, Ադրբեջանը՝ երկու մեդալ: Որպես մասնագետ՝ ասում եմ. օլիմպիական խաղերի նախապատրաստության ողջ ընթացքում, համենայնդեպս, իմ աշխատած մեկ տարի ութ ամսվա ընթացքում, պետության, մեր օլիմպիական կոմիտեի հետ կապված որեւէ խնդիր չենք ունեցել: Կատարվել է հավաքականի ներկայացրած ծրագրի ամեն մի կետ: Ձախողումներից, պարտություններից ոչ ոք ապահովագրված չէ, առավել եւս՝ նախապես որոշված: – Ձեր բերած այս փաստարկները համոզիչ են: Բայց արդյո՞ք դա նշանակում է, որ մեզ մոտ՝ Հայաստանում, ամեն բան անթերի է արվել: Օրինակ, բռնցքամարտի ֆեդերացիան, որ գլխավորում է ՆԳ նախարար Հայկ Հարությունյանը, որպես մարզաձեւի հիմնական ու գլխավոր պատասխանատու՝ նախապատրաստության ողջ ընթացքում երբեւէ քննարկե՞լ է կատարվող աշխատանքի ընթացքը, տվե՞լ է լավ կամ վատ գնահատական, նոր առաջարկ: Կամ, ասենք, մարզչական խորհուրդը, որում ընդգրկված են հանրապետության լավագույն մասնագետները, որոնք բավականին մեծ ճանաչում ունեն աշխարհում: Ինձ թվում է, որ դրանք, որպես այդպիսին, ձեւականորեն են գոյություն ունեցել: Հակառակ դեպքում, կարծում եմ, մենք Աթենքում ընդամենը մեկ մասնակից չէինք ունենա: – Հարցադրմանը համամիտ եմ: Հնարավոր էր լավ ու արդյունավետ աշխատել: Իսկ ինչ վերաբերում է մեր բռնցքամարտիկների քանակին, դա մեզանից կախված չի եղել, չնայած եւ օլիմպիական կոմիտեն, եւ ֆեդերացիան արել են հնարավոր ամեն բան: Օրինակ, վարկանիշային մրցաշարերից երկուսին՝ Բաքվում եւ Շվեդիայում, մասնակցել չկարողացանք: Առաջին դեպքում Ադրբեջանը ամիսներ շարունակ միջազգային ֆեդերացիայի գործկոմներում խոստանալով ապահովել հայաստանցի մարզիկների անվտանգությունը՝ այդպես էլ խաբեց բոլորին, իսկ երկրորդում՝ Շվեդիան հայ բռնցքամարտիկների վիզաներն ուղարկեց մրցումներն սկսվելուց ընդամենը երեք օր առաջ (չնայած մեր մասնակցությունը հաստատող եւ վիզաների ուշացման մասին մեր բազմաթիվ պաշտոնական ծանուցումներին), որից հետո Գերմանիայի դեսպանատունը մեզ տեղեկացրեց, որ ձեւակերպումների համար պահանջվում է առնվազն յոթ-ութ օր: Ու ստացվեց, որ մենք, հակառակ մեր կամքի ու ցանկության, օգտվեցինք օլիմպիական ուղեգիր նվաճելու մեզ ընձեռվելիք հնարավորությունների մոտ հիսուն տոկոսից: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել