Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ի՞նչ է լինելու

Սեպտեմբեր 07,2004 00:00

Ի՞նչ է լինելու Աշխարհի առաջատար փորձագիտական կենտրոնները, ոչ առանց հիմքի, ռուսական Բեսլան քաղաքում տեղի ունեցած ողբերգությունը համեմատում են «սեպտեմբերի 11»-ի հետ: Հասկանալի է, որ զուգահեռները վերաբերում են ոչ միայն ու ոչ այնքան ահաբեկչության պատճառած հրեշավոր հետեւանքներին, որքան դրան հաջորդելիք մասշտաբային քաղաքական գործընթացներին: Փորձենք մենք եւս հասկանալ, թե ինչպիսին կդառնա աշխարհը «Բեսլանից» հետո: «Սեպտեմբերի 11»-ը որակապես փոխեց միջազգային իրադրությունը, եւ քաղաքակիրթ աշխարհը, ԱՄՆ-ի գլխավորությամբ, վերջապես հստակորեն ձեւակերպեց նոր ժամանակներում մարդկությանը սպառնացող գլխավոր սպառնալիքը, այն է՝ միջազգային ահաբեկչություն: Թե ինչ կատարվեց դրանից հետո, մանրամասնելու կարիք չկա. հաշված ամիսների ընթացքում կոալիցիոն-հակաահաբեկչական զորքերը Աֆղանստանում ոչնչացրին «Թալիբան»-ի ռեժիմն ու ձեռնամուխ եղան Սադամ Հուսեյնի տապալման՝ վաղուց ծրագրվող գործողությունների իրականացմանը: Իհարկե, իրաքյան կոմպանիան, ի համեմատ աֆղանականի, հակաահաբեկչական պայքարում ԱՄՆ երբեմնի դաշնակիցների (Ռուսաստան, Ֆրանսիա եւ այլն) կողմից նախկին ջերմեռանդությամբ չողջունվեց, բայց նաեւ չհանդիպեց այնպիսի կատաղի դիմադրության, ինչպիսին կարելի էր ակնկալել «սեպտեմբերի 11»-ի գործոնի բացակայության դեպքում: Նյույորքյան երկնաքերերի աննախադեպ փլուզումների ֆոնին ԱՄՆ-ն, ըստ էության, միջազգային հանրության կողմից ստացել էր ահաբեկչության դեմ բոլոր հնարավոր միջոցներով պայքարելու մանդատը: Այս համատեքստում թերեւս միամտություն է խոսել այն մասին, որ Իրաքում միջուկային զենք այդպես էլ չգտնվեց: Նման զենք Իրաքում չկար, եւ, անկախ հասարակական սպառման համար նախատեսված ամեն տեսակի «հանձնաժողովական ու հետաքննական խաղերից», Բուշի վարչակազմը հրաշալիորեն տեղյակ էր դրան: Արդյունքում՝ տեղի ունեցավ այն, ինչը պետք է տեղի ունենար: Բեսլանի ողբերգությունը, «սեպտեմբերի 11»-ից ներքին ու արտաքին բազմաթիվ հատկանիշներով տարբերվելով հանդերձ, այնուամենայնիվ, նյույորքյան ահաբեկչության հետ մի քանի խիստ էական աղերսներ ունի: Առաջին անգամ Մոսկվան չեչենական հարցը սեփական նախաձեռնությամբ մտցրեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ եւ, փաստորեն, առաջին անգամ ստացավ ՄԱԿ-ի անվերապահ աջակցությունը դրա՝ իբրեւ միջազգային ահաբեկչության բաղադրիչի դեմ պայքարելու հարցում: Առաջին անգամ Մոսկվայի թիկունքին կանգնեցին նաեւ Եվրամիության անդամ երկրները, ու նրանցից ոմանք, թեեւ մեծ դժկամությամբ, բայց խոստովանեցին, որ Ռուսաստանը միջազգային ահաբեկչության զոհ է, հետեւաբար ԱՄՆ-ի օրինակով իրավունք ունի պաշտպանելու իր քաղաքացիներին: Չխոստովանել չէին կարող. չափից դուրս նողկալի էր բեսլանյան ահաբեկչության մեթոդն ու չափից դուրս արյունալի՝ դրա հետեւանքները: Այժմ, որքան էլ ցինիկ հնչի, Ռուսաստանի ձեռքերն ազատ են, եւ ստեղծված նոր իրավիճակում նա կվարվի այնպես, ինչպես հարմար է գտնում: Ի դեպ, ՌԴ նախագահ Պուտինը եւս այդ մասին գրեթե բացահայտորեն ակնարկեց: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել