ՆՐԱՆՔ ԹԱՔՑՐԵԼ ԵՆ ԻՐԱԿԱՆ ՏԻՐՈՋԸ Որ Մաքսային պետական կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանն է Արդեն հաղորդել էինք, որ գլխավոր դատախազության քննչական վարչության ՀԿԳ քննիչներ Նադիրյանը եւ Բասենցյանն ավարտել են օգոստոսի 24-ին Ծաղկաձորում լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու եւ խուլիգանության փաստի առնչությամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Արդեն կազմվել է մեղադրական եզրակացությունը եւ օրերս կուղարկվի դատարան: Իբրեւ տուժող՝ գործի նյութերին ծանոթանալուց հետո ավելի խորացավ այն դառը զգացումը, որ ապրել էի դեպքի օրը: Երբ այժմ արդեն մեղադրյալ Գագիկ Ստեփանյանը «Ֆոտոլուրի» թղթակից Մխիթար Խաչատրյանին հարվածելով ու հայհոյելով տանում էր Գրողների ստեղծագործական տան նախասրահով՝ ներկա էին բազմաթիվ տղամարդիկ: Եվ նրանցից ոչ մեկը չմիջամտեց՝ չփորձեց բռնել լկտիացած հանցագործի ձեռքը. իբր ոչինչ չէին տեսնում ու լսում: Հետո արդեն ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն Ազատ Եղիազարյանը տնօրեն Մովսես Մանուկյանի առանձնասենյակում խոստովանեց, թե նման բաների մասին կարդացել էր, բայց չէր տեսել, ու խիստ ցնցված էր բիրտ ուժի առջեւ մեր անզորությամբ: Եվ որքան մեծ էր մեր հիասթափությունը, երբ գործում առկա ցուցմունքներն ընթերցելով՝ տեսանք, որ վկաների մի մասը շարունակել է նույն՝ «ոչինչ չեմ տեսել, ոչինչ չեմ լսել, ոչինչ չեմ ասի» գործելակերպը: Սակայն եթե նման պահվածք է դրսեւորում ծաղկաձորցի այն վարորդը, որն իր մեքենայով ուղեկցել էր մեզ նկարահանումների ընթացքում՝ դեռ կարելի է փորձել հասկանալ. հասարակ ու անպաշտպան մարդ է, որ շարունակելու է ապրել Ծաղկաձորում եւ չի ցանկանում թշնամիներ վաստակել իր համաքաղաքացիների մեջ, մանավանդ որ՝ նրան արդեն իսկ արվել են ինչ-ինչ զգուշացումներ: Բայց զարմանալի է՝ ի՞նչ ունի կորցնելու երեւանցի մտավորականը, որը նույնպես տալիս է խուսափողական ցուցմունքներ, մի՞թե նրան էլ են վախեցրել: Այլապես ինչո՞ւ պիտի նույն Ազատ Եղիազարյանը ցուցմունք տար, թե չի տեսել՝ ինչպես է բռնություն գործադրվել: Նաեւ նշել է, թե իր մոտ «չի տպավորվել», որ Գագիկ Ստեփանյանը նախասրահում հայհոյանքներ տված լինի «կամ հարվածի որեւէ մեկին, այդ թվում՝ Մխիթար Խաչատրյանին»: Փոխարենն Ազատ Եղիազարյանն ավելորդ չի համարել ցուցմունքում անընդհատ շեշտել, թե Գագիկ Ստեփանյանն իրեն դիմում էր շատ հարգալից ու ներողություն խնդրում: Այս ամենն ընթերցելուց հետո անհնար էր այլ եզրակացության հանգել, քան այն, որ մենք իրոք հաճախ անզոր ենք լինում բիրտ ուժի առջեւ, քանի որ մարդկանց մի զգալի մասը, իրենց՝ «շառուփորձանքից հեռու» դիրքորոշմամբ, փաստորեն նպաստում է այդ բիրտ ուժի կամակատարների վիճակի թեթեւացմանը: Սակայն գործի նյութերին ծանոթանալով՝ արձանագրեցինք մեկ այլ ուշագրավ հանգամանք եւս: Մխիթար Խաչատրյանին խոչընդոտել էին լուսանկարել տների մի շարքի առջեւ, որոնց մեջ էր նաեւ ոստիկանապետի տեղակալ Արմեն Երիցյանի տունը, եւ սա առիթ էր դարձել, որ մեր հրապարակումներում շեշտեինք, թե հենց նրա պահակներն են հրահրել այս հաշվեհարդարը: Սակայն հարցաքննված պահակների ցուցմունքների մեջ մի օրինաչափություն նկատեցինք, որի լավագույն օրինակը ոմն Սաշա Մանուկյանի վկայությունն է: Առաջ անցնելով՝ բացահայտենք, որ հենց այս անձնավորությանն էին ահազանգել, թե «ինչ-որ մարդիկ են շրջում տարածքում եւ մեքենայի միջից նկարահանումներ կատարում», ու նա էլ շտապել էր Գրողների միություն: Ահա այս Սաշա Մանուկյանն իր ցուցմունքում նշում է, թե բանավոր պայմանագիր ունի Ալբերտ Երիցյանի հետ նրա տան տնտեսվարը լինելու ու պահակների աշխատանքը հսկելու վերաբերյալ: Իրենց հերթին պահակները նույնպես ցուցմունքներում շեշտել են Ալբերտ Երիցյանի անունը: Նշենք, որ խոսքը «Հայր եւ որդի Երիցյաններ» ու «Աթենք» մսամթերքների կոմբինատի սեփականատեր Ալբերտ Երիցյանի մասին է: Մինչդեռ մեզ հաստատապես հայտնի է, որ Ալբերտ Երիցյանն այլեւս առանձնատուն չունի Ծաղկաձորում, քանի որ տարիներ առաջ այն, ասենք այսպես՝ նվիրել է Մաքսային պետական կոմիտեի ղեկավար Արմեն Ավետիսյանին: Հիմա հարց է առաջանում, թե ինչո՞ւ են պահակները համառորեն շեշտել Ալբերտ Երիցյանի անունը եւ զգուշությամբ շրջանցել Արմեն Ավետիսյանին: Արդյոք նրանք իրական տիրոջը չե՞ն թաքցրել այն պատճառով, որ այդ պարագայում քննությանը հանկարծ ու կարող էր հետաքրքրել՝ տեղյա՞կ էր Մաքսային պետական կոմիտեի նախագահը, որ լրագրողներ են հայտնվել իր տան մոտ, եւ արդյոք նրա հրահանգո՞վ օգնության չկանչվեց Գագիկ Ստեփանյանը: Իսկ այս պարագայում արդյոք ՔՕ 164 հոդվածի (լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) 1-ին մասը, որ առաջադրված է այս գործով, չպիտի՞ լրացվի 2-րդով, այն է՝ նույն արարքը, որ կատարել է պաշտոնատար անձն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, որի պատժաչափի մեջ նաեւ առավելագույնը 3 տարի ժամկետով որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկումն է: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ