Սեպտեմբերի
16-ին Հայաստանի պետական կամերային նվագախումբը կներկայացնի երկու սոլիստների՝
Ավո Գույումջյանին (դաշնամուր)՝ Վիեննայից եւ Գարեգին Հովսեփյանին (բարիտոն)՝
Գերմանիայից:
Սեպտեմբերի 18-ին՝ ՀՊԿՆ-ի համերգաշրջանի բացման գալահամերգին նրանք զուգահամերգով հանդես կգան Չայկովսկու եւ Բրամսի գործերի կատարումներով: Գալահամերգին, բացի Ա. Գույումջյանից եւ Գ. Հովսեփյանից, ելույթ կունենան եւս երեք մենակատար՝ Լեւոն Չիլինգիրյանը՝ (ջութակ) Անգլիայից, Սամվել Բարսեղյանը (ալտ)՝ Բելգիայից, Նունե Բադալյանը (սոպրանո)՝ Երեւանից:
ՀՊԿՆ տնօրեն Արմեն Արաբյանը տեղեկացրեց, որ սեպտեմբերի վերջին նախատեսված են նաեւ արտագնա համերգներ՝ Ղարաբաղում: «Մտադիր ենք համերգ ունենալ Մարտունիում, որտեղ փառահեղ մշակույթի պալատ կա: Մարտունու մշակույթի պալատը կառուցված է Երեւանի Օպերայի շենքի մակետով ու ճարտարապետությամբ, միայն ավելի փոքր է: Համերգներ կլինեն Ստեփանակերտում, Շուշիում, Լաչինում»,- ասաց նա: Պրն Արաբյանի կարծիքով՝ անչափ կարեւոր են արտագնա համերգները, քանի որ Հայաստանի մարզերի հանդիսատեսը արդեն 10-15 տարի չի լսել դասական երաժշտություն: «Ուզում եմ անդրադառնալ հատկապես հուլիսի առաջին տասնօրյակում կայացած մեր վերջին՝ վանաձորյան համերգին: Վանաձորի երաժշտական ուսումնարանի դահլիճի բոլոր աթոռները, նույնիսկ կանգնելու տեղերը զբաղված էին, Սանահինի վանքային համալիրում եւս նվագեցինք, իսկ ամառային արտագնա համերգների ծրագիրը ավարտեցինք Իջեւանի մշակույթի պալատում»,- շարունակեց պատմել ՀՊԿՆ տնօրենը: Հայաստանյան արտագնա համերգներից հետո նվագախումբը պատրաստվում է մեկնել Վրաստան, Ռուսաստան եւ այլ երկրներ:
«Ի պատիվ մեր նվագախմբի երաժիշտների, պիտի ասեմ, որ նրանք ներողամտորեն են նայում մարզերի պայմաններին: Բավական է միայն բեմ լինի, այնպիսին, որ նվագախումբը կարողանա տեղավորվել: Նույնիսկ մարզային հյուրանոցներում ավելի հաճույքով ենք ապրում, քան արտասահմանյան 4-5 աստղանի հյուրանոցներում, որովհետեւ գիտակցում ենք, թե ինչ առաքելություն ենք իրականացնում: Համերգներով մարզեր այցելելը նաեւ մեր գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Արամ Ղարաբեկյանի ցանկությունն է: Եթե ամեն մի սփյուռքահայ, բացի խոսելուց, կարողանար իր բնագավառում Արամ Ղարաբեկյանի արածի 1%-ի չափով գործ անել, հաստատ մարզերում այսքան ցավագին վիճակ չէր լինի: Եվ հետո ավելի արդարացված կլիներ մեր այլ տարածքների մասին խոսելը: Իսկի եղածը չի պահպանվում ու վերականգնվում»,- ասաց նվագախմբի տնօրենը:
Պրն Արաբյանը անդրադարձավ նաեւ «Առավոտի» նախորդ համարում Նյու Յորքի «Հայ կենտրոնի» տնօրեն Րաֆֆի Սվաջյանի բարձրացրած խնդրին: Պրն Սվաջյանի կարծիքով՝ «Մեր հայրենիքը» պարզունակ ու խայտառակ երգ էր, նա առաջարկում էր վերադառնալ Խորհրդային Հայաստանի խաչատրյանական շքեղ օրհներգին: «ՀՀ օրհներգի մասին շատ է խոսվել, այն Խաչատրյանի գրած օրհներգով փոխարինելուն իրենց հավանությունն են տվել մշակույթի նախարարն ու փոխնախարարը: Երեւի պարզապես այն իրականացնելու մեխանիզմը չգիտեն: Յուրաքանչյուր երկրի դեմքը իր օրհներգն է: Աշխարհը մեզ գիտի Խաչատրյանով: Նախկին հիմնը դեն նետելը ճիշտ չէ, ոչ թե միայն այն պատճառով, որ Խաչատրյանինն է, այլեւ նրա համար, որ փառահեղ ստեղծագործություն է: Հետաքրքիր է, տեսնես Լորիս Ճգնավորյանը դեռ չի՞ զղջում իր այս արարքի համար,- մտահոգված է Ա. Արաբյանը:՝ Հիշեցնենք, որ «Իտալացի աղջկա երգը» Հայաստանի օրհներգ դարձնելու գաղափարը պատկանում էր Լորիս Ճգնավորյանին:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ