Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մարտունու քաղաքապետն անվտանգ է

Սեպտեմբեր 07,2004 00:00

Քրգործի վարույթը կարճվել է

Այս տարվա մարտի 6-ին, ժամը 17-ի սահմաններում Մարտունու քաղաքապետարանի շենքի նիստերի դահլիճում, ուր ընթանում էր ՀՀ կառավարության անդամների հանդիպումը ազգաբնակչության հետ, քաղաքապետ Ռաշիդ Մհերյանը վիճաբանել ու ծեծի էր ենթարկել կոմկուսի շրջկոմի առաջին քարտուղար Ռադիկ Հարությունյանին։ Վիճաբանության ժամանակ Ռադիկ Հարությունյանին պատճառվում է «թեթեւ վնաս՝ առողջության կարճատեւ քայքայումով»։ Ծեծկռտուքին միացել էին նրա եղբայրը՝ Վոլոդյան, եւ որդին՝ Վարազդատը։ Ուշադրության արժանի էր այն, որ ծեծկռտուքի պահին նիստերի դահլիճում էր գտնվում տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, լրատվամիջոցներ («Կենտրոն», «Ար», «Շանթ»), ոստիկաններ, որոնց միջոցով էլ կանխվել է միջադեպը։

Ռաշիդ Մհերյանը «անկեղծորեն զղջացել» էր կատարած արարքի համար եւ քրեական գործի նախաքննության փուլում հայտնել էր, թե լսել է իր հասցեին «վիրավորական ու վարկաբեկող բնույթի խոսքեր»։ Նա նաեւ հայտնել էր, թե ստացել է մարմնական վնասվածք։ Նույնը պնդել էր քաղաքապետի եղբայրը, որի մարմնին, դատաբժշկական կրկնակի փորձաքննությունների ենթարկելով, չհայտնաբերեցին «վնասվածքի օբյեկտիվ հատկանիշներ»։ Գեղարքունիքի մարզի դատախազի տեղակալ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Ֆ. Բաղդասարյանը արձանագրել էր, որ «հասարակական կարգի այնպիսի կոպիտ խախտում, որն արտահայտվեր հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, կողմերը թույլ չեն տվել»։ Այսինքն՝ մարդ ծեծելը տվյալ դեպքում հասարակության նկատմամբ հարգանքի նշան է:

Մինչդեռ կան նաեւ հասարակության համար վտանգավոր դրսեւորումներ: Օրինակ, օրեր առաջ մեր դատարաններից մեկը 71-ամյա Կլարա Ղարիբյանի դեմ, որը «թռուցիկ» էր (իրականում՝ թերթի պատճենը) փակցրել առողջապահության նախարարության պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության շենքին, դատավճիռ կայացրին, հաշվի առնելով «կատարած արարքի բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանը»։

Քաղաքապետ Ռաշիդ Մհերյանի նկատմամբ հարուցված քրեական գործի վարույթը կարճվում է նրա «գործուն զղջալու» հանգամանքը հաշվի առնելով։ Ծեծի մյուս մասնակիցների գործողություններում բացակայում էր հանցակազմը։ Տուժողը՝ Ռադիկ Հարությունյանը, դիմում է Գեղարքունիքի մարզի 1-ին ատյանի դատարան՝ ընդդեմ մարզի դատախազության, գործի վարույթը կարճելու որոշման դեմ։ Տուժողը պնդում էր, որ իր գլխին 4 անգամ են հարվածել, իսկ «իր ստորին ծնոտի եւ ատամների հետ թե ինչ է կատարվել, կպարզվի 70 տարեկան լինելուց հետո»։ Տուժողն «Առավոտին» հայտնեց, որ ունի գլխացավեր եւ որ դեպքից հետո իր գլուխը չի զննվել։ Դատարան ներկայացած դատախազի տեղակալ Ֆ. Բաղդասարյանը գտնում էր, որ չեն հայտնաբերվել այնպիսի հանգամանքներ, որոնք թույլ կտային քրեական հետապնդում իրականացնել։ Հետաքրքիր է, որ դատական նիստին ներկա է եղել քաղաքապետ Ռաշիդ Մհերյանը, որը չգիտես թե ինչ կարգավիճակով (ոչ պատասխանող էր, ոչ հայցվոր) զղջացել է, ավելին՝ հայտնել, որ «պատրաստակամ է նրան որեւէ աշխատանքի ընդունել, միայն թե վերանա իրենց միջեւ եղած լարվածությունը»։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել