Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գիտենք՝ ինչով է վերջանում «պուրակների» կառուցումը

Սեպտեմբեր 07,2004 00:00

Ե՞վս
մի «տանիքավոր»՝ իր «օբյեկտներով»
Երեկ առավոտից Գուրգեն Քոչարի (Իսահակյան փողոցից դեպի Կորյունի փողոց տանող հատված) փողոցով մեքենաների անցուդարձը անհնար էր: Տարածքը բավականին բանուկ է, հատկապես ուսումնական տարվա սկզբին: Այնտեղ է գտնվում Խ. Աբովյանի անվան դպրոցը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, Գրապալատը: Աջ մասում, որտեղ Գրապալատն է, փողոցի երկայնքով պաստառներ են, իսկ սկզբնամասում եւ վերջում դրված են ահռելի կրպակներ:

Գուրգեն Քոչարի փողոցի երկայնքով ասֆալտը քանդված է, իսկ Կորյուն-Գ. Քոչար փողոցների խաչմերուկում՝ նաեւ սալիկները, որոնք, հիշեցնենք, ընդամենը մեկ տարի առաջ Լինսի հիմնադրամի միջոցներով են կառուցվել:

Տարածքում աշխատող բանվորների տվյալներով, այստեղ պուրակ է կառուցվում: Կենտրոն համայնքի կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնի պետ Գուրգեն Սարգսյանը հաստատեց բանվորների ասածը: Ըստ նրա, թաղապետի սեպտեմբերի 4-ի որոշմամբ, տարածքը տրվել է «Կոմպանիոն» ՓԲԸ-ին՝ ծառուղու շինարարական աշխատանքներ կազմակերպելու համար: Փաստորեն, որոշումից երկու օր անց մեծ արագությամբ ընկերությունը անցել է աշխատանքի: Ընդ որում, երկու սպիտակ կրպակները այստեղ են բերվել հենց սեպտեմբերի 4-ին:

Այս դեպքում անհասկանալի է դառնում, թե ինչու «Լինսիի» միջոցներ ծախսվեցին հենց այդ փողոցի բարեկարգման համար: «Լինսիի» «Ճանապարհաշինություն» ԾԻԳ-ի ղեկավար Էդուարդ Բեզոյանը, որը ղեկավարել է փողոցների նորոգման աշխատանքները, պարզաբանեց. «Բարեկարգման որոշումը կայացվել է 2001 թ.: Մենք չէինք կարող տեսքի բերել քաղաքի կենտրոնական մասերը, իսկ այդ հատվածը թողնել որպես կույր աղի: Եթե իմանայինք՝ միայն տրամվայի գծերի հատվածը կնորոգեինք: Պուրակի միտքը վատ չէ, պարզապես ուշացած որոշում է»:

Մեր տեղեկություններով, Մոսկվայի ու Երեւանի քաղաքապետարանների միջեւ կնքվել է համաձայնագիր, ըստ որի, ռուսական կողմի տրամադրած միջոցներով Գ. Քոչարի փողոցը կդառնա պուրակ:

Այստեղ «բաց» է մնում քաղաքաշինության ժամանակակից չափանիշներին ոչ մի կերպ չհամապատասխանող երկու կրպակների հարցը, որոնք իրենց տեսքով պուրակին հաստատ չեն սազի եւ, կրկնենք, այստեղ նոր են տեղափոխվել: Ուստի՝ որոշակի կասկածներ են առաջանում, թե պուրակում «ձեռքի հետ» ի՞նչ սպասարկման համալիր է կառուցվելու:

ՀՐԱՉՈՒՀԻ ԵՐԱՆՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել