Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՅ ՏՈՒՐԻՍՏՆԵՐԻ ՏԱՌԱՊԱՆՔՆԵՐԸ ԱՆԹԱԼԻԱՅՈՒՄ

Սեպտեմբեր 07,2004 00:00

Ըստ
բողոքների, «4 աստղանի» հյուրանոցում մակարոն ու բրինձ էին կերակրում:
Տուրիզմը տնտեսության գերակա ճյուղ հայտարարած Հայաստանում գործունեության այս տեսակը չի լիցենզավորվում: Այսինքն, զբոսաշրջությամբ զբաղվող ընկերությունների սպասարկման որակը պետության կողմից չի վերահսկվում եւ, բացի ծառայություն մատուցողից, որեւէ այլ օղակ պատասխանատու չէ նրա վատ սպասարկման համար։ Իհարկե, վերջնական արդյունքում շուկային դիմանում են բարի համբավ ունեցողները, այնուամենայնիվ, վերահսկողության եւ արտոնագրման կարիք այս ոլորտն զգում է։ Ցանկացած մարդ կարող է ծուղակն ընկնել. հավատալ ճոխ գովազդին, օգտվել որեւէ ընկերության առաջարկած ուղեգրից եւ խոստացած ծառայությունը չստանալուց հետո՝ ընկնել վեճերի եւ աղմուկի մեջ։ Լավագույն դեպքում հարցը կարող է լուծվել դատական քաշքշուկներից հետո՝ մասնակի փոխհատուցման տեսքով։ Իսկ արտոնագրման դեպքում կարելի էր 1-2 դեպքից հետո խաբեբաներին զրկել աշխատելու իրավունքից, դրանով կանխելով հետագա խաբեությունները։

Երեկ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության զբոսաշրջության վարչությունից տեղեկացանք, որ ժամանակ առ ժամանակ բողոքներ են ստանում այս կամ այն ընկերության ծառայություններից օգտված քաղաքացիներից։ Ինչպիսի՞ լծակներ ունեն այդ բողոքներին ընթացք տալու՝ վարչության աշխատակիցը չկարողացավ պատասխանել, որովհետեւ դրանցով զբաղվում են նախարարության «վերեւներում»։ Նույն աղբյուրը հայտնեց նաեւ, որ վերջին 2 բողոքները «Արխար» ընկերության սպասարկմանն են առնչվում։

Իսկ խմբագրության ստացած վերջին բողոքը վերաբերում էր «Ամիսթադտուր» տուրիստական ընկերությանը։ Երեւանցիներ Ստեփանյանների եւ Առաքելյանների ընտանիքները այս ամառ որոշել են իրենց հանգիստն անցկացնել Թուրքիայի «Անթալիա» լողափում։ Դիմել են «Ամիսթադտուրին», վճարել յուրաքանչյուրի համար $700 (14 օրվա համար) եւ սպասել երջանիկ օրվան։ Ի դեպ, ընդհանուր հաշվով $4900 մուտք արած ընկերությունը գումարի դիմաց անդորրագիր չի տվել, ինչպես պնդում են բողոքարկուները։ Բանավոր պայմանավորվածությամբ, համակարգչով ընտրվել է Ալանիա քաղաքի 4 աստղանի հյուրանոցը, որն, իբր, ծովից 20 մետր է հեռու, պատուհանները նայում են Միջերկրական ծովին, ճոխ սնունդն ու հարմարավետ սենյակներն էլ հետը։ «Տեղ հասնելով, մեզ տեղավորեցին ծովից 300 մետր հեռու նորակառույց անաստղ հյուրանոցում, որտեղից ոչ միայն ծովը չէր երեւում, այլեւ չորս կողմը շինհրապարակ էր՝ փոշու եւ կեղտի մեջ կորած։ Լողափ կարելի էր հասնել օրվա մի ժամին հատկացված ավտոբուսով։ Բացի այդ, կերածներս բրինձ ու մակարոն էր, իսկ 10 տարեկան երեխային, որի համար պահանջել էին լրիվ գումարը, քնելու տեղ էին նախատեսել հատակի վրա»,- իրենց «հանգիստը» նկարագրեց Ջեյմս Ստեփանյանը. «Այդ մասին 5 անգամ ահազանգեցինք Երեւանի գրասենյակ, դրա համար 100$ ծախսելով, բայց՝ անպատասխան ու անարդյունք եղավ»։ Վերադառնալուց հետո խումբը գնացել է «Ամիսթադտուր», բայց տնօրեն Արմինե Ադամյանը, ըստ մեր բողոքարկուի, նրանց «վտարել» է գրասենյակից։ Որոշ ժամանակ անց ընկերության Թուրքիայի ներկայացուցչից հաջողվել է ճշտել, որ «Ամիսթադտուրը» իր այս հաճախորդներից վերցրել է $700, բայց մատուցել է $400 արժողության ուղեգրով ծառայություն։ Անթալիայում «հանգստանալուց» ուշքի գալու համար Ստեփանյանները մեկնել են Սեւան։ Այժմ նրանք պատրաստվում են փոխհատուցում ստանալ դատարանի օգնությամբ։

«Ամիսթադտուրի» տնօրեն Ա. Ադամյանը մեզ հետ զրույցում հերքեց բողոքի հիմնավորվածությունը, նման դեպքերը համարելով «հայտնի ռուսական տարբերակ, երբ գնում, լավ էլ հանգստանում են, հետո գալիս՝ շանտաժով ուզում են փոխհատուցում ստանալ»։ Նրա ասելով, հաճախորդներն իրենք են ինտերնետից ընտրել Ալանիայի «Կլուբ Կլաս Անեքս հոթել» համալիրը, որի մի մասնաշենքն է միայն 4 աստղանի, ու «եթե դժգոհ էին, թող հետ գային, ես այդ ժամանակ պատասխանատվությունը կկրեի, այնինչ, քանի անգամ զանգել եմ, ասել են՝ սենյակում չեն»։ Ու քանի որ հանգստացողները որեւէ փաստաթուղթ չունեն, որ սպասածից վատ են հանգստացել, «Ամիսթադտուրը» մտադիր չէ փոխհատուցել ոչ մի լումա։

Դատարանը կգտնի թերեւս այս պատմության լուծումը, սակայն փաստ է, որ տուրընկերություններից ձեռք բերված ցանկացած ուղեգիր բախտի բան է։

ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել