Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Էդգար Առաքելյանն ազատության մեջ է

Սեպտեմբեր 07,2004 00:00

Երեկ,
ժամը 17.20-ին, նա դուրս եկավ քրեակատարողական հաստատության դարպասներից:

Ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը ընդդիմության ցույցի ընթացքում պլաստիկե շշով ոստիկանին հարվածած եւ 1,5 տարի ազատազրկման դատապարտված Էդգար Առաքելյանը երեկ ազատ արձակվեց՝ Կենտրոն-Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Սարո Արամյանի որոշմամբ։ Երեկ, ժամը 17.20-ին, նա դուրս եկավ «Երեւան-Կենտրոն» (ԿԳԲ-ի մեկուսարանը) քրեակատարողական հիմնարկի դարպասներից։ Պատիժը «կրելու» ընթացքում Էդգարը որեւէ խախտում չէր արել, եւ ՔԿՀ-ի պետը՝ Համլետ Խլղաթյանը, միջնորդությամբ դիմել էր դատարան՝ նրան պայմանական-վաղաժամկետ ազատելու համար։ «Հասարակական կարծիքն ու իրավապաշտպան կառույցների միջնորդությունները բավարար չէի՞ն ժամանակին Էդգարին ազատելու համար»՝ «Առավոտի» հարցին արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Արա Սաղաթելյանը պատասխանեց. «Այս դեպքում մենք գործ ունենք օրենքով սահմանված պատշաճ գործընթացի հետ, այլ ոչ անհատականացված դրսեւորումների»։

Նկատենք, որ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում Էդգար Առաքելյանն անցկացրեց 6 ամիս 6 օր: Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի որոշման մեջ ընդգծված է ոչ միայն այն հանգամանքը, որ նա արդեն իսկ կրել է պատժի 1/3-ը, այլեւ հաշվի են առնվել դատապարտյալի դրական բնութագիրը, հիմնարկի ղեկավարությանը ենթարկվելու փաստը, դրսեւորած դրական վարքագիծը, ինչպես նաեւ այն, որ «նա գտնվում է ուղղման ճանապարհին»:

Էդգար Առաքելյանը դատարանի վճիռը ընդունել է լայն ժպիտով: «Ա1+»-ի թղթակցի հետ զրույցում խոստովանել է, թե «անընդհատ խոստանում էին, որ շուտով բաց կթողնեն, բայց ես արդեն չէի հավատում»:

Էդգարը միայն երեկ «Ազատություն» ռ/կ-ի առավոտյան հաղորդումից է տեղեկացել, որ դատարանը լսելու է իրեն պայմանական-վաղաժամկետ ազատելու հարցը: Այս փաստն այնքան գաղտնի է պահվել, որ դատարանում միայն այդ երկու լրատվամիջոցների թղթակիցներն ու «Ֆոտոլուրի» լուսանկարիչն էին ներկա. ո՛չ Էդգարի հարազատները, ո՛չ նրա պաշտպան Թադեւոս Ալեքսանյանը, ո՛չ ՀԺԿ-ականները (այդ կուսակցության անդամ է Էդգար Առաքելյանը) տեղյակ չէին:

«Ա1+»-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում արդեն՝ առանց ձեռնաշղթաների Էդգար Առաքելյանը նաեւ ասել է, թե չի փոխել իր սկզբունքները. «Ինձ ծեծողները պետք է պատասխան տան: Ես շարունակելու եմ պայքարը»:

Սեփ. լր.
Հ. Գ. Ի դեպ, ավելի վաղ՝ օգոստոսի 30-ին, պատժաժամկետի 1/3-ը
կրելու հիմքով ազատ է արձակվել նաեւ ԱԺՄ անդամ Լավրենտի Կիրակոսյանը: Իշխանությունը
փութաջանորեն նախապատրաստվում է ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցի քննարկմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել