Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՄԱՌԱՅԻՆ ՆԻՀԻԼԻԶՄ

Սեպտեմբեր 04,2004 00:00

ԱՄԱՌԱՅԻՆ ՆԻՀԻԼԻԶՄ Հայաստանի ներկա պետական, քաղաքական, հոգեբանական, սոցիալական անորոշ, շատ կողմերով աղետալի կացության փաստը գրեթե կասկածներ չի հարուցում։ Հիասթափություն է պալատներում ու խրճիթներում, հուսահատություն է մարդկանց հոգիներում, ամենուր։ Հուսահատության անողորմ ճոճանակը տատանվում է բոլոր ոլորտներում՝ մշակույթից սպորտ, սպորտից՝ գիտություն եզրակետերով։ Հարցը, թե ինչպես եղավ, որ դարերով պետականություն չունեցող եւ այդ հույժ հիմնավորված պատճառաբանությամբ պետականության գաղափարն անգամ երազանք դարձրած ժողովուրդը պատմական կարճատեւ ժամանակամիջոցում հանկարծ ապրում է իր ամենածանր ու ամենախոր հիասթափությունը անկախություն ձեռք բերելուց հետո, մնում է անպատասխան։ Գուցե պատասխանը պետք է որոնել հենց պետության իդեալականացմա՞ն փաստի մեջ, անբուժելի ռոմանտիզմի երբեւէ ապագա չկանխանշող ու անմիտ իդեալիզմո՞ւմ, որի նյութականացումը արդեն իրական հողի վրա ծնում է հենց այն խրտվիլակը, որ Հայաստանի Հանրապետություն ենք կոչում։ Խրտվիլակ, որով կարելի է խրտնեցնել պատահմամբ քաղաքական դաշտ մտած ամեն տեսակ ճնճղուկների, ահ ու սարսափ տարածելով երկրի քաղաքացիների հոգիներում։ Գուցե այն պետք է որոնել Տերյանի ասած «զոոլոգիական հայրենասիրությա՞ն մեջ, երբ սեփական պետությունը պատկերացվում է ոչ այլ կերպ, քան «հայ համազգեստը հագին հայ ոստիկան»։ Գուցե պատասխանը պետք է որոնել պաշտոնապես գովերգվող ու նախընտրելի «շախսե-վախսեական-բազեական» մշակույթո՞ւմ, հույժ ազգային վարքով թամադաների եւ ապազգային սափրագլուխների հայրենիքի մտապատկերներո՞ւմ։ Հայրենիք, որի նախնական պատկերացումում վերջին ավելի քան երեք հարյուր տարիներին ոչ մի նոր գաղափարական կենսագրություն չմտավ՝ մնալով դարձյալ զուտ իդեալականացման հողի վրա բարձրացած մի խորհրդանիշ եւ ապրվեց այնպիսի խորությամբ, որ սիրելի ու գուրգուրելի եղավ միայն Հայրենիքի պատմականը, բայց ոչ երբեք իրականը։ Պատմական հեռապատկերում ուրվագծվում է եւս մի հանելուկ. մարդկության համար շրջադարձային, բեկումնային պահերին ծնված բոլոր գաղափարները, որ մուտք են գործել Հայաստան, ունենում են լոկ ավերիչ բնույթ՝ լինի քրիստոնեություն, բոլշեւիզմ, թե ժողովրդավարություն։ Եվ ստացվում է այնպես, որ հերթական հեղափոխության կործանիչ հետեւանքները տեւում են այնքան, մինչեւ հետեւում է հաջորդ հեղափոխությունը։ Կախարդական մի շրջան, որի պարունակությունը նույնքան հայտնի է, որքան դուրս գալու հնարավորությունը. արդյունքում՝ մշտապես հիասթափություն եւ տեւական հոգեվարք, մաքուր էկզիստենցիալ սահմանային իրավիճակ, որ առաջին քրիստոնյաների լեզվով թարգմանելիս կստացվի՝ Հայաստանը պարբերաբար նմանվում է մ.թ. առաջին դարի Երուսաղեմին, որտեղ հավերժորեն սպասում են Մեսիային-Փրկչին, որի գալուն, սակայն, երբեք չեն հավատում։ Հիասթափությունը էլ ավելի է խորանում, վերածվելով գրեթե ողբերգության, երբ նույն ժամանակաշրջանում, ելակետային համարյա հավասար նախադրյալներով, քաղաքական միեւնույն երկրատարածքում ապրող ժողովուրդներից ոմանց հաջողվում է առանց էական սոցիալ-քաղաքական ցնցումների կարգին պետություն հիմնադրել, իսկ մենք տանուլ ենք տալիս։ Միտքն անգամ, որ ուրիշներին դա հաջողվում է, իսկ մեզ՝ ոչ, արդեն խփում է ազգային ինքնագիտակցության ողնաշարին՝ խարխլելով ինչպես ներկան, այնպես էլ անհույս դարձնելով ապագան։ Սա արդեն բուժելի հուսահատություն չէ, այլ ինքնասպանության նախապատրաստություն, որից հետո գրություն չեն թողնում՝ դրանով հավասարապես կասկած հարուցելով ինչպես Երրորդ Հանրապետության հիմնադիր ջեֆերսոնների, այնպես էլ հաջորդած խառնածին-կլանային, օրավուր ամրապնդվող ռեժիմի հիմնադիրների նկատմամբ։ Նման պարագաներում ազգը հակվում է մեկուսացվածության, եւ Առնոլդ Թոյնբիի դիպուկ բնորոշմամբ՝ հայտնվում է թրայբալիզմի՝ ցեղապաշտության գիրկը (անգլ. tribe-«ցեղ» բառից), երբ «նոր գինին խմորվում է հին տիկերում»։ Ժամանակակից հայերենով ասած՝ պետությունը վերածելով բոշայության, երկրի քաղաքացուն՝ մաղ ծախող գնչուի։ Իսկ նման բան, նույն Թոյնբիի կարծիքով, հանդիպում է այն երկրներում, որտեղ համագոյակցում են ձեւականորեն եվրոպական հաստատությունները՝ չինովնիկություն, մեկ կամ մի քանի իրարից էականորեն չտարբերվող կուսակցություններ եւ ցեղային-տոհմական ավանդական կառույցները, ուր պետական ապարատում հովանավորվում են արյունակիցները ու պարբերաբար տեղի են ունենում երեւացող կամ աներեւույթ միջտոհմային բախումներ։ Համադրելով Հայաստանում առկա այս նախադրյալները, արդեն կարիք չի լինի համընդհանուր հիասթափությանը եւ հուսահատությանը այլ բացատրություններ որոնել։ ԹԱԴԵՎՈՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել