Լրահոս
Օրվա լրահոսը

Դիմորդները տեղեկացված չեն

Սեպտեմբեր 04,2004 00:00

Դիմորդները տեղեկացված չեն Խմբագրությանն էր դիմել ընդունելության քննություններից դժգոհ Հովհաննես Հարությունյանը, որի դուստրը՝ Սյուզաննա Հարությունյանը 56 միավորով «ընկել է վճարովիի տակ»՝ հայտնվելով իրենից շատ ավելի պակաս միավորներով դիմորդների ցանկում: Սյուզաննա Հարությունյանը դիմել էր Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի գերմաներենի բաժին: Գերմաներենի բանավոր եւ գրավոր քննություններից ստացել է 19-ական միավոր եւ 18 միավոր՝ հայոց լեզվի գրավոր քննությունից: Փաստերը ցույց են տալիս, որ բուհի այս բաժինն ընդունված 55 դիմորդներից (պետպատվերով, առանց տարկետման իրավունքի եւ վճարովի հիմունքներով) ընդամենը երեք հոգի են գերմաներեն բանավոր քննությունից 19 միավոր ստացել, որոնցից մեկը Սյուզաննան է: Նրա դպրոցական ավարտական քննությունների վերջնական արդյունքը 20 միավոր է գնահատված, բացի այդ՝ աղջիկն ունի հանրապետական օլիմպիադայի առաջին կարգի դիպլոմ՝ գերմաներենից: Ինչպես հայտնի է, օտար լեզուների ֆակուլտետներում մրցույթի ժամանակ նախապատվությունը տրվում է բանավոր քննությունից բարձր միավորներ հավաքած դիմորդներին, ինչը Սյուզաննայի պարագայում չի արվել: Ծնողի պնդմամբ, հաշվի չեն առնվել նաեւ դստեր մյուս արտոնությունները: Սակայն ծնողի զարմանքն այսքանով չի ավարտվում: «Անակնկալի եկանք, երբ կարդացինք ցուցակները: 10 հոգի ընդունվել էր բուհ` պետպատվերով, 11-երորդից սկսած՝ դիմացները գրված էր «Ն» տառը (նպատակային), որի մասին ոչ «Դիմորդի» մեջ էինք կարդացել, ոչ էլ որեւէ թերթում է պաշտոնապես հայտարարվել, որ այս տարի պետպատվերով տեղերի 50%-ը հատկացվելու է գործուղումով եկածներին: Երեխաս բարձր միավորներով ընդունվել է վճարովի, վճարն էլ բավականին բարձր է՝ $800, մինչդեռ ակնկալում էինք այլ արդյունք: Մի՞թե չէր կարելի նախօրոք նշել, որ պետպատվերով տեղերի մի մասը հատկացվում է զինծառայություն անցածներին, կամ՝ 50%-ը` գործուղումով եկածներին: Այդ դեպքում ես կմտածեի, որ գուցե երեխայիս բախտը չի բերի Բրյուսովում ու այլ բուհ կդիմեինք»,- ասաց Սյուզաննայի ծնողը: Բողոքի հետ կապված պարզաբանում խնդրեցինք ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանից: Նա մեզ հայտնեց, որ կառավարության համապատասխան որոշմամբ, դեռեւս մայիս ամսին, նպատակային տեղեր են հատկացվել մանկավարժական բուհերին, գյուղակադեմիային եւ ֆիզկուլտուրայի ինստիտուտին` պետպատվերի մինչեւ 50 տոկոսի չափով: Սակայն բազմաթիվ բողոքները ցույց են տալիս, որ դիմորդները բավարար չափով տեղեկացված չեն ընդունելության կանոններին ու կառավարության համապատասխան որոշումներին: Եվ որքան քիչ գիտեն նրանք այդ ամենի մասին, այնքան հեշտ է մրցույթում կամայական դրսեւորումներ ցուցաբերել: Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել