Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԱՐԱ, ԴԱՎԱՅ ԷՂԻ ՍՏՈՒՑ»

Սեպտեմբեր 04,2004 00:00

«ԱՐԱ, ԴԱՎԱՅ ԷՂԻ ՍՏՈՒՑ» Ահա այս բառերով են մշակույթի նախարարությունում ճամփա դրել քանդակագործին եւ նրա կնոջը: Նախարարի քարտուղարուհին համառորեն թույլ չի տվել քանդակագործ Վաչագան Մանսուրյանին եւ նրա կնոջը հանդիպել նախարարին: Նրան օգնության են հասել 3 ոստիկան, որոնք քաշքշելով նրանց դուրս են «հրավիրել» մշակութային օջախից։ Այդ մասին արցունքն աչքերին «Առավոտին» պատմեց քանդակագործի կինը: Նրանք նախարարություն էին գնացել արվեստանոցի հետ կապված խնդրով։ Նկարիչների միության անդամ Վաչագան Մանսուրյանն աշխատում է արվեստի թեքումով թիվ 86 դպրոցում։ «Ալեքսանդր Թամանյան» մեդալի հեղինակն է, «Անտոն Քոչինյան» հուշատախտակի կերտողը։ Երեւան քաղաքին անցյալ տարի նվիրել է «Սուրբ Գեւորգ» քանդակը։ Ստեղծագործում է տանը։ 1995 թվականից դիմել է պատկան մարմիններին՝ Կիլիկիա 1-ին փողոցի 23 տան հարակից տարածքն իրեն իբրեւ բացօթյա արվեստանոց հատկացնելու խնդրանքով։ Նախկին Շահումյանի շրջանի գործկոմը հատկացնում է այն։ Փաստաթղթային ձեւակերպումների հարցով դիմում է քաղաքապետարան։ Այդ ընթացքում քանդակագործը կառուցապատում, հուշաղբյուր է տեղադրում վերոնշյալ տարածքում՝ անվարձահատույց։ Քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետին էլ՝ Ս. Կոտոլիկյանին Կենտրոնի փոխթաղապետ Դ. Առաքելյանը պաշտոնական գրություն է ուղարկում (2002 թ. հոկտեմբերի 17-ին), հայտնելով. «Թաղապետարանը հարցի կապակցությամբ առարկություն չունի», ավելին, խնդրում է քաղաքապետարանին՝ գործին տալ համապատասխան ընթացք։ Հայաստանի նկարիչների միության նախագահ, պրոֆեսոր Կարեն Աղամյանը 2002թ. հոկտեմբերի 27-ին դիմելով Կենտրոնի թաղապետին, գրել էր. «Համոզված եմ, որ դուք չեք անտեսի նման շնորհալի ու նվիրված քանդակագործի արժանիքները եւ կանեք հնարավորը՝ նրան ստեղծագործելու միակ հնարավորությունից չզրկելու համար»։ Թվում էր՝ տարածքը քանդակագործին անվարձահատույց կարող էին տալ, մանավանդ որ, Երեւանի էկոլոգիական անվտանգության եւ հսկողության կենտրոնի 2003թ. հոկտեմբերի 10-ի եզրակացության համաձայն՝ «ծրագրի իրականացումը» արվեստանոցի շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցություն չի ունենա։ Մինչ տեղական ինքնակառավարման մարմինները կկողմնորոշվեին՝ տարածքը տրամադրե՞լ քանդակագործին, թե՞ ոչ, ինչ-որ ազդեցիկ տեղական հեղինակություն աչք էր դրել տարածքի վրա։ Քաշքշուկի ընթացքում քաղաքապետարանը, չգիտես ինչու, նախապատրաստվում է «հասարակական կառույցի համար» աճուրդի, այդ մասին տեղյակ չպահելով քանդակագործին։ Վերջինիս դիմումներն ու ծրագիրը ձեւակերպվել էին՝ «ստեղծագործական արվեստանոցի շինարարության համար առաջարկվող տարածք»։ Մինչդեռ քանդակագործը, դրանից անտեղյակ, Սուրբ Սարգիս եկեղեցու զանգակատան եւ մուտքի զարդաքանդակներով էր զբաղված։ Մեր տեղեկություններով՝ անհրաժեշտ կլինի մոտ 8000 դոլար՝ այդ տարածքը աճուրդով ձեռք բերելու համար։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել