Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մարիամի համար տեղ չկա

Սեպտեմբեր 04,2004 00:00

Մարիամի համար տեղ չկա Իսկ հ/կ-ները «կոնկրետ մարդկանցով չեն զբաղվում» Նորքի հոգեբուժական հիվանդանոցում հերթական բուժման կուրս անցնող Մարիամը 28 տարեկան է: Նա թափառաշրջիկ դարձավ 20 տարեկանում: Մարիամի հայրն ու մայրը ամուսնալուծվել էին, երբ նա դեռեւս մանուկ էր: Երկար տարիներ քրոջ եւ մոր հետ ապրում էին արեւածաղկի սերմ վաճառող տատիկի եկամուտով: Մարիամն այժմ էլ հոր մասին խոսում է առանց չարության, կարոտով, թեեւ նա երբեւեէ չի հետաքրքրվել աղջկա ճակատագրով, տեղյակ չէ Մարիամի գտնվելու վայրի մասին: Տատի մահից հետո մայրը՝ վտիտ մի կին, հիվանդացավ ոսկրային հիվանդությամբ եւ անկարող դարձավ պահել դեռահաս դուստրերին: Մարիամն իր բացառիկ ձայնի շնորհիվ ընդունվեց Երեւանի պետական կոնսերվատորիայի վոկալի բաժին, որտեղ, սակայն, սովորեց ընդամենը կես տարի: «Քանի որ ես երաժշտական կրթություն չունեի, պետք է ուսման համար վճարեի, այդպես էր կարգը: Այդ պատճառով մեր տանն անընդհատ կռվում էին հետս, պահանջում դուրս գալ կոնսերվատորիայից: Ստիպված դուրս եկա, բայց հոգեկան վիճակս սկսեց վատանալ, ես իմ հիվանդությունն այդտեղից եմ հիշում»,-մտաբերում է Մարիամը: Շուտով կուտակված պարտքերի պատճառով նրանք կորցնում են տունը եւ տեղափոխվում վարձով բնակարան: Սպառվում են նաեւ այդ գումարները: 1997թ. Ղարաբաղի կառավարության վերաբնակեցման ծրագրով տեղափոխվում են Քաշաթաղ, ուր նրանց հատկացնում են հող եւ կիսակառույց մի տուն: Քույրն ամուսնանում է տեղացի պատերազմի հաշմանդամի հետ, իսկ Մարիամն ու մայրը՝ հողագործական աշխատանքներ կատարելուն անընդունակ, 1999-ին վերադառնում են Երեւան, որտեղ սկսվում է թափառաշրջիկի նրանց կենսագրությունը: 2000-ի ձմեռային մի ցուրտ օր Երեւանի փողոցներից մեկում հայտնաբերվում է Մարիամի մոր ցրտից սառած դին: Հայրը, որն ապրում էր նոր կնոջ հետ, հրաժարվեց ընդունել աղջկան իր մոտ: Մարիամին մեկ կարելի էր տեսնել ԳՈՒՄ-ի հասարակական վայրերում, մեկ ԳՈՒՄ-ի շուկայում, որտեղ վաճառականները նրան ուտելիք էին տալիս: Նա գիշերում էր որտեղ պատահեր: Աղջկա մարմինը չի դիմանում անքնությանը, ուժերը սպառվում են, ու նա նորից հայտնվում է հոգեբուժարանում: Մարիամը մեկ տարի մնաց Սեւանի հոգեբուժարանում: Նա առողջ էր, եւ Սեւանից մեքենայով նրան բերել172իջեցրել էին ԳՈՒՄ-ի շուկայի մերձակայքում: Հիվանդանոցի ղեկավարությունը պատճառաբանում է, թե աղջիկն արդեն լավ է, եւ որ նրա խնդիրը կացարանի հարցն է, նա անելիք չունի հոգեբուժարանում: «Մի աշխատանք որ գտնեի՝ հավաքարարի կամ լվացարարուհու, մեկ էլ մի կացարան, թեկուզ փոքրիկ մի սենյակ, լիներ սեղան, աթոռ, մահճակալ, ամեն օր գնայի խանութ, շուկա, առեւտուր անեի, գայի, որ իմ կերածից էլ բան հասկանայի»,- ահա այսպես՝ մարդկային ամենանվազագույն երազանքներով ամեն օր իրեն օրորում է Մարիամը՝ յուրաքանչյուր անգամ դրանց բացակայության գիտակցումից կրկին հայտնվելով հոգեբուժական հիվանդանոցում: Առողջապահության նախարարությունն ամեն անգամ նրան տալիս է 24-օրյա անվճար բուժօգնության ուղեգիր: Թափառաշրջության տարիներին Մարիամը կորցրել է անձնագիրը եւ այժմ ա-պատրիտ է (քաղաքացիություն չունեցող անձ): Անձնագիր չունենալու պատճառով նա չի օգտվում իրեն հասանելիք հաշմանդամության թոշակից, որը նրան թույլ կտար հոգալ նվազագույն կարիքները: Չի կարողանում տեղաշարժվել եւ օգտվել պետական ծառայություններից, նույնիսկ շտապօգնությունից: Սոցապահովության փոխնախարար Կարինե Հակոբյանի խոսքերով՝ «Մարիամը միակ նման դեպքը չէ, նրա նմանները շատ են: Մենք ոչինչ անել չենք կարող այս պարագայում»: Մարիամի բժշկուհու եւ սոցապ նախարարության աշխատակիցների միակ առաջարկը նրան Վարդենիսի հոգեբուժական տուն-ինտերնատ ուղարկելն է: Սակայն այդ հիվանդանոց տանում են չբուժվող հիվանդներին: Մարիամից «փրկվելու» համար պետական կառույցները նրան առաջարկում են տանել մի հաստատություն, որտեղից այլեւս վերադարձ չկա: Իսկ աղջկան անհրաժեշտ է միայն օթեւան եւ աշխատանք: «Մենք կոնկրետ անձանցով չենք զբաղվում»,-այս պատասխանն էին ամենից հաճախ տալիս տարբեր մարդասիրական կազմակերպություններ ու ՀԿ-ներ, այդ թվում՝ Կարմիր խաչն ու ՄԱԿ-ը: ՆԱՆԵ ՄԱԿՈՒՉՅԱՆ Մանրամասները՝ www.hetq.am էջում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել