Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՀԱ ԱՅԴՊԻՍԻ ՀԱՆԵԼՈՒԿԱՅԻՆՆ Է ՆԱ

Սեպտեմբեր 04,2004 00:00

ԱՀԱ ԱՅԴՊԻՍԻ ՀԱՆԵԼՈՒԿԱՅԻՆՆ Է ՆԱ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը Այս տպավորությունն ես ստանում՝ ընթերցելով խորհրդարանական մեծամասնության ղեկավարի հակասական, երբեմն նույնիսկ՝ փոխբացառող հայտարարությունները: Բերենք նման երկու օրինակ: Հունիսի վերջին նա հայտարարեց, թե ամռանը հանգստանալու չի մեկնելու եւ զբաղվելու է ընդդիմությանը համոզելով, որ վերադառնա խորհրդարան: Չէինք հասցնել մի կարգին հիանալ Գալուստ Սահակյանի անձնուրացությամբ, որ հանուն ներքաղաքական կայունության պատրաստ է դիմանալ անգամ 40 աստիճան շոգին, երբ ընդամենն օրեր անց նա թերթերից մեկում խոստովանեց. «Ես երբեք կյանքում արձակուրդ չեմ գնացել, դա ինձ անծանոթ է»: Ստացվում է՝ այս անգամ նա սովորականի պես չէր գնացել արձակուրդ՝ ինչպես իր կյանքի մնացած տարիներին, սակայն երեւի ուզում էր, որ ընդդիմությո՞ւնը դրա համար խղճի խայթ զգա: Մեկ այլ օրինակ՝ ՀՀԿ խմբակցության? ղեկավարը օգոստոսի կեսին պահանջեց կոալիցիայից հետեւողական լինել եւ ընդդիմադիր պատգամավորներին զրկել մանդատներից, նաեւ սպառնաց. «Ես անձամբ ամեն ինչ անելու եմ, որ պետաիրավական հանձնաժողովն անհարգելի համարի նրանց բացակայությունները, իսկ խորհրդարանը փակ, գաղտնի քվեարկությամբ? նրանց զրկի մանդատից»: Վե՛րջ, մտածեցինք, ամառային բանակցություններն անարդյունավետ էին, եւ իշխանության համբերությունը հատել է՝ «Արդարության» եւ «Ազգային միաբանության» տեղերը նիստերի դահլիճում այլեւս մշտապես կմնան դատարկ: Բայց դարձյալ հազիվ մի քանի օր էր անցել, երբ Գալուստ Սահակյանն իր մեկ այլ հարցազրույցում բարկությունը փոխարինեց ողորմածությամբ ու մեծահոգաբար նկատեց. «Չեմ կարծում, թե խորհրդարանում որեւէ քաղաքական ուժ շահագրգռված է ընդդիմությանը զրկել մանդատներից՝ դրանով իսկ խորացնելով առճակատումը»: Այս իրարամերժ պնդումները մեկնաբանելու առաջարկով դիմեցինք հայտարարությունների հեղինակին: Մեջբերված առաջին օրինակի վերաբերյալ հարցին, թե ինչո՞ւ էր փորձում ընդդիմության պատասխանատվությանը վերագրել իր արձակուրդ չգնալը՝ պատասխանեց. «Վերագրումների խնդիր չկա: Իրոք, արձակուրդ չեմ գնացել: Իրոք, որոշակի փորձեր եմ կատարել քաղաքական տեսակետից համոզելու եւ կարծում եմ, որ կլինեն արդյունքներ»: Փորձեցինք ճշգրտել, թե հատկապես ում է հաջողել համոզել վերադառնալ խորհրդարան, սակայն Գալուստ Սահակյանն ասաց. «Ես փորձեր չեմ արել համոզելու: Պարզապես անհատական հանդիպումներ են եղել՝ շատ բարեկամաբար, եւ հիմնականում՝ Ազգային ժողովում»: Տեղի մատնանշումից կարելի է չբացառել, թե հանդիպումները ծրագրված չեն եղել. գուցե պրն Սահակյանն իր ընդդիմադիր գործընկերներին ուղղակի ԱԺ ճաշարանում է տեսել, ու մի գավաթ սուրճ են խմել միասին: Խնդրեցինք բացատրել նաեւ «Արդարությանն» ու «Ազգային միաբանությանը» մանդատներից զրկելու շուրջ իր հայտնած տեսակետների հակասության պատճառը։ ԱԺ մեծամասնության ղեկավարը միայն ասաց. «Հակասություն չեմ տեսնում: Խնդիրն այն է, որ օրենքն է գործելու»: Այսինքն՝ արդեն քաղաքական որոշո՞ւմ է կայացված ընդդիմությանը խորհրդարանից դուրս թողնելու վերաբերյալ հարցին էլ պատասխանեց. «Որեւէ քննարկում չի եղել այդ առումով: Եվ ինչ հայտարարել եմ՝ ասել եմ իմ անունից: Կրկնում եմ՝ գործելու է օրենքը, բայց խորհրդարանը նաեւ այնպիսի մարմին է, որ կկարողանա կայացնել քաղաքական որոշում փակ քվեարկությամբ»: Այս պատասխանից ակնհայտ դարձավ ուրվագծվող սցենարը՝ սեպտեմբերի 10-ին ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը անհարգելի կհամարի ընդդիմադիր պատգամավորների բացակայությունները, սակայն ԱԺ լիագումար նիստում սեպտեմբերի 13-ի գաղտնի քվեարկությամբ նրանք չեն զրկվի մանդատներից: Այնուամենայնիվ, դարձյալ հետաքրքրվեցինք, թե ՀՀԿ խմբակցության ղեկավարը իրո՞ք անձնապես ջանք ու եռանդ չի խնայելու, որ խորհրդարանն ընդդիմադիրներին զրկի մանդատներից, եւ Գալուստ Սահակյանը փոքր-ինչ բորբոքված արձագանքեց. «ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստը մեկ այլ ֆորմատ ունի, իսկ մնացածն արդեն խորհրդարանի ընդհանուր նիստի խնդիրն է: Այսինքն՝ այստեղ խնդիրը ոչ թե այն է, թե իմ ջանքերի շնորհիվ պիտի լինի դա, այլ պարզապես (այսօր էլ եմ բավական ընդդիմադիր գործիչների հանդիպել) դա է պահանջում օրենքը: Եվ նիստի ժամանակ ես այդպես էլ ներկայացնելու եմ»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Հ. Գ. Նկատենք, որ քաղաքական գործիչները հաճախ են բորբոքվում, երբ նրանց հիշեցնում ենք իրենց իսկ նախկին պնդումները եւ առաջարկում առաջ նայել եւ ոչ թե ետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել