Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ԺԱՌԱՆԳՆԵՐԻՆ

Սեպտեմբեր 04,2004 00:00

ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ԺԱՌԱՆԳՆԵՐԻՆ

Այս տարվա սեպտեմբերի 1-ից 1888-1915թթ. Օսմանյան կայսրությունում
«Նյու Յորք լայֆ ինշուրնս» ընկերության հետ կյանքի ապահովագրման պայմանագիր
կնքած անձանց ժառանգները կարող են փոխհատուցում ստանալու համար ներկայացնել
դիմումներ: Այս մասին երեկ լրագրողներին ասաց Վարդգես Եղիայանի փաստաբանական
գրասենյակի պատասխանատու Արման Բաղդոյանը: Նա նշեց, որ «Նյու Յորք լայֆի»
տրամադրած արխիվային փաստաթղթերում հայտնաբերել են շուրջ 2300 հայերի պայմանագրեր:
Մոտ 10.5 միլիոն դոլար կբաշխվի ժառանգորդների միջեւ: Կազմվել է հատուկ հանձնաժողով,
որը կստուգի ժառանգորդների ներկայացրած փաստաթղթերի իսկությունը: Ստեղծվել
է ինտերնետային էջ https://armenianinsurancesettlement.com/PolicyList. pdf
հասցեով, որը պարունակում է ամբողջական ինֆորմացիա՝ դիմումները ներկայացնելու
կարգի, իրենց կյանքը ապահովագրած անձանց մասին:
Նույն հարցով երեկ լրագրողներին հանդիպեց նաեւ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Ըստ նախարարի, այդ ինտերնետային էջում հայկական անունները ներկայացված են արեւմտահայերենի լատինատառ տարբերակով, ինչը առաջացրել է աղավաղումներ: Նախարարությունը հրավիրել է հայկական ազգանունների մասնագետի, որի օգնությամբ կներկայացվի ապահովագրական պոլիսում եղած անունների ու ազգանունների հնարավոր հայերեն տարբերակը: Ցուցակը պատրաստ կլինի սեպտեմբերի 20-ին։ Բացի դա, ապահովագրական պոլիսներ ունեցող անձանց ցուցակը, հայցի ձեւերը կտարածվեն հանրապետության բոլոր փոստային բաժանմունքներում: Նախարարը նշեց, որ իրենք պատրաստ են աջակցելու նաեւ նրանց, ովքեր ունեն ապահովագրական պոլիսներ, սակայն ցուցակում ընդգրկված չեն:

Հ. ԵՐԱՆՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել