Սփյուռքահայ
արվեստագետ, Նյու Յորքի «Հայ կենտրոնի» տնօրեն Րաֆֆի Սվաջյանի կարծիքով՝
«Մեր հայրենիքը» պարզունակ ու խայտառակ երգ է:
Ականավոր մտավորականներ Լեւոն Շանթի, Նիկոլ Աղբալյանի սանը 50-ական թվականներից սկսում է հետաքրքրվել երաժշտությամբ, այնուհետեւ սովորում է Մարսելի կոնսերվատորիայում։ Բարձրագույն երաժշտական կրթությունն ավարտում է Ամերիկայի Ջուլիարդի համալսարանում, ուսանելով աշխարհահռչակ դիրիժորներ, պրոֆեսորներ Ջոն Նելսոնի եւ Ջեյմս Քալընի ղեկավարությամբ։ Ըստ Ր. Սվաջյանի, Կոմիտասի երկու աշակերտների՝ Բարսեղ Կանաչյանի եւ Վարդան Սարգսյանի միակ սանը լինելով, պարտավոր էր իր «սորվածն ու գիտցածը զարգացնել ու թողնել սերունդներին»։
Խորհրդային տարիներին, երբ կոնսերվատորիայի պրոֆեսոր, կոմիտասագետ Ռոբերտ Աթայանը խմբագրում էր Կոմիտասի հատորները, Ր. Սվաջյանը, հասկանալի պատճառներով չկարողանալով այցելել Հայաստան՝ իր ներդրումն է ունենում այդ գործում։ 2002-ին առաջին անգամ՝ որպես դիրիժոր, նա հանդես եկավ հայրենիքում։ Դրանից հետո ելույթները դարձան ամենամյա։ Սեպտեմբերին (դեռ օրը ճշտված չէ) նա կղեկավարի Երեւանի կամերային երգչախումբը։
Մեր զրուցակիցը, չցանկանալով իր արած-չարածի մասին երկար-բարակ խոսել, առաջինը «Առավոտին» հայտնեց, որ սեպտեմբերի վերջին իր նախաձեռնությամբ Երեւանում կհրավիրվի գիտաժողով, որի թեման կլինի Հայաստանի այսօրվա օրհներգը։ Ըստ Ր. Սվաջյանի, 1918թ. Հայաստանի Առաջին Հանրապետության կառավարությունը հապճեպ է ընտրել «Իտալացի աղջկա երգը» որպես օրհներգ՝ հարմարեցնելով հայերեն բառեր։ «Անշուշտ, հետեւելով Հայաստանի մշակութային կյանքին, հոն տեղեկացանք, որ օրհներգի համար հայտարարված է մրցակցություն։ Սակայն ինչ-ինչ պատճառներով այն կասեցվեց»,- շարունակելով խոսքը պարոն Սվաջյանը վստահեցրեց, որ դա Հայաստանում այն տարիներին Լորիս Ճգնավորյանի զորավոր դիրքի արդյունք էր։ Արվեստագետը համոզված է, այս պարզունակ, խայտառակ երաժշտությունը (նկատի ունի օրհներգը) անհարմար է հնչեցնել աշխարհում այն պարզ պատճառով, որ «հայ ազգը վաղուց որակված է որպես տաղանդավոր»։ Նա ավելի քան համոզված է, որ գիտաժողովին ինքը մեծ աջակցություն կստանա անվանի արվեստագետների կողմից։ Մեր՝ «Կարելի՞ է վաղօրոք իմանալ, թե ինչ առաջարկով եք հանդես գալու» հարցին Ր. Սվաջյանը պատասխանեց. «Այս գործին մեջ առաջարկ ու երկրորդ կարծիք չկա։ Միանշանակ պիտի ըլլա Արամ Խաչատրյանի գրած Խորհրդային Հայաստանի հիրավի շքեղ օրհներգը, անկասկած, փոփոխության ենթարկելով տեքստը»։
Զրույցի ավարտին Ր. Սվաջյանը հայաստանցիներիս համախմբվածության կոչեր հնչեցրեց մշակույթի, ինչու չէ՝ այդ ոլորտը ղեկավարող պաշտոնյաների շուրջ. «Երեւի պիտի ձեր ականջով լսեք, թե դրսում ինչ շռայլորեն կարտահայտվին հայաստանցի արվեստագետներու մասին, մանավանդ, թույլ տվեք առանձնացնել՝ Կոմիտասի կոնսերվատորիայի անունը։ Շիտակ ըսեմ՝ մի խանգարեք մեկմեկու»։
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ