Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊԱՏԵՐԱԶՄ ԿԱՆԱՉ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԴԵՄ

Սեպտեմբեր 04,2004 00:00

Այսպես
է բնութագրում ստեղծված իրավիճակը բնապահպանության նախկին նախարար, այժմ՝
«Հանուն կայուն զարգացման» ասոցիացիայի ղեկավար Կարինե Դանիելյանը:
«Կանաչ տարածքները բացարձա՛կ անխնամ են այսօր,- ասաց Կարինե Դանիելյանը եւ իր գնահատականը հիմնավորեց այսպես:-Երեւանի քաղաքապետարանում եւ թաղապետարաններում տեղի են ունեցել կառուցվածքային փոփոխություններ ու քաղաքապետարանն այդ գործառույթն ամբողջությամբ տրամադրել է թաղապետարաններին: Այգիներն այսօր չունեն տնօրինություն՝ ինչ-որ այլ լուծում են գտել, որի հետեւանքով առհասարակ չի իրականացվում ո՛չ ոռոգում, ո՛չ որեւէ այլ խնամք՝ բացառությամբ Երեւանի մի քանի կանաչ տարածքների: Առհասարակ մոռացել են գազոնների մասին: Եվ քանի որ խնամք չկա՝ հասկանալի է, որ ստեղծվում է հրդեհավտանգ իրավիճակ: Հիմա չենք կարող ապացուցել, թե միտումնավոր են առաջանում հրդեհներ, բայց փորձը ցույց է տալիս, որ այնտեղ, որտեղ տարածքը հրդեհվում է՝ հետո հայտնվում է մի նոր կառույց: Եվ շատ հարմար է կանաչ տարածքները այդպես «պահելը», իսկ հետո ասելը, թե ի՜նչ արած՝ հրդեհ եղավ կամ վերածվել էր աղբակույտի, առնետանոցի ու կարիք կա կառուցապատման: Այս գործընթացն է այժմ լայնորեն իրագործվում հատկապես Երեւանում ու նաեւ Հայաստանի այլ քաղաքներում:

Շատ զարմանալի է Արտակարգ իրավիճակների վարչության, հրշեջ ծառայությունների մոտեցումը, որոնք էլ կատարում են «նախազգուշական այրումներ», որպեսզի չլինեն հրդեհներ: Հասկանում եմ, միգուցե նրանք դրանով փորձում են քաղաքն ապահովագրել հրդեհներից, բայց դա մոտեցում չէ. քաղաքը պետք է ոռոգել, ոչ թե հրդեհել:

Եվս մի քանի այսպիսի տարի, եւ մենք բացարձակապե՛ս կզրկվենք կանաչ տարածքներից: Նախորդ խորհրդարանի գործունության ընթացքում երկու տարի շարունակ անընդհատ ստիպված էի դիմել բնապահպանության հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Գագիկ Թադեւոսյանին, երբ տեսնում էի, որ, ասենք, արդեն հունիսն ավարտվում է, բայց քաղաքը չի ոռոգվում: Նա առաջին անգամ ստեղծեց հանձնաժողով, ուսումնասիրեցինք առկա պատկերը Պերճ Բոշնաղյանի հետ միասին, որից հետո համապատասխան անձինք հրավիրվեցին քաղաքապետարանից եւ սկսեցին ոռոգել կանաչ տարածքները: Երկրորդ անգամ դարձյալ զանգահարեցի, հայտնեցի պրն Թադեւոսյանին, որ դարձյալ կրկնվում է նույն պատմությունը: Ինքը դարձյա՛լ զանգահարեց քաղաքապետարան, եւ կրկին սկսեց ոռոգվել քաղաքը (փաստորեն, որպեսզի տեղական իշխանությունները կատարեն իրենց անմիջական պարտականությունները՝ պարտադիր է, որ օրենսդի՞րը միջամտի նրանց աշխատանքին ու հանձնարարականներ տա.- Ա. Ի.): Բայց ես չեմ հասկանում. մի՞թե անհրաժեշտություն կա, որ խորհրդարանից, կառավարությունից կամ որեւէ այլ տեղից ահազանգեր հնչեն, որպեսզի իրականացվի նվազագույնը, որն անհրաժեշտ է կանաչ տարածքների պահպանման համար:

Հեռուստաեթերով ցուցադրվում է, թե ինչպես են բարձրաստիճան պաշտոնյաները ծառեր տնկում: Բայց հետո ոչ ոք չի խնամում դրանք: Խնդրեմ՝ Խանջյան փողոցում տնկեցին ընտիր տնկիներ: Ես այդտեղ եմ ապրում եւ տեսնում եմ՝ գոնե մեկ անգամ չեն ոռոգել: Սանմաքրման մեքենան ամեն օր անցնում է՝ ջրելով ասֆալտը: Ես քանի՜ անգամ դիմել եմ Կենտրոնի թաղապետարան եւ խնդրել, թե գոնե մի անգամ էլ ասֆալտը մի ջրեք՝ ծառերը ջրեք: Հնարավոր բան չէ:

Ուղղակի պատերազմ է հայտարարված կանաչ տարածքներին: Եվ մեր բոլոր ջանքերը, որ փոխվի այս իրավիճակը՝ դեռ արդյունք չեն տվել: Բայց Երեւանն այս կիսաանապատային գոտում պարզապես չի կարող գոյատեւել առանց կանաչ տարածքների: Եվ մարդիկ արդեն զգում են կլիմայի փոփոխությունն ու նաեւ՝ թե ինչքան է փոշին ավելացել Երեւանում: Չեմ հասկանում՝ էլ ի՞նչ է պետք, որ հասկանան, թե իրենք կտրում են այն ճյուղը, որի վրա նստած են»:

Պատրաստեց
Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել