Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՐԿՐԻ ԹԹՎԱԾԻՆՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է»

Սեպտեմբեր 04,2004 00:00

«ԵՐԿՐԻ ԹԹՎԱԾԻՆՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է»

«Այս երկրի թթվածինն ավարտվել է վաղուց»,- երեկ «Առավոտին» ասաց
Ազգային առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը: Իսկ
դրա ամենավառ օրինակը համարում է հայերի՝ օլիմպիական խաղերում պարտությունը
եւ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» միջոցառումների շարանը:
«Խնդիրն այն է, որ օլիմպիական խաղերը Հայաստանի, որպես երկիր, բարոյաքաղաքական, բարոյահոգեբանական, տնտեսական արտացոլումն էին: Երկրում գործառույթները բնական հունից դուրս են եկել, եւ ամեն ինչ դարձել է ֆորմալ: 4-5 տարի երկրի նախագահի հետ մեկտեղ սպորտային տարերքի մեջ էին, արդյունքը տեսանք: Չի կարող լինել մեկ ազգ, մեկ մշակույթ՝ ընդամենը մի քանի աղջիկ գան էստեղ վազվզեն, քոչարի պարեն ու դա համարեն ազգային մշակույթ»: Պրն Հովհաննիսյանը հավելեց նաեւ, որ այս տարվա առաջին կիսամյակում ներդրումների ցուցանիշները հարեւան երկրներում՝ 2,4 մլրդ դոլար՝ Ադրբեջանում, 2 մլրդ՝ Վրաստանում, Հայաստանում այս պաշտոնական թիվը դեռեւս չի հրապարակվել, սակայն Հ. Հովհաննիսյանը կասկած չունի, որ մի օր էլ «տնտեսական փուչիկը» կպայթի՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով:

Ինչ վերաբերում է իշխանափոխության բուն գործընթացին, պարոն Հովհաննիսյանն ընդդիմությանն առաջարկում է ի հակակշիռ իշխանական բուրգի՝ ստեղծել ընդդիմության բուրգ, որին մասնակից կլինեն հասարակության բոլոր շերտերը. «Չի կարելի միայն ամեն օր նարդի խաղալիս դժգոհել իշխանությունից, հասարակությունը պետք է հասկանա, որ պասիվ դժգոհությունը արդյունք չի տալիս: Ընդդիմությունն էլ պետք է նոր, ավելի ռացիոնալ, ծրագրային դառնա: Իշխանավորների մեծամասնությունն էլ ժամանակին կարգին մարդիկ էին, հիմա էլ, կարծում եմ, դեռ չեն վարակվել փող, կոռուպցիա կոչվող հիվանդություններով եւ վաղ թե ուշ կհասկանան, որ նախագահն էլ, կոալիցիան էլ ժամանակավոր են»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել