Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ցանկանում է հավերժացնել իր իշխանությունը»

Սեպտեմբեր 04,2004 00:00

Սահմանադրական փոփոխությունների մասին գնահատական է տալիս Շավարշ Քոչարյանը

Իշխանություն ներկայացնող քաղաքական որոշ ուժերի ներկայացուցիչներ անգամ անհանգիստ են (համենայնդեպս՝ նման տպավորություն են ստեղծում) նախագահականից ստացած այն հրահանգով, թե սահմանադրական փոփոխությունների տարբերակում առայժմ հարկավոր է ձեռնպահ մնալ անցումային դրույթների քննարկումից։ Ըստ էության այդ անցումային դրույթները ներառված էլ չեն առաջարկված փոփոխությունների փաթեթում։ «Արդարություն» խմբակցության անդամ Շավարշ Քոչարյանն այս մասին հատուկ դիտարկում ունի. «Սա ամենակարեւոր հարցերից է. զարմանալի է, որ անցումային դրույթները ներկայացնող ամբողջ գլուխը չկա. ի դեպ, դա հակասում է նաեւ բուն օրենսդրական տեխնիկային։ Այսպիսի նախագիծ չպետք է ներկայացվեր, որովհետեւ ամբողջ գլուխը բացակայում է։ 2003 թ. հանրաքվեի դրված տարբերակում այդ դրույթները կային, թող դրանք ներկայացնեին, հետո՝ քննարկեին»։

Շավարշ Քոչարյանը նկատեց, որ հանրաքվեով կարող են փոփոխվել Սահմանադրության անցումային դրույթները։ Այսինքն՝ թեպետ այդ դրույթները չեն ներկայացված, բայց ակնհայտորեն այնքան են կարեւորվել, որ դեռեւս չեղած ու չքննարկված բանը արդեն որոշվել է անցկացնել հանրաքվեով. «Այստեղից էլ երեւում է, որ այդ դրույթներում լինելու են քաղաքական նշանակության լուրջ հարցեր, եւ այդ հարցերից մեկն էլ նախագահի պաշտոնավարման ժամկետը երկարացնելն է։ Կարծում եմ, կա երկու ցանկություն՝ նախագահի պաշտոնավարման ժամկետը երկարաձգել եւ տարածել գործող նախագահի վրա (ԱԺ-ի համար արվում է, ինչո՞ւ նախագահի համար չարվի), եւ դրանից բացի՝ ընդհանրապես կարող են գրել, որ նախագահի՝ երկու անգամ առաջադրվելու մասին սահմանափակումը փոփոխությունների կապակցությամբ չի գործում»։ Շավարշ Քոչարյանի դիտարկմամբ, սահմանադրական փոփոխություններով նախագահին տրվում են այնպիսի լիազորություններ, որոնք չկան ո՛չ գործող Սահմանադրության, ո՛չ էլ հանրաքվեի դրված տարբերակում. «Իսկ ո՞ւմ համար է դա արվում։ Եթե Ռոբերտ Քոչարյանը արդեն հաշտվել է, որ գնալու է, ապա ավելի բնական կլիներ, որ սահմանադրական բարեփոխումներ աներ եւ ոչ թե տաներ դեպի բռնապետություն։ Կամ պետք է ենթադրել, որ կա մի գերհզոր անձ, որի համար Քոչարյանը անում է մի բան, որ իր համար չէր անում, կամ էլ, ավելի տրամաբանական է ենթադրել, որ ինքը ցանկանում է, այսպես ասած՝ հավերժացնել իր իշխանությունը»։ Սակայն նկատենք, որ կոալիցիայի անդամները, երբ նրանց հարցնում ենք նախագահի երրորդ առաջադրման մասին, զարմանում են. «Դուք իրո՞ք հավատում եք, որ նման բան կլինի»։ Ուրեմն, ինչպե՞ս է հնարավոր նախագահի պաշտոնավարման ժամկետի երկարաձգումը կամ երրորդ առաջադրումը, երբ դաշնակցականները, հանրապետականները եւ ՕԵԿ-ը հայտարարում են, թե նման բան չկա։ Շավարշ Քոչարյանի բացատրությունը սա է. «Քաղաքական գործիչների համար կա ձեռնտու լինելու հանգամանքը։ Վերը նշվածը, իհարկե, կոալիցիային ձեռնտու չէ, բայց եթե այդպիսի որոշում կայացվի, այդ նույն ուժերը քրտնաջան կաշխատեն այդ ուղղությամբ։ Ես ուշադրություն եմ դարձրել, որ մի առիթով «Ժողպատգամավոր» խմբի քարտուղար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է, որ պետք է երկարացնել նախագահի լիազորությունների ժամկետը։ Ամեն դեպքում կգտնվեն մարդիկ, ովքեր այդպիսի առաջարկություններ կանեն, եւ ես խիստ կասկածում եմ, որ կոալիցիան ճակատ կտա այդպիսի առաջարկությունների դեմ»։

Շավարշ Քոչարյանին խնդրեցինք փաստարկել իր այն պնդումները, թե սահմանադրական փոփոխություններում նախագահի լիազորությունները ավելացել են։ Ի պատասխան Շ. Քոչարյանը ներկայացրեց մի վերլուծություն, որին կանդրադառնանք առաջիկայում։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել