Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԵՍ ՀԺԿ-ԻՑ ԵՐԲԵՔ ԴՈՒՐՍ ՉԵՄ ԳԱ»

Սեպտեմբեր 04,2004 00:00

Խոստանում
է Գրիշա Վիրաբյանը
Հինգշաբթի «Առավոտին» տված հարցազրույցում ՀԺԿ վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Ստեփան Զաքարյանն անդրադառնալով այն հարցադրմանը, թե՝ «ՀԺԿ-ի որոշ անդամների վկայակոչելով՝ գնահատականներ են հնչում, որ ձեր կուսակցությունն իր անդամներին լավ չի պահում», մասնավորապես Գրիշա Վիրաբյանի առնչությամբ հայտարարել էր. «Ինչ վերաբերում է Գրիշա Վիրաբյանին, ապա հստակ ասվեց, որ իրեն եւ բոլորին, ովքեր օգնության կարիք են ունեցել, ՀԺԿ-ի ղեկավարությունը ցուցաբերել է օգնություն՝ ուժերի ներածին չափով։ Եթե այդ մարդիկ դա բավարար չեն համարում, ի՞նչ ասեմ։ Ուրեմն պիտի դառնան իշխանություն, որ ավելի հարուստ կերակրամանից օգտվեն։ Եթե մարդը դժգոհ է, ուրեմն հույս ունի ավելի հարուստ կերակրամանից օգտվել, որը միայն իշխանությունն ունի»։

Գ. Վիրաբյանն էլ, զրուցելով մեր թերթի թղթակցի հետ, այս հայտարարությանը հակադարձեց հետեւյալով. «Ուզում եմ արձանագրել, որ այդ հարցի մասին խոսում են մարդիկ, ովքեր ամառվա այս շոգին չգիտես որտեղ եւ ինչ պայմաններում հանգստանալուց հետո վերադարձել են քաղաքականություն եւ սկսել են խոսել: Բայց խոսելուց առաջ պետք է մտածել, տեսնել, թե՝ ով ինչ է արել, եւ ովքեր գիտեն, թե ինձ ռեալ ինչ օգնություն է ցուցաբերվել: Ինձ օգնել են իմ փաստաբանները եւ որոշ մարդիկ: Ինչ վերաբերում է հարուստ կերակրատաշտից օգտվելուն, ապա ես ինքս 2000 թվականին իմ ոչ համեստ նպաստն եմ բերել ՀԺԿ-ում կերակրատաշտ ստեղծելուն, որից նաեւ ինքը՝ Ստեփան Զաքարյանն է օգտվել: Ոչ ինձ հետ կատարված դեպքից առաջ, ոչ դրանից հետո ես ցանկություն չեմ ունեցել կերակրատաշտից օգտվել: Ինձ կասկածում են մարդիկ, ովքեր Վանո Սիրադեղյանի ձեռքի հացը կերած ու դավաճանած մարդիկ են, եւ դա բնական է:

Ու ամենակարեւորը. իրենք զարմանում են, թե ինչպես իմ դեմ հարուցված քրգործը կարճվեց: Իրենք չգիտեն, թե երեք ամիս շարունակ ես ինչ զրկանքներ եմ կրել, ինչպես եմ մենակ պայքարել: Դա միայն լրագրողներն են տեսել: Ես եմ հասարակական կարծիք ստեղծել իմ անձի շուրջ։ Ընդդիմադիր ոչ մի պատգամավոր իմ մասին չի խոսել»:

– Որքան գիտեմ Դուք մինչեւ վերջերս էլ եղել եք ՀՀ վարչապետի աշխատակազմում, որտեղից հետո Ձեզ հեռացրել են: Դուք այն ժամանակ կերակրատաշտին մոտ լինելու կամ իշխանությունների հետ աշխատելու հնարավորություն չունեի՞ք:

– Ես այդ թեման զարգացնել չեմ ուզում: Փոխարենը ինձ արդեն մեկ անգամ ՀԺԿ-ից ապօրինաբար հեռացրել են դեռ 2003-ի ընտրություններից անմիջապես հետո, երբ ես բարձրաձայնեցի ընտրությունների ժամանակ որոշ մարդկանց ծախու լինելու մասին: Եվ կարողացա վերականգնվել կուսակցությունում, որովհետեւ բոլորին ապացուցեցի, որ ես ճիշտ եմ: Իսկ ընտրությունների կազմակերպչական աշխատանքները թերի էին, ու դրա համար էլ իշխանությունները կարողացան այդ կարգի թվեր արձանագրել: Այսօր էլ ես կուսակցության անդամ եմ եւ պայքարելու եմ նրանց դեմ, ովքեր ուրիշի արյունը լոզունգ են դարձնում՝ ցույց տալու համար, թե իրենք կան քաղաքականության մեջ:

– Մամուլում հրապարակում եղավ, թե Դուք ՀԺԿ-ից դուրս գալու դիմում եք ներկայացրել եւ սպասում էիք դրա քննարկմանը: Ի՞նչ եղավ այդ դիմումի ճակատագիրը:

– Դիմում չի եղել: Ես ահազանգ եմ հնչեցրել: Եթե պարզվի, որ ես մենակ եմ, նոր միայն դիմում կգրեմ: Ամեն ինչ սկսվեց դրանից: Ես ՀԺԿ-ից երբեք դուրս չեմ գա: Ես Ստեփան Դեմիրճյանի, մյուս տղաների հետ ճանապարհ եմ անցել: Ես ապրիլի 12-ին նրանց հետ էի Բաղրամյան պողոտայում. դա չեմ մոռանա:

– Դուք ասացիք, թե ՀԺԿ-ի ներսում եք պայքարելու: Ո՞ւմ եւ ինչի՞ դեմ:

– Եթե նման կարգի միջադեպեր լինեն, երբ մարդիկ դատավորի դեր ստանձնեն, ես իրենց պատասխանը կտամ:

– Այնուամենայնիվ, Ձեր ահազանգին ՀԺԿ-ում արձագանքե՞լ են:

– Ես հանդիպել եմ կուսակցության նախագահին, որն, ի դեպ, իմ գործում արել է արտաքնապես չերեւացող հատվածը, այսինքն՝ օգնել է ապահովելու քաղաքական, դիվանագիտական կորպուսի արձագանքը, կապ է ստեղծել ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար պարոն Պրյախինի հետ, հանդիպում է կազմակերպել Լարիսա Ալավերդյանի հետ: Ես նրա հետ խնդիր չունեմ: Ես ինքս դիմել եմ նրան եւ համարժեք օգնություն ստացել նրանից, իսկ մնացածները նույնիսկ իմ փոխանցած խնդրանքը տեղ չեն հասցրել:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել