Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ ՏԱՐԵՑՆԵՐԸ

Սեպտեմբեր 03,2004 00:00

ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ ՏԱՐԵՑՆԵՐԸ Հուլիս-օգոստոս ամիսներին թերթին ուղղված նամակների թիվը համեմատաբար քիչ էր, թերեւս՝ արձակուրդային շրջանի պատճառով։ «ԽՍՀՄ տարիներին զարմանում էինք, որ Մոսկվայում երիտասարդները տրանսպորտում տեղ չէին տալիս նույնիսկ հղիներին։ Եվ հպարտանում էինք, որ մերոնք էդպիսին չեն։ Բայց վերջին տարիներին ամեն ինչ փոխվել է։ Նույնիսկ մետրոյի գնացքում հաշմանդամների ու երեխաների համար նախատեսված տեղերը զբաղեցնում են պատանիները՝ անտարբերությամբ նայելով ոտքի վրա մնացած տարեցներին»,- տհաճ երեւույթից բողոքում է հաշմանդամ Էլիտա Մխիթարյանը։ Նրան (եւ ոչ միայն նրան) վրդովեցրել է նաեւ վարորդների արհամարհական վերաբերմունքը անվճար երթեւեկության վկայական ունեցող ուղեւորների նկատմամբ։ Բացի այդ, «երբ մի թոշակառու փորձում է հասնել շարժվող ավտոբուսին կամ տրոլեյբուսին՝ արագ քշում են, որ չհասնի, մտածելով, որ վճարող չէ»։ Ասվածին ավելացնենք, որ մարդկանց անտարբերությունն այնքան է մեծացել միմյանց հոգսի նկատմամբ, որ նման դեպքերում վարորդին դիտողություն անող նույնիսկ չի գտնվում։ Մեկ այլ նամակում նույն հեղինակն անդրադառնում է վերգետնյա էլեկտրատրանսպորտի «անհետանալու» խնդրին, ինչի պատճառով մայրաքաղաքը գյուղատիպ քաղաքի տեսք է ստացել, էկոլոգիայի վիճակն էլ դարձնելով ճգնաժամային։ Հանրային նշանակության մեկ այլ խնդրի՝ անապաստան երեխաների դաստիարակությանն է անդրադարձել «Ուտիքի կանայք» ՀԿ-ն. «Մենք Բերդում ուզում ենք ստեղծել մանկական կենտրոն, որտեղ նման երեխաները կխաղան, դաս կսովորեն եւ կպատրաստվեն դպրոցին»։ Սակայն բարի ցանկությունն իրագործելու համար բարերարներ դեռ չեն գտնվել։ Թափառաշրջիկ են դառնում ոչ միայն երեխաները, այլեւ մեծերը. 66-ամյա Ռազմիկ Գրիգորյանն անտուն է դարձել բանտարկության տարիներին՝ կնոջ եւ դատական մարմինների հանցավոր համաձայնության արդյունքում։ Տարբեր ատյաններով անցնելուց հետո էլ ամեն ինչ մնացել է անփոփոխ։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել