Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես գիտեմ Փարաջանովի ճաշակը»

Սեպտեմբեր 03,2004 00:00

«Ես գիտեմ Փարաջանովի ճաշակը» Պնդում է Ս. Փարաջանովի տուն-թանգարանի տնօրենը Վերջերս իրանցի մտավորական, Ս. Փարաջանովի արվեստի երկրպագու Ժանեթ Լազարյանը «Առավոտին» տված հարցազրույցում հայտարարել էր, թե Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը շահարկում է աշխարհահռչակ ռեժիսորի ու կոլաժիստի անունը: Տիկ. Լազարյանը պնդում էր, որ թանգարանում այնքան շատ են օտար իրերը, որ հաճախ այցելուները սխալմամբ դրանք վերագրում են արվեստագետին: Ժ. Լազարյանի կարծիքը այնքան զայրացրեց պրն Սարգսյանին, որ նա հայհոյեց աշխարհի բոլոր կանանց, իսկ Ժանեթին տգետ անվանեց: «Ամբողջ աշխարհը գովում է մեր թանգարանը, Ռուսաստանի մշակույթի նախկին նախարար Յուրի Շվիդկոյը այն համարում է աշխարհում՝ իր տեսած լավագույն թանգարաններից մեկը, իսկ ինչ-որ Ժանեթ Լազարյան առանց հասկանալու թերթերին հարցազրույցներ է տալիս»,- նեղացավ պրն Սարգսյանը: Թանգարանի տնօրենը պարզաբանեց, որ Ժ. Լազարյանի դժգոհությունը հարուցած աթոռները դրված են սրահներում, որպեսզի տարեց այցելուները հոգնելու դեպքում նստեն. «Որովհետեւ հաճախ մարդիկ նստում են հենց Փարաջանովի աթոռներին, ու ստիպված ենք լինում զգուշացնել, որ դրանք ցուցանմուշներ են»: Ժ. Լազարյանի դժգոհությունը վերաբերում էր նաեւ թանգարանում տեղ գտած ժամանակակից սփռոցին: Այս առնչությամբ էլ պրն Սարգսյանն ասաց. «Ես ժամանակին Փարաջանովին նման սփռոց նվիրել եմ, որը իրեն դուր էր եկել, հիմա էլ սփռոցը թանգարանում է: Ես 12 տարի շփվել եմ Փարաջանովի հետ եւ հրաշալի գիտեմ նրա ճաշակը: Ժանեթ Լազարյանն ի՞նչ է հասկանում Փարաջանովից: Նա ապրում է Պարսկաստանում, ուր ամեն օր նույն ձեւով հագնված մարդիկ է տեսնում, նա ի՞նչ ճաշակ պիտի ունենա»: Ս. Փարաջանովի տուն-թանգարանի տնօրենն ասաց, որ Ժ. Լազարյանի «զայրույթի» տակ իրականում այլ բան կա, նա այլ նպատակներ է հետապնդում, թե ի՞նչ, չկամեցավ փակագծերը բացել: Պրն Սարգսյանը հաստատեց, որ իսկապես թանգարանում բազմաթիվ են իրերը, որոնք առաջին հայացքից Փարաջանովի հետ կապ չունեն, սակայն դրանք կամ արվեստի բացառիկ նմուշներ են, կամ կարեւոր նշանակության նվիրատվություններ: «Այստեղ բուֆետ կա, որ իրականում Փարաջանովինը չի, բայց անգամ իր քրոջ որդին բացում է այն ու ասում, որ իրենց տան հոտն է առնում: Նույնը կարող եմ ասել Ռոբերտ Էլիբեկյանի նվիրած շրջանակի մասին: Անգամ Փարաջանովի մտերիմները կարծում են, թե տեսել են Փարաջանովի տանը՝ կախված: Իրականում այդ շրջանակը Փարաջանովը չի էլ ունեցել: Թանգարանում մի մանկական զգեստ կա, որ գեներալ Մադաթովի ընտանիքն է նվիրել, հաստատ Փարաջանովը կգժվեր, եթե էդպիսի իր տեսներ: Նա նաեւ կուզենար ունենալ արգենտինահայ Ղարագյոզյանների ընտանիքի նվիրած պղնձյա բացառիկ պնակները»,- շարունակեց ցուցանմուշները ներկայացնել թանգարանի տնօրենը: Նա ցույց տվեց նաեւ թանգարանում տեղ գտած Ղարաբաղից բերված գորգը, որի վրայի հայատառ արձանագրությունը վկայում է դրա 100-ամյա վաղեմության մասին: «Հաճախ մեր թանգարան են գալիս այլ երկրներից ժամանած դիվանագետներ ու քաղաքագետներ, ես երբեք նրանց չեմ ասում՝ Ղարաբաղը մերն է, փոխարենը ցույց եմ տալիս հինավուրց գորգն ու ասում, որ սա Փարաջանովին հիվանդանոցում նվիրել են մի խումբ ղարաբաղցիներ»,172 տեղեկացրեց պրն Սարգսյանը: Նա հիշեցրեց, որ իրենց թանգարանը բացվել է ամենածանր տարին՝ 1991172ին, «երբ ամեն ինչ թալանվում էր էս երկրում, ու էդ օրվանից երբեք չի փակվել»: Իսկ այս տարի արդեն 6500 այցելու են ունեցել: Ափսոսեց, որ մշակութային օջախները նույն ձեւով են հարկվում, ինչպես ռեստորանը, խանութը, գործարանը: Եվ սա այն դեպքում, երբ պետությունը արդեն 10 տարի ոչ մի թանգարանի ցուցանմուշներ գնելու գումար չի տրամադրել: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել