Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ ԻՆՁ ՉԻ ՀՈՎԱՆԱՎՈՐԵԼ»

Սեպտեմբեր 03,2004 00:00

«ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ ԻՆՁ ՉԻ ՀՈՎԱՆԱՎՈՐԵԼ» Պնդում է պատգամավորության թեկնածու Արայիկ Հայրապետյանը – Պարոն Հայրապետյան, ինչպե՞ս եք գնահատում թիվ 44 ընտրատարածքի պատգամավորական ընտրությունները անվավեր ճանաչելու ԿԸՀ որոշումը: – Եթե նայենք որպես հաղթանակի՝ շատ ուրախ եմ, իսկ մյուս կողմից տխուր եմ, որովհետեւ շատ մեծ աշխատանք էր արվել: Լուրջ աշխատանք էր կատարվել, եւ ես հաղթել էի. հաղթանակը չգրանցվեց: Շատ շնորհակալ եմ մեր թիմից, որը անձնվեր աշխատեց: Ուղղակի մարդիկ մի քիչ տարակուսած են, որ մեր այսքան աշխատանքը չի գրանցվել. կոչ եմ անում բոլորին, որ չհիասթափվեն, էլի գան, քվեարկեն: Բոլորը գիտեն, որ մենք հանձնաժողովներում տեղ չունենք՝ հարաբերակցությունը 8:0 է: Այդ պարագայում ես ոչինչ անել չեմ կարող, վստահված անձը կանգնում է տասը մետր հեռու, ի՞նչ կարող է անել: Պարզապես ցավալի է, որ «Արմենիա» ՏՎ-ն այս քանի օր է՝ զբաղված է ինձ վարկաբեկելով, քանի որ Արտեմ Սարգսյանի կինը Արտակի մորաքույրն է: – Բայց չէ՞ որ ձեր թիկունքին կանգնած է հանրապետության ամենաազդեցիկ անձանցից մեկը՝ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Նման հովանավորի առկայությունը բավական չէ՞, որ խնդիրներ չունենաք: – Ամբոջ քարոզարշավի ժամանակ բոլորը, այդ թվում՝ ձեր թերթը, անընդհատ շահարկել են, որ ես ունեմ նման հովանավոր. խնդրում եմ որեւէ փաստ բերեք, որ Աղվան Հովսեփյանն ինձ հովանավորել է: – Դուք «Նիգ-Ապարան» միության անդամ եք, որի պատվավոր նախագահը Աղվան Հովսեփյանն է, եւ այդ միությունը միշտ շեշտել է, որ կանգնած է ձեր թիկունքին: Ավելին՝ շատերը պնդում են, թե ընտրությունների ընթացքում ընտրատեղամասերում դատախազության աշխատակիցները գործուն ներկայություն են ունեցել: Դա բավարար փաստ չէ՞: – «Նիգ-Ապարանը» 32 հազար գրանցված անդամ ունի, եւ իրոք ես այդ 32 հազար մարդու աջակցությունը ունեմ, ես դա չեմ թաքցնում: Երկրորդ փուլում մեր միությունը էլ ավելի ոգեւորված է գործելու, միջոցները չի խնայելու ինձ օգնելու համար՝ դա բացահայտ եմ ասում: Ինչո՞ւ այդ 31 999-ին մի կողմ եք թողնում եւ անընդհատ տալիս Աղվան Հովսեփյանի անունը: Իսկ հովանավորություն եղել է մյուս թեկնածուի համար՝ ՕԵ կուսակցության կողմից. կուսակցության նախագահի, պատգամավորների այցելությունը տարածաշրջան, ընտրողներին համոզելը, բոլոր գյուղապետերից մարզպետի միջոցով կոնկրետ ձայների քանակ պահանջելը: Դա էր հովանավորությունը: Իսկ հիմա, խնդրեմ, ասեք՝ Աղվան Հովսեփյանը որեւէ անգամ որեւէ մեկի հետ հանդիպե՞լ է, նման բան արե՞լ է: – Բայց նա էլ ձեզ իր ղեկավարած կառույցի միջոցով է պաշտպանել. դատախազության անդամները մտել են ընտրատարածք այն ժամանակ, երբ ձայների հաշվարկ էր ընթանում, եւ կանգնեցրել են պրոցեսը: Իսկ դա կոպիտ խախտում էր: – Ես ունեմ տեսաձայնագրություն, որը ցանկացած պահի կարող եմ ցուցադրել, թե ինչպես է եղել այդ միջադեպը: Մի շաբաթ առաջ «Ազգային միաբանության» կողմից եղավ հայտարարություն, որ այդ տեղամասի հանձնաժողովի իրենց անդամը հեռացվել է կուսակցությունից՝ կեղծիքների կատարման համար: Կեղծիքների համար հեռացրին, բայց մնաց հանձնաժողովի մեջ: Պատահական չէ, որ հենց այդ տեղամասում մտածում էինք, որ լինելու է խախտում, եւ եղավ: Կա կենդանի մարդը՝ մեր վստահված անձը, որը տեղում լցոնելու փորձ կատարելիս բռնել է, եւ կա դրա տեսագրությունը: Ես դա մի օր եթերում ցույց կտամ՝ որպես սենսացիա: Երեւում է, թե ոնց է նա տեղից թռչել՝ խախտելով 10մ սահմանը՝ վստահված անձերի համար նշված, վերցրել է թերթիկները, ոնց են իրեն փորձել համոզել, գումարներ են խոստացել, բայց նա այդ երկու հարյուր թերթիկը, որ Արտակ Սարգսյանի օգտին ստորագրված հանել են սեյֆից, գրկել է, պահել, չի տվել: Հաշվառումը կանգ է առել՝ ի՞նչ աներ: Մեր շտաբին ներս չէին թողնում, ոչ մի տեսակի կապ չենք ունեցել, չենք իմացել՝ ի՞նչ է կատարվում ներսում: Ուղղակի այլ մարդկանց միջոցով իմացել ենք, որ ցանկացել են խլել ձեռքից, փորձել են համոզել՝ չի ստացվել. մարդը տեսել է, որ ոչ մի բան չի կարող անել, դիմել է դատախազություն: – Այդ ո՞նց է հաջողացրել այդ պահին դատախազություն դիմել: – Դիմել է օրգաններին, տեսել է՝ ոստիկաններ կան, գոռացել է, ասել է՝ խնդրում եմ, մարդ ուղարկեք, ուզում են լցոնել: Բա ի՞նչ աներ: Եվ մտել են միայն այդ մի տեղամասը, ընդամենը քսան րոպեով, առգրավել են թերթիկները, արձանագրել են, գնացել: Ինձ էլ են հրավիրել դատախազություն, մյուս կողմին էլ են հրավիրել: Իսկ իրենք ասում էին՝ թող չմտնեին, թող շարունակեինք, այդ թղթերն էլ հետը հաշվեինք, վերջացնեինք, հետո նոր մտնեին դատախազությունից: Ոնց որ գողին բռնելու ժամանակ ասեն՝ թող գողություն անի, հետո կբռնենք: – Բա նման անարդար պայմաններում ո՞նց եք պատրաստվում պայքարել երկրորդ փուլում: – Պահանջելու եմ, որ գոնե երկու կուսակցություն ինձ պաշտպանի, եթե չէ… – Չեք մասնակցի՞: – Չէ, մասնակցելու եմ անպայման, բայց եթե էս անգամ էլ նույն ձեւով լինի, անկառավարելի բան կդառնա: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ Հ. Գ. «Առավոտը» դիմել է Արտակ Սարգսյանին՝ «պատասխան հարցազրույցի» ակնկալիքով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել