Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԹԻՎ 44-Ի ԴԱՍԵՐԸ

Սեպտեմբեր 03,2004 00:00

ԹԻՎ 44-Ի ԴԱՍԵՐԸ Ինչպես է ընդդիմությունը բացատրում իր անգործությունը Վերջին ընտրություններում՝ տեղական ինքնակառավարման մարմինների՝ Արտաշատի քաղաքապետի ու Շենգավիթի թաղապետի, ինչպես նաեւ Կոտայքի մարզի թիվ 44 ընտրատարածքում՝ ԱԺ մեծամասնական ընտրակարգով, մրցապայքարն ընթանում էր բացառապես իշխանական տարբեր թեւերի՝ ՏԻՄ ընտրություններում՝ ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի, իսկ ԱԺ ընտրություններում՝ «Օրինաց երկրի» եւ ՀՀ գլխավոր դատախազի միջեւ: Ընդդիմությունը ՏԻՄ ընտրություններում իր պասիվությունը պատճառաբանեց նրանով, թե՝ այդ մակարդակում որեւէ բան չի որոշվում, համակարգային փոփոխություններ անել հնարավոր չէ, ուստի իրենք անիմաստ են համարել դրանց մասնակցել: Ինչ վերաբերում է Եղվարդի ընտրություններին, ապա այստեղ ժամանակին առաջադրված «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Խաչիկ Սիմոնյանը հետագայում իր թեկնածությունը հանեց միայն այն պատճառաբանությամբ, որ թիվ 44-ում «գործում են նույն անօրինական եւ արտաքաղաքական մեխանիզմները, հասարակության կարծիքը ստորադասվում է վարչական ռեսուրսի եւ ընտրակաշառքի տոտալ կիրառմանը, քաղաքական պայքարն իր տեղը զիջել է ապօրինի իշխանության տարբեր խմբավորումների կլանային գզվռտոցին»: Դեպքերի ընթացքը ցույց տվեց, որ այս ամենը իրականություն է, բայց անհասկանալի մնաց, թե ինչու գոնե ԱԺ ընտրություններում ընդդիմությունը չուզեց պայքարել, նշված արատները վեր հանել, ստուգել տարածքային կազմակերպությունների «մարտունակությունը»: Այն, որ ընդդիմությունը ոչ միայն որեւէ կերպ չարձագանքեց թիվ 44-ում տեղի ունեցած խայտառակ ընտրություններին, իր քաղաքական գնահատականը չտվեց, այլեւ ընտրական հանձնաժողովներում ներգրավված իր անդամներին, լռելյայն համաձայնությամբ, թույլ տվեց համալրել ընտրակեղծիքներ անողների շարքերը, թույլ է տալիս ենթադրել, որ այդ ընդդիմությունը սկզբունքորեն այնքան էլ դեմ չէ ընտրակեղծիքին, եթե դա իր դեմ չի արվում: Ասել է թե՝ այս ընդդիմության միակ նպատակը անձերի փոփոխությունն է: Իշխանությունները իրենց մենթալիտետով իսկապես ի վիճակի չեն արդար ընտրություններ անցկացնել, եթե անգամ ընդդիմությունը չլինի: Պարզվում է՝ նրանք ոչ թե ընդդիմությունից, այլ սեփական կլանի բարեկեցությունը կորցնելուց են ամենաշատը վախենում: Թերեւս հենց այդ է պատճառներից մեկը, որ ընդդիմության որոշ գործիչներ ակնարկում էին, թե մասնավորապես թիվ 44 ընտրատարածքում ընտրություններին չեն խառնվում, որ իշխանությունն ինքն իրեն ուտի: Հիշյալ «ինքնակերությունն» իսկապես տեղի է ունենում։ Կոալիցիոն ուժերից յուրաքանչյուրն իր խաղն է փորձում խաղալ՝ իր կշիռն ու դերը ներքաղաքական «կայունության» համատեքստում ընդգծելու համար, ինչպես դա ժամանակ առ ժամանակ անում են ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՕԵԿ-Ը: ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն էլ, որի անունը վերջերս ավելի հաճախ է սկսել քաղաքական շրջանակներում շրջանառվել որպես Ռոբերտ Քոչարյանի ամենահավանական հետնորդի, փորձում է ԱԺ-ում սեփական թիմ ձեւավորել: Շատ բնական է՝ մեր երկրում ստեղծված իշխանական կառավարման համատեքստում. այդպես են վարվում Ռ. Քոչարյանը, Ա. Մարգարյանը, Ս. Սարգսյանը եւ ուրիշներ։ Հիմա նա փորձում է իր կլանը՝ ապարանյան, որ հիմնականում կենտրոնացած է «Ժողպատգամավորում», համալրել գործարար Արայիկ Հայրապետյանով: Խաղի կանոններն այս են, ընդդիմությունն էլ դեմ չէ: Բանն այն է, որ տակավին պարզ չէ, թե ընդդիմությունն ինչպես է պատրաստվում իշխանափոխություն անել, երբ իշխանությունների վերաբերմունքը, մասնավորապես՝ վստահության հանրաքվե անցկացնելու հարցում հստակ բացասական է: Կրկին հանրահավաքներ հրավիրել ընդդիմությունը չի կարող, որովհետեւ 2003-ի նախագահական ընտրությունների ժամանակ շուրջ 100 հազարանոց հանրահավաքներն ու հասարակության տված հզոր կապիտալը՝ վստահությունը, արդեն փոշիացված են։ Ընդդիմադիր գործիչները ջանք չեն գործադրում իրենց նախաձեռնությամբ (լրագրողը հարցնի՝ կպատասխանեն, կդատապարտեն) արձագանքել ՀՀ-ում ոչ միայն մարդու իրավունքների ոտնահարման աղաղակող փաստերին՝ Հյուսիսային պողոտայի բնակիչներին տեղահանելուն, նախարարի որդու ակնհայտ անօրինական դատավարությանը, լրագրողի դեմ կատարված ոտնձգությանը, այլեւ հետամուտ չեն լինում իրենց իսկ նախաձեռնած հանրահավաքների արդյունքում քրեական պատասխանատվության ենթարկվածների գործերին: Իսկապես, ի՞նչ հետամուտ լինելու բան կա որ. Էդգար Առաքելյանը երեւի շուտով 1/3-ով ազատ արձակվի, Գրիշա Վիրաբյանին չեն դատի, Արտակ Գաբրիելյանը թեեւ դատապարտվել է, բայց ազատության մեջ է եւ այլն: Փոխարենը ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանին ԱՄՆ-ում լավ են ընդունել։ Ընդդիմությունն այսօրվա անգաղափար, անլուրջ, ու իր անվերջ «որոշիչ» հանրահավաքներով դատապարտված է ընդամենը զգոն պահել հասարակությանը՝ եւ սպասել նոր՝ 2008-ի ընտրություններին: Ով գիտե, գուցե այն ժամանակ իր վաստակած ձայներին տեր կանգնելու հարցում ավելի հետեւողական ընդդիմություն ձեւավորվի, քան այսօրվանն է, գուցե այն ժամանակ ընդդիմության առաջնորդն էլ Ստեփան Դեմիրճյանը չի լինի: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել