Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԶԲԱՂՄՈՒՆՔ Է

Սեպտեմբեր 03,2004 00:00

Օղակաձեւ
զբոսայգում կառուցվող սրճարանը լուսանկարահանածներին պարզել էին շատ արագ՝
ըստ մեքենայի համարների, ըստ ամենայնի՝ ոչ առանց իրավապահների օժանդակության:

Բնապահպանության նախկին նախարար, այժմ՝ «Հանուն կայուն զարգացման» ասոցիացիայի ղեկավար Կարինե Դանիելյանի հետ տեղի ունեցած այս միջադեպը կատարվել է շուրջ երկու տարի առաջ: Այդ տարի մեր երկիրը վավերացրեց Օրհուսի համաձայնագիրը (այն վերաբերում է հասարակության մասնակցությանը բնապահպանական նշանակություն ունեցող որոշումների կայացմանը): «Դրանից շուրջ մեկ շաբաթ անց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը Ծաղկաձորում կազմակերպել էր տարածաշրջանային համաժողով, ուր պիտի քննարկվեր Օրհուսի համաձայնագրի գործադրումը մեր երկրում,- պատմեց տիկին Դանիելյանը:- Ու մեր կազմակերպության անդամների հետ վերադառնում էինք մի միջոցառումից, երբ անցնելով Օղակաձեւ զբոսայգու մոտով՝ Ամերիկյան համալսարանի բիզնես-կենտրոնի դիմաց տեսանք, թե ի՜նչ մեծ հիմք է փորվում: Քաղաքապետարանի հետ մեր բոլոր վեճերում եղել է նույն երկխոսությունը՝ մենք ասել ենք, որ այգին վերածվում է կառույցների, նրանք պատասխանել են, թե դրանք շատ թեթեւ կառույցներ են, որոնք կարող են տեղափոխվել, տեղաշարժվել, չեն վնասի էկոհամակարգին եւ այլն: Մեր տեսածը բնավ չէր վկայում «թեթեւ կառույցի» մասին, քանի որ այնպիսի՜ հիմք էր փորվում՝ կարծես պիտի կառուցվեր մի հսկայական, բարձրահարկ շենք: Որոշեցինք նկարել, հետներս տանել Ծաղկաձոր եւ քննարկման ժամանակ ցույց տալ, մանավանդ որ՝ պետք է ներկա լինեին նաեւ քաղաքապետարանի ներկայացուցիչները: Մեր կազմակերպության անդամներից ոմանք իջան մեքենայից, լուսանկարեցին, եւ հենց այդ պահից այդ կառույցում աշխատող մարդիկ սկսեցին հայհոյանքներ տեղալ մեր հասցեին: Շատ արագ վերադարձանք մեքենա: Մեր ետեւից դեռ շարունակում էին հնչել հայհոյանքները: Տուն վերադարձանք: Ղեկին իմ բարեկամն էր, որ մեքենան կանգնեցրեց ավտոտնակում: Ես դեռ իմ բնակարան չէի հասել՝ հարեւանի տանն էի, այդ ընթացքում եկել էին զինված մարդիկ, զենքը պահել բարեկամիս վրա, վերցրել լուսանկարչական սարքն ու ժապավենը: Նրան տարել էին իրենց հետ եւ սպասեցրել այնքան, մինչեւ ժապավենը երեւակել, համոզվել էին, որ դա հենց այդ ժապավենն է, ու նոր վերադարձրել լուսանկարչական սարքը»:

Մեր հարցին, թե ովքե՞ր էին այդ զինված մարդիկ՝ Կարինե Դանիելյանը պատասխանեց այսպես. «Եթե շաբաթ օրով հնարավոր է եղել մեքենայի համարներով 30-45 րոպեի ընթացքում պարզել բնակարանը՝ ուրեմն հասկանալի է, որ նրանք հասարակ մարդիկ չէին»: Այսինքն՝ կասկածում է Ազգային անվտանգության ծառայությա՞նը կամ որեւէ այլ ուժային կառույցի՞. «Չեմ կարող ասել: Երեւի իրավապահ մարմինները պետք է եղած լինեին: Ես հետո չեմ կարողացել ճշտել, թե ովքեր էին այդ մարդիկ»: Մեր դիտարկմանը, թե այս հանելուկը շատ պարզ լուծում ունի՝ ուղղակի պետք էր ճշտել, թե ում կառույցի հիմքն էր նկարահանվել, տիկին Դանիելյանն արձագանքեց այսպես. «Երբ սկսեցի գործադիր իշխանության տարբեր ոլորտներում պատմել այդ դեպքի մասին՝ ամեն կողմից ինձ խնդրում էին ձայն չհանել՝ «բարձրաստիճան մարդիկ են՝ իրավապահ մարմիններից», եւ զգուշացնում, թե այս ամենը կավարտվի նրանով, որ ինձ կա՛մ Հայաստանից դուրս կքշեն, կա՛մ էլ իրոք կվառեն, կոչնչացնեն»: Նա այժմ էլ չտվեց այդ կառույցի տիրոջ անունը, ուղղակի մեր՝ եւս մի ճշտող հարցին՝ նա պաշտոնյա՞ է, թե՞ գործարար, պատասխանեց. «Պաշտոնյա»:

Նշենք, որ Կարինե Դանիելյանն առաջին անգամ էր այս ամենի մասին պատմում տպագիր մամուլին: «Ճիշտն ասած, սկզբում ուզում էի շատ մեծ աղմուկ բարձրացնել, առավել եւս, որ հաջորդ օրը մեկնում էի Ծաղկաձոր, դրա նախորդ օրը հյուրընկալել էի ամերիկյան դեսպանատան ներկայացուցիչներին, եւ խոսում էինք բնապահպանական խնդիրների մասին, թե Օրհուսի համաձայնագիրը ստորագրելուց հետո Հայաստանն ինչպես է լուծելու դրանք: Բայց բարեկամներս խնդրեցին, համոզեցին, որ ձայն չհանեմ, քանի որ ուղղակի անհանգստանում եւ վախենում էին երեխաների համար»: Այս պատասխանից հետո այլեւս հռետորական էր հնչում մեր այն հարցը, թե չէ՞ր դիմել իրավապահ մարմիններին: «Ո՛չ, չեմ դիմել,- ասաց տիկին Կարինեն:- Եվ փաստորեն ո՛չ մեկի չեմ դիմել: Պարզապես իմ ընկերներից մի քանի պատգամավորի զանգահարեցի այդ երեկո եւ որոշեցի, որ եթե լինի որեւէ շարունակություն՝ նոր մեծ աղմուկ կհանեմ: Իսկ ես շարունակում էի խոսել Օղակաձեւ զբոսայգու կառույցների մասին»:

Կարինե Դանիելյանը օգոստոսի 10-ին Երեւանի 38 հասարակական կազմակերպություններ միավորող «Էկոլոգիական հասարակական դաշինքի» խորհրդի հետ համատեղ դիմել է ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանին՝ ահազանգելով Երեւանի կանաչ տարածքների վիճակի, ավելի ստույգ՝ անկանոն կառուցապատման հետեւանքով դրանց անխնա ոչնչացման մասին: Սակայն այս մասին ավելի մանրամասն՝ վաղվա համարում:

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
Հ. Գ. Իսկ երեկ ավարտվեց օգոստոսի 24-ին Ծաղկաձորում լրագրողների
մասնագիտական գործունեության խոչընդոտման եւ խուլիգանության փաստի առիթով
հարուցված քրեական գործի նախաքննությունը, որն ուղղակի ռեկորդային էր՝ հարուցվեց
դեպքի հաջորդ օրն իսկ, կատարողը բացահայտվեց մեկ օրում եւ այժմ Նուբարաշենի
մեկուսարանում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել