Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՊՖՆ-Ն ԿՄԵԿՆԻ ՄԱՐԶԵՐ

Սեպտեմբեր 02,2004 00:00

ՀՊՖՆ-Ն ԿՄԵԿՆԻ ՄԱՐԶԵՐ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի 2004-05թթ. համերգաշրջանը, որի բացումը տեղի կունենա սեպտեմբերի 3-ին, խոստանում է լինել հագեցած։ ՀՊՖՆ-ի տնօրենի պաշտոնակատար Ռուզաննա Սիրունյանը «Առավոտին» հայտնեց. «Այս համերգաշրջանում ֆիլհարմոնիկը կունենա արտագնա համերգներ Հայաստանի տարբեր մարզերում։ Հենց սեպտեմբերից կվերաբացվի Դպրոցականի ֆիլհարմոնիան, դեսպանատներում կանցկացվեն համերգ-զրույցներ։ Հոկտեմբերին նախատեսվում է «Ավետ Տերտերյան-75» փառատոն, որի շրջանակներում հայ ունկնդիրը կհանդիպի ջութակահար Ժան Տեր-Մերգերյանին (Ֆրանսիա), դիրիժորներ Մուրադ Անամամեդովին (Ռուսաստան), Էքեհարդ Քլեմին (Գերմանիա)։ Հայաստանում կհյուրընկալվեն ճանաչված դաշնակահարներ Ալեքսեյ Լյուբիմովը (Ռուսաստան), Դեյվիդ Ֆիլիպսը (ԱՄՆ), թավջութակահար Սուրեն Բագրատունին (ԱՄՆ), ալտահար Հարտմուդ Ռոդան (Գերմանիա), դիրիժորներ Անդրեաս Քլայնը (Գերմանիա), Դեյվիդ Դեւիսը (Մեծ Բրիտանիա) եւ այլք»։ Նվագախմբի հետ հանդես կգան հայաստանցի անվանի արվեստագետներ։ Ըստ Ռ. Սիրունյանի, համերգային ծրագրերը կազմելիս ուշադրություն է դարձվել հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարմանն ու պրոպրագանդմանը։ Կհնչեն Ա. Խաչատրյանի, Տ. Մանսուրյանի, Ա. Սաթյանի, Ս. Ռոստոմյանի, Վ. Աճեմյանի, Գ. Հովունցի եւ այլոց երկերը։ «Դեկտեմբերին ունենք հայաստանյան պրեմիերա։ Համերգային կատարմամբ կներկայացվի Պուչինիի «Տուրանդոտ» օպերան»,- տեղեկացրեց Ռ. Սիրունյանը։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել