Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍՐԲԱՊՂԾՈՒԹՅՈՒՆ՝ ԵԿԵՂԵՑՈՒ ԲԱԿՈՒՄ

Սեպտեմբեր 02,2004 00:00

ՍՐԲԱՊՂԾՈՒԹՅՈՒՆ՝ ԵԿԵՂԵՑՈՒ ԲԱԿՈՒՄ Օրերս հեռուստաընկերություններից մեկի «թաքնված տեսախցիկն» իր նկարահանումները կազմակերպել էր Սուրբ Սարգիս եկեղեցու բակում, այն պահին, երբ ներսում պսակադրություն էր: Սցենարի համաձայն, դերասաններ հարսն ու փեսան բակում ծեծկռտուք էին կազմակերպել: Վերջիններս միմյանց հասցեին վիրավորանքներ եւ հայհոյանքներ էին հնչեցրել՝ նպատակ ունենալով ստուգել իսկական հարսանքավորների արձագանքը: Ականատեսների հավաստմամբ, ծեծկռտուքը տեսնելով՝ իսկական հարսը սրտի նոպա է ունեցել եւ ստիպված են եղել շտապօգնություն կանչել: Այս միջադեպը մի խումբ հոգեւորականներ քննադատել են: Երեւույթը նաեւ քննարկման առարկա դարձավ երեքշաբթի երեկոյան՝ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարանի Սուրբ Սարգիս եկեղեցու երիտասարդաց միության անդամների համար «Մարդու իրավունքները», «Եկեղեցու դերը իրավական դաշտում» թեմաներով կազմակերպած դասախոսության ընթացքում: Իրավաբանական կրթությամբ հոգեւորական հայր Զավեն աբեղա Հակոբյանը կատարվածը «սրբապղծություն» որակեց, համոզված լինելով, որ եկեղեցու բակում զավեշտական նկարահանումների հեղինակները «եկեղեցուց այնքան են հեռացել, որ կարող են իրենց նման բան թույլ տալ: Եկեղեցին սուրբ կառույց է, մարդիկ գալիս են այստեղ Աստծո հետ հաղորդակցվելու եւ հանկարծ նման միջադեպի են առնչվում: Դա սրբապղծություն է»: Հայր Զավենի կարծիքով, եկեղեցու իրավունքները ոտնահարելու պատճառներից մեկն էլ այն է, որ «մեր սահմանադրությունում չի խոսվում եկեղեցի-պետություն հարաբերությունների, մարդու կրոնական զգացումների մասին: Ի տարբերություն Իսպանիայի, Իռլանդիայի, Հունաստանի սահմանադրությունների, որտեղ ուշագրավ ձեւակերպումներ կան մարդ-Աստված փոխհարաբերությունների մասին կամ պետության ուղղակի բարյացակամ դիրքորոշումը եկեղեցու նկատմամբ»: Լեզվաբան, հասարակական գործիչ Գայանե Մարկոսյանը խոսելով մարդու իրավունքներից, նկատեց. «Ինչպես Աստվածաշնչյան 10 պատվիրանները մեզ համար չեն կարող լինել ձեւական փաստաթուղթ, որովհետեւ մենք դրանք կրում ենք մեր մեջ, այնպես էլ մարդու իրավունքների պաշտպանությունը չպետք է լինի ձեւական: Մենք այդ արժեքները պետք է կրենք մեր մեջ եւ ըստ այդմ հարգենք դիմացինի իրավունքները»: Դատապարտելով եկեղեցու բակում կատարվածը, Գ. Մարկոսյանն ասաց. «Դա էլ է մարդու իրավունքների ոտնահարում: Երբ մարդ իրեն տրամադրված հատուկ վայրում Աստծո հետ հաղորդակցվում է՝ որեւէ մեկը իրավունք չունի նրան խանգարել»: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել