Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՐՏԵՂ ՔՇԵԼ «ԲՈՒՐԱՆԸ»

Սեպտեմբեր 02,2004 00:00

ՈՐՏԵՂ ՔՇԵԼ «ԲՈՒՐԱՆԸ» Ֆիզկուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը պնդում է, թե Ծաղկաձորում չկա իրեն պատկանող տարածք: Մինչդեռ ծաղկաձորցիները մատնացույց էին անում ինչպես «Ծաղկահովիտ» ճամբարը, այնպես էլ Ծաղկաձորի լեռնադահուկային դպրոցի մարզադահլիճի տեղում կառուցվող ռեստորանը՝ որպես Իշխան Զաքարյանի սեփականություն: Ավելի ստույգ՝ «Առավոտի» աղբյուրները նշում են, թե տվյալ ռեստորանը գրանցված է պրն Զաքարյանի աներձագի որդու՝ Լեւոնի անունով: Այս տեղեկությունը ստացանք արդեն նրա հետ զրույցից հետո, որի ընթացքում «Ծաղկահովիտ» ճամբարի մասին հիշատակությանը Իշխան Զաքարյանն արձագանքեց հարցով, թե որտե՞ղ է այդ ճամբարը, եւ հայտարարեց. «Մեկ միլիմետր հող չունեմ ոչ միայն Ծաղկաձորում, այլեւ ընդհանրապես՝ որեւէ տեղ»: Ըստ նրա՝ Սպորտի պետական կոմիտեն Ծաղկաձորում միայն 3 տարածք ունի. Մարզական բազան, եկեղեցու հարեւանությամբ գտնվող օլիմպիական հերթափոխի բազան եւ ճոպանուղու տարածքը: «Որեւէ մեկը չի կարող գտնել իմ աշխատած տարիների ընթացքում որեւէ հրաման, որոշում կամ համաձայնություն Սպորտբազայի հատվածում սրան-նրան տարածք տրամադրելու վերաբերյալ: Չկա՛ նման բան»,- ասաց նա: Մինչդեռ Մաքսային պետական կոմիտեի եւ ոստիկանության ղեկավարների առանձնատները սահմանակից են հենց Մարզաբազային: Այս մասին մեր հիշեցմանը պրն Զաքարյանն արձագանքեց պարզաբանմամբ, թե այդ առանձնատների տեղում եղել են փայտե տնակներ, եւ 1996 թվականին շրջխորհրդի գործկոմը որոշում է կայացրել դրանց վաճառքի վերաբերյալ. «Դրանից հետո այդ տնակների պահպանության համար հողհատկացումներ են արվել եւ, երբ շրջխորհրդի գործկոմն ավարտել է այդ գործարքները՝ նոր են դրանք փոխանցվել մեզ»: Այժմ այդ առանձնատների առջեւ մի մեծ պատ կա, որն էլ, ըստ պրն Զաքարյանի, հենց Մարզաբազայի հետ սահմանագիծն է. «Պատից աջ ամբողջ տարածքում, խնդրեմ, ուսումնասիրեք՝ կա՞ որեւէ շինարարություն»: Մեր խնդրանքով անդրադարձավ նաեւ իր անվամբ անվանակոչված ճանապարհին: Իշխան Զաքարյանն ասաց, թե քանի որ ծրագիր ունեն ճոպանուղուց տուրիստական նոր երթուղի բերել մինչեւ Մարզաբազա՝ լայնացրել են վաղուց առկա անտառային հին ճանապարհը՝ նաեւ շինարարական աշխատանքները դյուրացնելու համար: Հիշեցնենք Ծաղկաձորի քաղաքապետի պարզաբանումը, թե այս ճանապարհն ունի բնապահպանական, անգամ հակահրդեհային նշանակություն: Ու փոխհակասող այս պնդումներն առավել հաստատուն դարձրին այն վարկածը, թե տվյալ ճանապարհն իրոք բացվել է Ռոբերտ Քոչարյանի «Բուրանի» համար: «Դա «Բուրան» քշելու տեղ չէ,- գործի հմուտ իմացությամբ վկայեց պրն Զաքարյանը:- Արեւկող տեղ է՝ ձմեռը հալվում, դառնում է ցեխ: Նախ՝ այդ պատճառով չի լինի քշել, եւ հետո՝ «Բուրան» քշում են բարից վերեւ, ու դրա համար այնտեղ կա հսկա ճանապարհ»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել