Լրահոս
Օրվա լրահոսը

Թումանյանի ցավը Հայրիկյանին էլ է պատել

Սեպտեմբեր 02,2004 00:00

Թումանյանի ցավը Հայրիկյանին էլ է պատել Երեկ Գիտելիքի օրն էր, եւ Պարույր Հայրիկանի համար ճիշտ ժամանակը՝ եւս մեկ անգամ կռիվ տալու «կոմունիստական ուղղագրության» դեմ: Ժամանակին Հովհաննես Թումանյանն արդի հայերենի ուղղագրության մասին գրել է. «Եթե Խաչատուր Աբովյանը հարություն առներ ու կարդար, թե ինչ ուղղագրությամբ ենք մենք գրում՝ կապշեր, իսկ Մաշտոցն ընդհանրապես կխելագարվեր»: Եվ հիմա Թումանյանի ցավը Հայրիկյանին էլ է պատել, ու իր երեկվա հրավիրած ասուլիսի ողջ ընթացքում ԱԻՄ նախագահը Մաշտոցի ու Աբովյանի վերոնշյալ կերպարանքով բացականչում էր, թե ինչպես կարելի է աստվածային սերն ու կաթի սերը նույն ձեւով գրել: (Դասական հայերենով սերն իբրեւ զգացմունք գրվում է այսպես՝ սէր): Եվ այս «սրբապղծությունն» արվել է, «ինչ է թե՝ Մանուկ Աբեղյանը մի օր երազում մի սխալ է տեսել»: Կամ՝ ինչպես կարելի է արտասանել «յերեկօ», բայց գրել երեկո: «Գիտեմ, վաղը կիսագրագետ համբակները կխոսեն այն բանի մասին, որ դա իրենց ապազգային կիսագրագետ լեզվաբանների խնդիրն է, եւ ինձ կոչ կանեն չխառնվել այդ հարցերին: Սակայն ազգին կարեւորագույն բարձունքներ առաջնորդած կուսակցությունն իր ձեռքբերումների բարձրությունից կոչ է անում գրանցել, որ սովետական խեղագրությունը պաշտպանող բոլոր մասնագետ կոչվածները կամ ազգի դավաճաններ են, կամ այդ դավաճանների ձեռքին՝ տգետ ու ծույլ խամաճիկ»: Դավաճանների անունները Հայրիկյանը խոստացավ տալ դատարանում, Եվրոդատարանում, որտեղ «պիտի հայ թափթփուկներին ստիպեմ չդավաճանել հայ ժողովրդին»: Հայցադիմումը, որում պրն Հայրիկյանն իր բողոքն է արտահայտում առ այն, որ մեր ժամանակակիցներին պարտադրվում է ստալինյան քաղաքականությամբ ընդունված սովետական խեղագրությունը, որը ոչ մի կապ չունի հայ դասական գրելաոճի հետ, առայժմ փաստաբանի մոտ է: Հայցադիմումում Հայրիկյանը նաեւ խնդրում է «Լեզվի մասին» օրենքի ոտնահարման մեղադրանքով պատասխանատվության ենթարկել կառավարությանը, մասնավորապես կրթության նախարարությանը, որովհետեւ օրենքում հստակ է ասված՝ անցնել միասնական ուղղագրության: «Դե փոխեք օրենքը, Սահմանադրության մեջ գրեք՝ Կեցցե~ Ստալինը: Ո~նց կլինի, բոլշեւիկները, Ստալինը մի բան էին ստեղծել, ընկեր Ստալինը: Բա իմ պապը ընկեր Ստալինի նոքարն է եղել, ես ո՞նց դեմ կանգնեմ նրան: Հայրիկյանը Ձեզ կսովորեցնի՛, ինչպես անկախությունը սովորեցրեց, ԱԻՄ-ը ձեզ կստիպի գնալ հանրաքվեի: Այս հարցում էլ կամ մենք որպես ազգ կապրենք, կամ էլ»: ԱԻՄ նախագահն այս համատեքստում հիշեց մի դեպք՝ կապված Ռոբերտ Քոչարյանի հետ, բայց մինչ պատմելը նախ շտապեց ասել, որ «այդ մարդը մեղավոր չի, որ բոլշեւիկյան պայմաններում է ապրել»: Պատմությունը հետեւյալն է. «Երբ նախագահին Մոսկվայից մի թղթակից հարցրեց՝ «Ալիեւը եւ Շեւարդնաձեն կոմունիստ էին, իսկ դուք՝ ոչ, ինչպե՞ս պետք է երկիրը ղեկավարեք»: Եվ նա, փոխանակ ասեր Չերչիլն ու Ռեյգանն էլ, կամ Թետչերն էլ կոմունիստ չէին, ասաց՝ «չէ, չէ, ի՞նչ եք ասում, ես էլ եմ կոմունիստ եղել»: Առիթն օգտագործելով եւ կրակի վրա յուղ լցնելով, պրն Հայրիկյանին հիշեցրինք այս տարվա ընդունելության քննություններում հայոց լեզվի ու գրականության բանավոր քննության աննախադեպ ցածր արդյունքները. «Ելակետը նույնն է՝ ամեն ինչ հետաքրքրում է, բացի հայոց լեզվից»: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել