Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Շարունակում են աշխատել ազգի համար

Սեպտեմբեր 02,2004 00:00

Շարունակում են աշխատել ազգի համար «Ազատ Հայքը» մտավ առաջադիմականների մեջ «Հանուն ամուր պետականության» մաքառող եւ ակնհայտ իշխանամետ հակումներ ունեցող Հայաստանի առաջադիմական կուսակցությունը սեփական ուժերով անցկացրել է սոցիոլոգիական հարցում՝ պարզելու ընդդիմադիրների՝ ԱԺ աշխատանքերը բոյկոտելու վերաբերյալ հասարակության տրամադրվածությունը: Օգոստոսի սկզբին անցկացված հարցման արդյունքները հրապարակվեցին երեկ: Ըստ այդմ, կուսակցության փոխնախագահ Սարգիս Հարությունյանը տեղեկացրեց. «2845 հոգի կողմ են, որ ընդդիմությունը վերադառնա խորհրդարան: Նրանցից 714-ը «ԱՄ» կամ «Արդարություն» դաշինքի մեջ ընդգրկված կուսակացությունների անդամներն են:» Կուսակցության կազմակերպած հարցմանը մասնակցել է Երեւանի եւ Հայաստանի ութ մարզերի 3000 բնակիչ: Չեն հարցվել Սյունիքի եւ Տավուշի բնակիչները, թերեւս մայրաքաղաքից հեռավորության պատճառով: Առաջադիմականների կարծիքով՝ արդյունքները ապշեցուցիչ են եւ ընդդիմադիրներն անսալով հասարակական կարծիքին, պետք է վերադառնան ԱԺ: Նախ որովհետեւ օրենսդիր աշխատանքի համար են քվե ստացել եւ հետո՝ աղմկելով հարց չի լուծվում: Հավանաբար այս տրամաբանությունից ելնելով առաջադիմականները հայտարարում են, որ ընդդիմադիր կեցվածքով քաղաքացիները հիասթափվել են ընդդիմությունից եւ պատրաստ են քայլել առաջադիմականի դրոշի տակ: Մանրամասները առաջադիմականները խոստացան ասել սեպտեմբերի կեսերին՝ յոթ այլ մանր ու միջին կուսակցությունների հետ համատեղ անցկացվելիք հանրահավաքում: Հանրահավաքն անցակցվելու է առանց ավելորդ շքեղության եւ ծախսերի. ով կգա՝ կգա: Նրանք առայժմ ձեռնպահ են մնում «գործընկերների» անունները բարձրաձայնելուց: Հույս էլ ունեն, որ քաղաքապետարանն այս անգամ չի մերժի: Ավետեցին նաեւ, որ հետայսու «Ազատ հայք առաքելություն» կուսակցությունը կգործի որպես հասարակական կազմակերպություն, իսկ քաղաքական գործունեությունը կիրականացնի Առաջադիմական կուսակցության շարքերում: Այդ կուսակցության ղեկավար Ռուբեն Մնացականյանին վերապահված է ՀԱԿ-ի վարչության անդամի երանելի տեղը: Ն. Գ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել