Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Եկեղեցին՝ թատրոնի բակում

Սեպտեմբեր 02,2004 00:00

Ստեփանակերտում բնակվողները մոմ վառելու հնարավորություն ունեն միայն Շուշիում, քանի որ ԼՂՀ մայրաքաղաքում եկեղեցի չկա:

Որպես այդպիսին ծառայում է տեղի Վահրամ Փափազյանի անվան պետական թատրոնը, որի կիսախարխուլ շենքի երկրորդ հարկի միջանցքում ստեղծված են մոմավառության պայմաններ: Բարձրանալով կիսաճոճվող սանդուղքներով, հայտնվում ես գորշ միջանցքում, որի երկայնքով շարված են ավազով լի արկղիկներ: Նույն հարկի մնացած սենյակները տրամադրված է երգի եւ պարի համույթներին: Այնպես որ, փորձերի ժամանակ մոմ կարող ես վառել բավականին ռիթմիկ երաժշտության տակ:

Ստեփանակերտում եւս շատ են աղանդավորները: Իսկ թե ինչու են նրանք մեծ թիվ կազմում, տեղի քահանա տեր Մինաս Մովսիսյանը համարում է բնական եւ ժամանակավոր. «Դրանց դեմ մենք պայքարում ենք արարողություններով: Այնքան հոգս ու խնդիրներ ունենք, որ պայքարի այլ ձեւեր ու ժամանակ էլ չունենք»:

Տեր Մինասն արդեն 10 տարի ծառայում է եկեղեցում: Ունի երեք անչափահաս երեխա, սակայն տուն չունի. «Եթե տուն ու պայմաններ լինեին՝ շատ երեխաներ կունենայի: Նյութականի համար պայքարող չեմ: Եթե դիմեմ՝ կիմանան շահով եմ»:

Ըստ տեր Մինասի՝ շատերն են խոստովանության գալիս. քահանայի կողմից գաղտնիությունն ապահովված է: Գերիշխում են նյութական մեղքերը. «Շփվում եմ շատ մարդկանց, նրանց մեծ մասն աղքատ են: Նույնիսկ շոր առնելու գումար չունեն: Ցավոք, կարողանում եմ օգնել միայն աղոթքներով: Իսկ պաշտոնյաներն այստեղ երբեք չեն եկել, այս վայրի մասին էլ չգիտեն»:

Արդեն երրորդ անգամ փոխվում է Ստեփանակերտի եկեղեցու կառուցման վայրը: Հոգեւորականների կարծիքով, իշխանությունների համար, մեղմ ասած, այդքան էլ հետաքրքիր չէ ԼՂՀ մայրաքաղաքում եկեղեցի կառուցելու գաղափարը: Փոխարենը՝ մեծ թափով վերականգնվում են պատմամշակութային նշանակություն ունեցող, քաղաքից դուրս գտնվող եկեղեցիները, քանի որ այնտեղ կա զբոսաշրջիկների մեծ հոսք:

Ի պատասխան՝ կարելի՞ է արդյոք եկեղեցական արարողություններն անցկացնել թատրոնի շենքում, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանն ասաց, որ նախկինում թատրոնի շենքի փոխարեն եղել է եկեղեցի, որը 1936-ին կոմունիստները քանդել են։ Նա տեղեկացրեց նաեւ, որ եկեղեցական արարողություն կարելի է անել ցանկացած վայրում։ Կարեւորը՝ խաչի օրհնությունն է։

ՀՐԱՉՈՒՀԻ ԵՐԱՆՈՍՅԱՆ
Հ. Գ. Մեր թղթակիցը գտնվում էր ԼՂՀ-ում՝ «Չորրորդ իշխանություն»,
«Հայկական ժամանակ» եւ «Առավոտ» թերթերի համատեղ ակցիայի շրջանակներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել