Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՐՎԵՍՏԻ ՊԱՇՏՈՆԸ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՆ Է

Սեպտեմբեր 02,2004 00:00

Վստահ
է Սվետլանա Նավասարդյանը
Մեր ժամանակների փայլուն դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանի համերգային լարված գործունեությունը, անվերջանալի հյուրախաղերը, Երեւանի կոնսերվատորիայում մանկավարժական աշխատանքը, վարպետության դասընթացները աշխարհի ճանաչված երաժշտական հաստատություններում, թվում է, ամբողջովին կսպառեին արվեստագետի ժամանակը։ Այս ամենին գումարվել է նաեւ մշակույթի նախարարի խորհրդականի նրա նոր աշխատանքը։ Այնուամենայնիվ, դաշնակահարուհին սիրով համաձայնեց զրուցել «Առավոտի» հետ։

– Մշակույթի նախարարը իր առաջին պաշտոնական ասուլիսում հայտարարեց՝ «Հայաստանում պրոֆեսիոնալ ռոյալ չկա» եւ այդ կարծիքը կիսում եք նաեւ դուք։

– Այո։ Մշակույթի նախարարի հետ առաջին իսկ հանդիպման ժամանակ բարձրացրել եմ նոր ու բարձրակարգ ռոյալ գնելու անհրաժեշտության հարցը։ Նախարարը խոստացավ հնարավորինս կարճ ժամանակում կառավարությունում հնչեցնել ու լուծում տալ այդ հարցին։ Հուսով եմ, որ շուտով նոր ռոյալը կզարդարի մեր գլխավոր դահլիճը՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահը։

– Կարելի՞ է ենթադրել, որ ձեր մուտքը մշակույթի նախարարություն՝ հետագայում պաշտոնի տեսք կունենա։

– Ես պաշտոն ունեմ դեռ անցյալ դարից։ Կներեք անհամեստության համար՝ ծննդյանս օրվանից։ Դա արվեստի պաշտոնն է։ Իսկ արվեստի պաշտոնը ազնվացնելն է, բարձրացնելը, թանկացնել այն ամենը, ինչին իջնում է նրա հովանավոր աջը։ Դարձյալ ներողություն խնդրեմ ու շարունակեմ միտքս՝ բոլոր ժամանակների արվեստագետները կռվողներ են եղել մարդու բարձր նպատակի, նրա դժվար ճանապարհի անձնվեր կռվողներ։

– Ձեր խոսքերով, հայաստանցի «անձնվեր կռվողներից» շատերը վերջին տարիներին լքեցին ու շարունակում են լքել հայրենիքը։

– Թույլ տվեք չհամաձայնել «լքել» բառի հետ։ Վերջապես հասկանանք, որ արվեստագետը պետք է ձեւավորվի, աճի մեծ աշխարհի մեջ։ Իսկ վերջին տարիների ձեռք բերած ազատությունը թիվ մեկ նվաճումն է։ Ժամանակին ես ու իմ սերնդակիցները տարիներով ապրել, ստեղծագործել ենք Մոսկվայում կամ ավելի հեռու։ Ի՞նչ է, լքե՞լ էինք մեր հայրենիքը։ Հավատացնում եմ՝ նույնիսկ հանճարեղ արվեստագետը չի կարող մեկուսացված ստեղծագործական գործունեություն ծավալել։ Իսկ կյանքը, ընդհանրապես, փոխհատուցման գործընթաց է. մի բան տալիս ես՝ մյուսը վերցնում կամ հակառակը։ Այս գործընթացը եղել է ու կլինի։ Աշխարհի ցանկացած երաժիշտ ձգտում է իր երկրի սահմաններից դուրս գալ՝ հենց թեկուզ ճանաչողական նկրտումներից ելնելով։ Սա արվեստագետի կենսակերպ է, որ վաղուց քննություն է բռնել եւ վերանայման ոչ մի պահանջ չի հարուցում։ Ուրիշ բան, որ, ասենք, վերջին տարիները մեզ՝ խորհրդային համակարգում ապրած արվեստագետներիս համար անսովոր շրջան է։ Այն տարիներին արվեստը միշտ տալիս էր՝ ոչ վերցնում։ Մանրամասնեմ՝ ֆինանսը ներխուժել է արվեստ, ինչը ողջ աշխարհում վաղուց կանոնակարգված է։ Անկասկած, մեզ մոտ էլ նույնը կլինի, բայց դա այնժամ, երբ գա որակի ժամանակը, որտեղ դրամը ոչ թե կխանգարի, այլ կխթանի։ Այդուհանդերձ, կոնսերվատորիայում արդեն մի քանի միջազգային մրցույթների դափնեկիր ուսանողներ ունենք։

– Դուք որպես ժյուրիի անդամ մասնակցել եք աշխարհի հեղինակավոր մրցույթների։ Ի՞նչ կասեք ընդհանրապես դրանց անաչառության մասին։

– Ընդամենը մեկ նախադասություն՝ որքան մարդկությունը գոյություն ունի, անաչառությունը եղել է եւ կլինի հարաբերական։

Զրուցեց
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
Հ. Գ. Սեպտեմբերի 3-ին՝ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի
2004-05թթ. համերգաշրջանի բացմանը, Ս. Նավասարդյանը հանդես կգա Ռ. Շումանի
դաշնամուրի կոնցերտով։ Ի դեպ, այս կոնցերտի կատարմամբ 1966թ. դաշնակահարուհին,
Գերմանիայի Ցվիրկաու քաղաքում առաջին անգամ մասնակցելով միջազգային մրցույթի՝
դարձել է դափնեկիր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել