Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՎԵՐԱՆՈՐՈԳԵՆՔ, ԿՋԵՌՈՒՑԵՆՔ, ԿԿՐԹԵՆՔ

Սեպտեմբեր 02,2004 00:00

ԿԳ նախարարը, ինչպես եւ մյուս պաշտոնյաները, ապառնի ժամանակով

Երեկ ԿԳ նախարար Սերգո Երիցյանը սեպտեմբերի 1-ի առիթով այցելեց մայրաքաղաքի ֆրանսերեն լեզվի խորացված ուսուցմամբ թիվ 48 եւ Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի Հրաչյա Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոցներ:

Առավոտյան Ս. Երիցյանը Մ. Մանուշյանի անվան թիվ 48 դպրոց հասավ, երբ առաջին դասարանցիների մասնակցությամբ կազմակերպված միջոցառումն արդեն ավարտվել էր, եւ կազմակերպիչները ստիպված եղան միջոցառումը նորից կրկնել, «որպեսզի նախարարը պատկերացում կազմի, թե ինչ սերունդ ունենք, թեկուզեւ ծնողները նրանց մեծացրել են մութ ու ցուրտ տարիներին»: Նոր ուսումնական տարվա կապակցությամբ շնորհավորելով հանրապետության 43 հազար առաջին դասարանցիներին, պարոն Երիցյանը վստահեցրեց, որ այս 43 հազարը լինելու է «իրենց երազած» կրթական սերունդը: Ապա իր պարտքը համարեց փոքրիկներին էլ իրազեկել իրականացվող կրթական բարեփոխումներին, «որոնք նպատակ ունեն մեր դպրոցներում փոխելու կրթության որակը»:

Դպրոցում շրջ

այց կատարելու ժամանակ նախարարին ուղեկցող տնօրենը շտապեց տեղեկացնել, որ թեպետ պետբյուջեից «մի կոպեկի ներդրում իրենց դպրոցում չի կատարվել, բայց կաթսայատունը եւ տանիքը վերանորոգված են»: Իսկ, որ ամենակարեւորն է, թիվ 48 դպրոցը օպտիմալացումը շրջանցել է: Դպրոցում նախարարի հետ հանդիպեցին նաեւ ռումինահայ համայնքի մեկ տասնյակ դպրոցահասակ երեխաներ, որոնք հայրենիք էին եկել հայկական դպրոցների աշակերտների հետ շփվելու եւ սեպտեմբերի 1-ը նրանց հետ նշելու նպատակով:

Վերջիններս Ս. Երիցյանի հետ այցելեցին նաեւ Կոտայքի մարզ: Չնայած արեւն այրում էր՝ Մայակովսկի գյուղի դպրոցում նախարարին աշակերտները բակում էին սպասում, որտեղ էլ կայացավ նրա պատվին կազմակերպած մոտ 20 րոպեանոց միջոցառումը: Ողջույնի ելույթներին ի պատասխան, պարոն Երիցյանը հավաստիացրեց, որ 2-3 տարի հետո «հանրապետությունում չի լինելու մի դպրոց, որի վերանորոգման կամ որի ջեռուցման խնդիրները լուծված չլինեն»:

Ըստ դպրոցի տնօրեն Ռիտա Գրիգորյանի, առաջին անգամ է, որ իրենց կրթօջախը վերադասի կողմից ուշադրության է արժանացել: Թերեւս դա էր պատճառը, որ նախարարի այցից դպրոցի կոլեկտիվը հուզված էր եւ շփոթված: Ակնհայտ էր, որ գյուղի 320 աշակերտ ունեցող դպրոցը վերանորոգման խիստ կարիք ունի, ինչը մեզ հետ զրույցում նշեց Ռ. Գեւորգյանը: Նրա խոսքերով. «Ահավոր վիճակում են դպրոցի սանհանգույցները: Մինչ օրս դպրոցի վերանորոգման համար պետբյուջեից ոչ մի դրամ չի հատկացվել, իսկ մասնակի վերանորոգումները սեփական միջոցներով ենք արել»: Տնօրենից տեղեկացանք, որ այս դպրոցում «ոչ մասնագետ» 4 ուսուցիչ է օպտիմալացվել: Մեր այն հարցին, թե մոտավոր հաշվարկներով այս տարի քանի՞ ուսուցիչ է կրճատվել, նախարարն այդպես էլ չպատասխանեց, ասելով, որ արդյունքները սեպտեմբերի վերջին պարզ կլինեն: Իր այցելած երկու դպրոցների համար Ս. Երիցյանը, որպես նվեր, մարզական գույք եւ գրենական պիտույքներ էր տարել:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել