Ջավախքից
օրերս վերադարձած «Արմատ» կենտրոնի անդամ Ղուկաս Մեհրաբյանը երեկ «Առավոտին»
փոխանցեց իր տպավորությունները:
Ղուկաս Մեհրաբյանը գտնում է, որ Վրաստանը թոթափել է «բոլշեւիկյան լուծը ու իշխանության են եկել իրոք ժողովրդավարներ»: Մեր զրուցակիցը ցավով է ընդգծում, որ հայկական հողի վրա՝ Բավրայից- Երեւան հատվածում յոթ անգամ կանգնեցրել են իրենց վրացական համարներով մեքենան ու ջանացել ինչ-որ կերպով գումար պոկել:
Նրա տպավորությամբ, մեր հարեւան երկիրն այսօր նմանվել է մինչ 90-ականների Հայաստանին. «Ոնց որ այդ երկրի նախագահը Լեւոն Տեր-Պետրոսյանն է, ոստիկանապետն էլ Վանո Սիրադեղյանը: Ամբողջությամբ վերացել է ոստիկանների նախկին՝ ամեն քայլափոխի փող պոկելու սովորույթը: Ջավախքի հայ գյուղացին, որ վերջին 10-15 տարվա ընթացքում չէր կարողանում Թբիլիսիում իր ապրանքը վաճառել, այժմ ոչ մի խոչընդոտ չունի»: Պարոն Մեհրաբյանը փաստում է, որ այդ թվում նաեւ վրացահայերի շրջանում գոյություն ունեցող դժգոհությունը՝ Ռուսաստանի նկատմամբ վրաց իշխանությունների «կոշտ» որակվող քաղաքականությունն ընդամենը վրաց-ռուսական հարաբերությունները պատշաճ մակարդակի վրա դնելն է: Իսկ որ տեղացի հայերի մի մասը բողոքում է Բաքու-Ջեյհան նավթամուղի կառուցման առիթով, մեր զրուցակիցը համարում է «հայերի հետ վատ աշխատանքի արդյունք»: Թե ովքեր եւ ինչ նպատակով են խնդիրը բարձրացնում, Ղ. Մեհրաբյանը դժվարանում է հստակեցնել, սակայն «նավթամուղի ողջ երկարությամբ տեղակայված բնակավայրերի բնակիչները ստացել են բավականին մեծ փոխհատուցումներ եւ չեն դժգոհել»:
Ինչ վերաբերում է հայ-վրացական հարաբերություններին՝ «Եթե մեր իշխանությունները շարունակեն Վրաստանին անընդհատ փնովելու իրենց քաղաքականությունը, դա ոչ մի լավ հետեւանքների չի բերի: Տուժելու է վրացահայությունը»: Պարոն Մեհրաբյանը կարծում է, որ Վրաստանը որդեգրել է ՀՀՇ-ի քաղաքականությունը՝ բոլոր հարեւանների հետ բարիդրացիական հարաբերություններ ձեւավորել: Այժմ Վրաստանն ու Թուրքիան ստորագրել են 800 մլն դոլարի ներդրումների պայմանագիր, որի մեծ մասը նախատեսված է Ղարս-Ախալքալաք երկաթգծի կառուցման համար: Ծրագրի իրականացումը, Ղ. Մեհրաբյանի կարծիքով, անկանխատեսելի հետեւանքներ կունենա Հայաստանի համար:
Ի տարբերություն Վրաստանի, որը մեր զրուցակցի կարծիքով կարողացավ ազատվել միակ՝ բոլշեւիկյան չարիքից, «Հայաստանը երկու չարիք ունի՝ բոլշեւիկներ եւ դաշնակցություն: Եվ վերջինից Հայաստանի ազատվելն ավելի դժվար է լինելու, քանի որ մեզանում դեռ պահպանվում է մտածելակերպը, թե «աջերը» քանդեցին երկիրը: Դա, իհարկե, պրոպագանդայի շնորհիվ է, որից մենք նույնիսկ իշխանություն եղած ժամանակ չէինք պաշտպանվում: Դրանում էլ մեր ու իրենց տարբերությունն է»:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ