ՀԴԿ-Ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է՝ ՀԱՄԱԺՈՂՈՎ
Հայաստանի դեմոկրատական կուսակցության կենտրոնական խորհուրդն իր
երկու նիստերում շարունակաբար քննարկել է ընդդիմության հետագա մարտավարությունը:
Միայն մեկ նիստում խորհրդի 21 անդամներ են ելույթ ունեցել, որոնք փորձել են վերլուծությունների հիման վրա ներկայացնել առաջարկներ հետագա գործողությունների վերաբերյալ: Դրանք ներկայացվելու են «Արդարություն» դաշինքին՝ ըստ ամենայնի, այսօրվա նիստում: Սակայն մի առաջարկ ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանն արդեն իսկ հրապարակեց. «Անհրաժեշտ է անցկացնել միասնական՝ դաշինքի եւ ընդդիմադիր բոլոր ուժերի քաղաքական խորհուրդների, ակտիվների, խոշոր համաժողով, որտեղ նախ պետք է հիշեցվի, թե որոնք են եղել խորհրդարանը բոյկոտելու պատճառները, բացի այդ՝ վերլուծվի, թե ինչ իրավիճակ է ստեղծվել երկրում, տրվի այդ ամենի գնահատականը եւ որոշվի, թե ինչ ռազմավարություն ու մարտավարություն է պետք որդեգրել առաջիկա ամիսներին: Նաեւ հարկ է եւս մեկ անգամ զգուշացնել ժողովրդին (ոչ՝ իշխանություններին), թե ինչ վտանգների առջեւ ենք կանգնած»: Արամ Սարգսյանն առաջարկում է այս համաժողովը գումարել սեպտեմբերի 9-ին կամ 10-ին եւ հավելում, թե կարելի է հրավիրել նաեւ մտավորականության ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին. «Կարծում եմ՝ իրավիճակն այնքան լուրջ է, որ չարժե սահմանափակվել միայն դաշինքով»:
Ա. Ի
Հ. Գ. Երեկ էլ ՀԺԿ քաղխորհրդի եւ ակտիվի նիստում քննարկվեցին կուսակցության
եւ «Արդարություն» դաշինքի մարտավարությանը վերաբերող հարցեր: Ըստ ՀԺԿ լրատվության
պատասխանատու Ռուզան Խաչատրյանի, նիստում հնչել են տեսակետներ, թե «ընդդիմությունն
առավել պիտի բազմազանեցնի իր գործողությունները՝ ուղղված գլխավոր նպատակին՝
սահմանադրական կարգի վերականգնմանը: Ըստ ՀԺԿ ակտիվի՝ այս փուլում պետք է
պարբերական հանդիպումներ անցկացվեն Հայաստանի ամբողջ տարածքում»: