Ահաբեկչության նոր ալիք
«Ըստ էության, մեզ պատերազմ են հայտարարել, եւ վախենամ, թե մետրոյի
«Ռիժսկայա» կայարանի պայթյունը վերջին ահաբեկչական ակտը չէ». ցավոք, Ռուսաստանի
պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովի այս խոսքերի ճշմարտացիությունն ապացուցվեց
շատ ավելի արագ, քան կարելի էր ենթադրել:
Երեկ առավոտյան զինված ահաբեկիչների մի խումբ գրավել է Հյուսիսային Օսեթիայի Բեսլան կոչվող բնակավայրի թիվ 1 դպրոցն այն պահին, երբ հարյուրավոր մարդիկ՝ դպրոցի աշակերտները, նրանց ծնողներն ու ուսուցիչները, հանդիսավորապես նշելիս են եղել Գիտելիքի օրը: Ըստ ստացվող տեղեկությունների, պատանդի կարգավիճակում է հայտնվել մոտ 400 մարդ, որից 200-ը՝ երեխաներ: Երեկվա դրությամբ, այսպես կոչված, «շահիդների գոտիներ» կրող ահաբեկիչներն ամբողջ շրջագծով ականապատել էին դպրոցն ու սպառնում էին պատանդների հետ միասին պայթեցնել այն, եթե իշխանությունները ազատ չարձակեն ավելի վաղ Ինգուշեթիայում տեղի ունեցած մեկ այլ ահաբեկչական ակտի ձերբակալված գրոհայիններին:
«Վերջին օրերին Ռուսաստանն ուղղակի այրվում է ահաբեկչության բոցերի մեջ». եվրոպական թերթերից մեկում զետեղված այս գնահատականն, ըստ էության, առավել քան դիպուկ է բնութագրում այդ երկրում տիրող ներկայիս իրավիճակը: Երեք սարսափելի ահաբեկչական գործողություն՝ ընդամենը 8 օրվա ընթացքում: Դժվար է այսպիսի նախադեպ գտնել ահաբեկչությունների ողջ պատմության մեջ: Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին պայթեցվեցին ռուսական երկու մարդատար ինքնաթիռներ՝ պատճառ դառնալով 90 մարդու մահվան: Երկու օր առաջ ենթադրաբար ահաբեկիչ-ինքնասպանները հզոր պայթյուն առաջացրին Մոսկվայի մետրոպոլիտենի «Ռիժսկայա» կայարանում: Հետեւանքը՝ 10 զոհ, մի քանի տասնյակ վիրավոր: Եվ ահա նոր՝ հանդուգն գործողություն Հյուսիսային Օսեթիայում, որը նույնպես ուղեկցվել է զոհերով: Երեկ ռուսական լրատվամիջոցները լուրեր էին հաղորդում այն մասին, թե Մոսկվայի ոստիկանությունն ահազանգ է ստացել առաջիկա օրերին մայրաքաղաքի Արբատ թաղամասում իրականացվելիք գործողությունների մասին:
Դիտորդները հակված են ահաբեկչական ալիքի այս աննախադեպ ակտիվացումը պայմանավորել Չեչնիայում տեղի ունեցած նախագահական ընտրություններով: Նման կարծիքներ են շրջանառվում նաեւ եվրոպական ու ամերիկյան մամուլում:
Սրանով հանդերձ, պետք է նկատել, որ վերջին շրջանում ահաբեկչության նոր՝ հուժկու ալիք է ահագնանում ոչ միայն Ռուսաստանում, այլեւ ողջ աշխարհում: Ընդ որում, ինչպես եւ բնորոշ է այդ երեւույթին, զուգահեռաբար լղոզվում են գործողությունների գաղափարախոսական հիմնավորումներն ու կորչում են տրամաբանության վերջին նշույլները: Այսօր գրեթե ողջ մուսուլմանական աշխարհը հանդես է գալիս Իրաքում պատանդ վերցված ֆրանսիացի երկու լրագրողներին ազատ արձակելու օգտին: Փաստենք, որ Ֆրանսիան իրաքյան պատերազմի ամենաերդվյալ հակառակորդներից էր (եւ է): Իսկ ռուսաստանյան ահաբեկիչներն արդեն սպանում են ոչ միայն ռուսներին, այլեւ կովկասյան հարեւան ժողովուրդների ներկայացուցիչներին:
ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ